«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը (այսուհետ` Օրենք), որը սահմանել է շուրջօրյա խնամքին վերաբերող նոր կարգավորումներ, որոնք փաստացի ներառված չեն տարբեր ենթաօրենսդրական ակտերում կամ ազդում են տարբեր կազմակերպությունների գործունեության վրա: Մասնավորապես, վերանայման կարիք ունի այն խնամվողների շրջանակը, ովքեր կարող են խնամվել բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատություններում, առկա է նաև եզրութաբանական համապատասխանեցման անհրաժեշտություն:
Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով, տրամադրում են շուրջօրյա լրիվ խնամք երեխաներին կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները լինում են՝
1) ընդհանուր տիպի`
ա. տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ միջին աստիճանի մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար,
բ. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար.
2) մասնագիտացված`
ա. տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց համար,
բ. կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար…:
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի խնամարկյալների տարիքային շեմի վերանայման և վերափոխման անհրաժեշտությունը բխում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող՝ նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օպտիմալացման քաղաքականությունից։ Վերջինս միտված է սոցիալական խնամքի և պաշտպանության համակարգի արդիականացմանը, ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և շահառուների կարիքներին առավել համապատասխան ծառայությունների ապահովմանը։
Սոցիալական պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կարևորվում է տարբեր սոցիալական խնամքի հաստատությունների գործառույթների հստակեցումը և շահառուների տարիքային խմբերի առավել նպատակային բաշխումը՝ ապահովելու համար յուրաքանչյուր խմբի առանձնահատուկ կարիքներին համապատասխան մասնագիտացված խնամք և աջակցություն։ Այս համատեքստում «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամարկյալների տարիքային շեմի վերանայումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել հաստատության գործունեությունը, հստակեցնել շահառուների շրջանակը և բարելավել խնամքի, վերականգնողական ու սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։
Միաժամանակ, տարիքային շեմի վերափոխումը կնպաստի սոցիալական ծառայությունների համակարգում ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, տարբեր հաստատությունների միջև գործառույթների հավասարակշռված բաշխմանը և շահառուների համար շարունակական ու համակարգված աջակցության ապահովմանը։ Արդյունքում ակնկալվում է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը, ինչպես նաև նպաստել շահառուների սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը, կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակը, խնամվողների շրջանակը և հստակ կամրագրվի, որ «Խարբերդի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, ինչպես նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է: Կազմակերպության նպատակի փոփոխությամբ պայմանավորված՝ կվերանայվի նաև կազմակերպության անվանումը. մասնավորապես այն կվերանավանվի «Խարբերդի մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի: Կընդլայնվի նաև կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները. Մասնավորապես դրանց շարքում կլրացվեն «շուրջօրյա, կարճաժամկետ, ցերեկային խնամքի, վերականգնողական, խորհրդատվական և այլ մասնագիտացված սոցիալական վճարովի ծառայությունների տրամադրումը, զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի, հիպոթերապիայի) վճարովի ծառայությունները:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
4․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 4.6-րդ գլխով սահմանված պահանջներից. մասնավորապես՝
1) «իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահենք ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը, ապահովվելու է տարեց մարդկանց համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավվելու է խնամքի որակը»:
2) առաջիկա հինգ տարիներին երեխաների հիմնահարցերի ոլորտում առանցքային է համարվելու երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացմամբ.
3) hաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կփոխակերպվեն խնամքի ծառայությունները:
-
Տևողություն
09.03.2026 25.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 47
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: