Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման
1. Իրավական ակտում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1518-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ ապրանքների արտահանման սահմանափակման կիրառման ճկունության և արդյունավետության բարձրացմամբ։
Որոշմամբ արգելք է կիրառված մի շարք օգտագործված, սպառված կամ ջարդոն ու թափոն հանդիսացող էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների արտահանման վրա, այդ թվում՝ ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող սարքավորումների։ Սակայն, նույն Որոշման 2-րդ կետով բացառություն է սահմանվում այդ սարքավորումների «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանման համար։
Նախագծով նախատեսվում է Որոշման 2-րդ կետով սահմանված արտահանման արգելքի բացառությունների ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող օգտագործված կամ թափոն հանդիսացող ապրանքները՝ հաշվի առնելով, որ գործնականում առկա են դեպքեր, երբ որոշ հին, օգտագործված ապրանքներ ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն վերամշակման նպատակով, վերամշակման արդյունքում վերածվում են ջարդոնի կամ թափոնի, այնուհետև արտահանվում են հենց ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրով։
Նման գործելակերպը չի համապատասխանում արտահանման ժամանակավոր արգելքի սահմանման տրամաբանությանը, քանի որ փաստացի ապահովում է այնպիսի ապրանքների արտահանում, որոնք իրենց բնույթով արդեն հանդիսանում են երկրորդային հումք և կարող են ամբողջությամբ վերամշակվել տեղում՝ առանց արտաքին շուկաներ արտահանելու անհրաժեշտության։
Հետևաբար, ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող ապրանքների բացառությունների ցանկից հանելը նպատակ ունի կանխել վերամշակման անվան տակ իրականացվող արտահանումը, ապահովել տեղական վերամշակման խթանումը և պահպանել արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման միասնական և հետևողական մոտեցումը։
Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է արտահանման ժամանակավոր արգելքի շրջանակում ներառել նաև ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրին դասվող պղնձե անոդները։ Նշված ապրանքատեսակը հանդիսանում է պղնձի խորքային վերամշակման արտադրական շղթայի առանցքային միջանկյալ օղակ և օգտագործվում է պղնձի էլեկտրոլիտիկ զտման գործընթացում՝ ապահովելով բարձր մաքրության և բարձր ավելացված արժեք ունեցող պղնձի ստացումը։
Միաժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրին դասվող պղնձե անոդների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման համար սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով։ Հաշվի առնելով նշված օրենսդրական նախաձեռնության ընթացքը՝ նախագծով նախատեսվող պղնձե անոդների արտահանման ժամանակավոր արգելքը կրում է անցումային և ժամանակավոր կարգավորման բնույթ և նպատակ ունի ոլորտում առկա խնդիրների ժամանակավոր լուծումն ապահովել մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների ընդունումն ու ուժի մեջ մտնելը՝ կանխելով արտադրական շղթայի խզումը և տեղական վերամշակման գործընթացի թուլացումը տվյալ ժամանակահատվածում։
Միաժամանակ, Էկոնոմիկայի նախարարություն են դիմել կազմակերպություններ, որոնք մատակարարում են ԵԱՏՄ երկրներ երրորդ երկրների արտադրության կցամասեր, որոնք օգտագործվում են որոշ արտասահմանյան բարդ սարքավարումների մեջ, սակայն իրենց կառուցվածքով չեն համապատասխանում սահմանված արգելքի տրամաբանությանը (մասնավորապես՝ ունեն բարդ կառուցվածք, փոքր չափսեր և բարձր գներ, որոնց արտահանումը, որպես երկրորդային հումք, տնտեսավարողների կողմից նպատակահարմար չէ։ Վերը նշված տնտեսավարողների համար անհարկի խոչընդոտներ չառաջացնելու նպատակով՝ առաջարկվում է արգելքի բացառություն սահմանել նաև 7307 դասակարգչին պատկանող չօգտագործված ապրանքների համար։
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր․
-
3. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է արտահանման արգելքի բացառությունների ցանկից հանել «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող որոշ օգտագործված, սպառված կամ ջարդոն ու թափոն հանդիսացող սարքավորումները։ Միևնույն ժամանակ արգելքի բացառություններ սահմանել այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում արգելքի տրամաբանությանը։ Միաժամանակ առաջարկվում է արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման շրջանակի ճշգրտում՝ այն ապրանքների ընդգրկմամբ, որոնք հանդիսանում են գունավոր մետաղների վերամշակման արտադրական շղթայի միջանկյալ, սակայն առանցքային բաղադրիչներ և որոնց տեղական վերամշակումը նպաստում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի ստացմանը։
4. Ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն բարենպաստ պայմաններ գունավոր մետաղների (մասնավորապես՝ կապարի և պղնձի) վերամշակումն իրականացնել տեղական ձեռնարկություններում՝ ստանալով երկրորդային և բարձր ավելացված արժեք ունեցող հումք։ Միևնույն ժամանակ կվերացվեն որոշ չօգտագործված ապրանքների արտահանման խոչընդոտները։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները և ոլորտի ձեռնարկությունների առաջարկությունները։
6. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
-
Տևողություն
04.03.2026 19.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 151
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: