Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.                 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

11 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված ՀՀ քրեակատարողական օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) սահմանված են կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցների տեսակները և դրանց կիրառման կարգը։

Մասնավորապես՝ համաձայն Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգն ու պայմանները խախտելու համար համար կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) տեսակցության իրավունքի սահմանափակում.

4) հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում.

5) տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում.

6) տեղափոխում պատժախուց՝ մինչև 10 օր ժամկետով։

Համաձայն Օրեսնգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգը և պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսակցության իրավունքի սահմանափակում.

4) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում.

5) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում.

6) մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք:

Համաձայն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) մինչև մեկ ամիս ժամկետով զրկել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու իրավունքից.

4) մինչև մեկ ամիս ժամկետով զրկել տեսակցության իրավունքից.

5) մինչև 15 օր ժամկետով տեղափոխել պատժախուց:

Վերը շարադրված իրավական նորմերից բխում է, որ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները կարող են արտահայտվել այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման կամ այդ իրավունքից ժամանակավորապես զրկման տեսքով։

Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ Օրենսգրքով չեն նախատեսվել հատուկ կարգավորումներ, որոնք կվերաբերեին դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման իրավական հիմքերին և կարգին։ Այլ կերպ՝ Օրենսգրքով չեն տարանջատվել տույժի կիրառման ընթացքում դատապարտյալի՝ այլ անձանց և մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման հիմքերը, մինչդեռ այդպիսի տարբերակված և առանձնահատուկ մոտեցումը բխում է միջազգային նորմերով սահմանված չափանիշներից։

Այսպես՝

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի 24.1 կետի համաձայն՝

«Բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձևերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց և դրսի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեսակցել թվարկված անձանց հետ։»։

Նույն հանձնարարականի 604 կետի համաձայն՝

«Տույժի միջոցները չպետք է ներառեն ընտանիքի հետ շփման բացարձակ արգելք։»։

Հիշյալ կանոնի մեկնաբանության համաձայն ընտանիքի հետ կապ պահպանելու սահմանափակումները կարող են կիրառվել որպես տույժի միջոցներ, սակայն ոչ որպես բացարձակ արգելքներ։ Բացի այդ, այդպիսի տույժի միջոցները կարող են կիրառվել միայն այն դեպքերում, երբ խախտումը վերաբերում է ընտանիքի հետ հաղորդակցմանը։

Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ վերանայված կանոնների (Նելսոն Մանդելայի կանոնների) 43-րդ կանոնի 3-րդ կետի համաձայն՝

«Կարգապահական տույժերը կամ սահմանափակող միջոցները չպետք է ներառեն ընտանիքի հետ շփման արգելք: Ընտանիքի հետ կապի միջոցները կարող են սահմանափակվել միայն սահմանափակ ժամանակահատվածով և բացառապես անվտանգության ու կարգի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:»։

Ելնելով վերոգրյալից՝ պետք է արձանագրել, որ ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։ Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ Օրենսգրքով չեն նախատեսվել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեին ազատությունից զրկված անձանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս վերջինների մերձավոր ազգականների հետ հաղորդակցության բացարձակ սահմանափակման հնարավորությունները։

Սույն համատեքստում հատկանշական են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում տեղ գտած հետևյալ տվյալները

«(...) «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի ընթացքում ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառված տույժի միջոցների վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ ազատությունից զրկված անձանց նկատմամբ հեռախոսակապի կամ տեսազանգի իրավունքից, ինչպես նաև տեսակցությունից զրկելու ձևով տույժի միջոց կիրառելու պայմանում սահմանափակվել է վերջիններիս՝ իրենց ընտանիքի անդամերի հետ կապ ունենալու հնարավորությունը:

Հատկանշական է, որ ուսումնասիրված դեպքերում չի հիմնավորվել ազատությունից զրկված անձի իրավախախտման և ընտրված տույժի միջոցի միջև պատճառահետևանքային կապը և այն հանգամանքը, թե ինչու միայն ազատությունից զրկված անձի և վերջինիս ընտանիքի հետ հաղորդակցության սահմանափակմամբ է հնարավոր քրեակատարողական հիմնարկում ապահովել պատժի կատարման կարգը և անվտանգությունը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ազատությունից զրկված անձանց համար արտաքին աշխարհի հետ կապը չափազանց կարևոր է, և վերջիններս առաջին հերթին պետք է հնարավորություն ունենան պահպանելու հարաբերություններն իրենց ընտանիքների և մերձավոր ազգականների հետ, ինչը դրականորեն կանդրադառնա նաև վերասոցիալականացման գործընթացի պատշաճ կազմակերպման համար:

(...)»[1]:

Ավելին, 2025 թվականին կայացած՝ Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) իրականացումը մշտադիտարկող կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) 82-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը։ Արդյունքում Կոմիտեի կողմից ընդունվել են Եզրափակիչ դիտարկումներ, որոնցով Հայաստանին տրվել են հանձնարարականներ։ Մասնավորապես՝ Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ Հայաստանի «օրենսդրության համաձայն՝ ընտանիքի անդամների հետ շփումը կարող է սահմանափակվել կարգապահական պատժամիջոցների արդյունքում՝ հավանաբար միջազգային ստանդարտների խախտմամբ», և արձանագրել, որ պետությունը պետք է «զերծ մնա որպես կարգապահական պատիժ ընտանիքի այցելությունների և նրանց հետ շփվելու մասով սահմանափակումներ կիրառելուց՝ համաձայն Նելսոն Մանդելայի կանոնների՝ ապահովելով, որ այդպիսի շփումների մասով սահմանափակումները կիրառվում են միայն սահմանափակ ժամկետով և հույժ անհրաժեշտ են անվտանգության և կարգը պահպանելու տեսանկյունից»։

Վերոգրյալի հիման վրա առաջարկվում է Օրենսգրքի 47-րդ, 54-րդ և 106-րդ հոդվածները լրացնել համապատասխանաբար 21-րդ, 21-րդ և 31-րդ կետերով՝ սահմանելով, որ տեսակցության, հեռախոսակապից, ինչպես նաև տեսազանգից օգտվելու իրավունքին առնչվող տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվել է պատժախցում գտնվելու ընթացքում դատապարտյալին տեսակցություններից, հեռախոսակապից, տեսազանգից օգտվելու իրավունքից զրկելու հնարավորություն՝ անհրաժեշտ է վերը շարադրված հիմնավորումներով նշված հոդվածը լրացնել 41-րդ մասով՝ նախատեսելով նույնանման կարգավորում։

12 Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) 21-րդ Ընդհանուր զեկույցում արձանագրվել է

«Բանտարկյալին մյուս բանտարկյալների հետ շփումից զրկելը կարող է օրենքով նախատեսված նախատեսված սովորական կարգապահական ընթացակարգի շրջանակներում կիրառվել՝ որպես ամենախիստ կարգապահական պատիժ: Գիտակցելով նման տույժին բնորոշ վտանգները՝ երկրները սահմանում են այն առավելագույն ժամկետը, որի ընթացքում այն կարող է կիրառվել: Դա կարող է տատանվել ամենաքիչը մի քանի օրից մինչև աառավելագույնը մեկ ամիս կամ դրանից ավելի: Որոշ երկրներ թույլատրում են բանտերի տնօրեններին սահմանել որոշակի առավելագույն ժամանակահատված՝ դատական մարմիններին հնարավորություն ընձեռելով սահմանելու ավելի երկար ժամկետներ: Երկրների մեծամասնությունը, բայց ոչ բոլորը, արգելում են մեկուսի բանտարկության ձևով իրար հաջորդող պատիժներ նշանակելը:

Հաշվի առնելով մեկուսի բանտարկության պոտենցիալ չափազանց վնասակար հետևանքները՝ ԽԿԿ-ն համարում է, որ համամասնության սկզբունքը պահանջում է, որպեսզի այն կիրառվի որպես կարգապահական պատիժ միայն բացառիկ դեպքերում և որպես վերջին միջոց, ընդ որում, հնարավոր ամենակարճ ժամանակահատվածի ընթացքում: Եվրախորհրդի անդամ շատ պետություններում միտում կա առավելագույնս նվազեցնել մեկուսի բանտարկության՝ որպես պատժի հնարավոր ժամկետը: ԽԿԿ-ն համարում է, որ որոշակի խախտման համար առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի 14 օրը, իսկ նախընտրելի է և ավելի քիչը: Բացի դրանից, պետք է արգելել իրար հաջորդող կարգապահական տույժերի կիրառումը, ինչը հանգեցնում է նրան, որ մեկուսի բանտարկության անընդմեջ ժամանակահատվածը գերազանցում է սահմանված պատժի առավելագույն ժամկետը: Բանտարկյալի կողմից կատարված ցանկացած իրավախախտում, ինչը համարվում է, որ պահանջում է ավելի խիստ պատժամիջոցների կիրառում, պետք է դիտարկվի քրեական արդարադատության համակարգի շրջանակներում:»։

Հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրների ներպետական օրենսդրություններում ներկայումս արդեն իսկ նախատեսվել են ԽԿԿ-ի վերը նշված ուղենիշային չափանիշներին համապատասխանող ժամկետներ։ Օրինակ՝ Ֆինլանդիայի քրեակատարողական օրենսդրությամբ մեկուսի պահելը որպես տույժի միջոց կարող է կիրառվել առավելագույնը 14 օր ժամկետով։ Միևնույն ժամանակ Ռումինիայի օրենսդրությամբ որպես այդպիսի ժամկետ է սահմանվել 10 օրը։

Վերը շարադրվածի կապակցությամբ պետք է արձանագրել, որ Օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված է կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք նշանակելու հնարավորություն։ Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի պատժախցում: Օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված է ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց մինչև 15 օր ժամկետով պատժախուց տեղափոխելու հնարավորություն։ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել քսան օրից ոչ ավելի: Վերոգրյալի հաշվառմամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասում՝ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց կիրառվող կարգապահական կալանքի ժամկետը սահմանելով 14 օր։ Բացի այդ, փոփոխել Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը և ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց կիրառվող պատժախուց տեղափոխման համար որպես առավելագույն ժամկետ սահմանել 14 օրը։

Միևնույն ժամանակ հաշվի առնելով ԽԿԿ-ի վերոշարադրյալ դիրքորոշումները և նպատակ ունենալով բացառել այն իրավիճակները, երբ իրար հաջորդող կարգապահական տույժերի կիրառումը հանգեցնում է նրան, որ մեկուսի բանտարկության անընդմեջ ժամանակահատվածը գերազանցում է սահմանված պատժի առավելագույն ժամկետը, առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 107-րդ հոդվածի 8-րդ մասում և սահմանել, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել 14 օրից ոչ ավելի:

 

2 Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքը միայն բացառիկ դեպքերում սահմանափակելու համար։ Այդկերպ խնդրո առարկային վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեցվեն վկայակոչված միջազգային չափանիշներին։ Բացի այդ, ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցների կիրառման առավելագույն ժամկետները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին։

 

3. Նախագծի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

4 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

5. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանա:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1674-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 3.2-րդ և 3.9-րդ կետերից:



[1] Տե՛ս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը, էջ 235:

  • Տևողություն

    10.03.2026 25.03.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 73

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: