ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը լրացվում է «հենակետային մարզաձևեր», «օլիմպիական մարզաձև» և «մարզական զանգվածային միջոցառումներ» հասկացություններով: Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ օրենքում այդ ձևակերպումները առկա են, սակայն դրանց բացատրությունները բացակայում են:
Օրենքի 7-րդ հոդվածի «դ.1» կետը նոր խմբագրությամբ շարադրելը պայմանավորված է մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարի, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների դրամական պարգևատրման չափերը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների համար սահմանելու անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագծով ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի սահմանման մեջ «ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի այլ գործունեություն» հասկացությունում «բոդիֆլեքս» գործունեությունն է ավելացել:
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններում կատարվում է ճշգրտում, «սահմանում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները, ինչպես նաև մարզական գործունեության այլ տեսակները» դրույթում «մարզիչների» բառից առաջ ավելացվում է «ֆիթնեսի» բառը:
Օրենքի 9.1 հոդվածի 2-րդ մասը լրամշակվում է, ըստ Նախագծի՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ, այդ թվում՝ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում աշխատող մարզիչների հավաստագրման առկայության նկատմամբ» դրույթում «մարզիչների» բառից առաջ լրացվում է «ֆիթնեսի» բառը:
Օրենքի 7-րդ հոդվածի «դ.6» կետը «ուշու» բառից հետո լրացվում է «կարատե (WKF վարկածով)» բառերով:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկան «հենակետային մարզաձև», «օլիմպիական մարզաձև» և «մարզական զանգվածային միջոցառում» հասկացությունների բացատրությունները, սակայն օրենքում այդ ձևակերպումները առկա են:
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարը, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների դրամական պարգևատրման չափերը սահմանված են կոնկրետ մարզական միջոցառումների համար: Նախագծով ավելի հստակ են ձևակերպումները:
Ներկայումս օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերից միայն սամբո, շախմատ, ուշու և մջազգային շաշկի մարզաձևերում են բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական, հավաքականի մարզիչներին և բժշկին շնորհում է դրամական մրցանակ: Հաշվի առնելով, որ կարատեն (WKF վարկածով) Միջազգային օլիմպիակամ կոմիտեի կողմից ճանաչված մարզաձև է, անհրաժեշտություն է առաջացել նշված մարզաձևը ևս ներառել դրամական մրցանակ ստացող մարզաձևերի շարքում:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
- տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
- նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի մշակումը նպատակ ունի կարգավորելու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում առկա բացերը և լուծելու խնդիրները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի կարգավորելու զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին վերաբերող առկա բացերը և խնդիրները, հստակեցնելու ձևակերպումները:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրնքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթներից, այն է՝ բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն:
8. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում
ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
9. Օրենքի ընդունմամբ պետական բյուջեում առաջանում է ծախսերի ավելացում:
Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2206-Ն որոշման հավելված 1-ի օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերից աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին, նրա անձնական մարզչին, հավաքականի գլխավոր, երկրորդ մարզիչներին և բժշկին շնորհվում է դրամական մրցանակ՝ համապատասխանաբար 1.000.000, 500.000, 500.000, 200.000, 200.000 դրամ: Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր դարձած մարզիկին, նրա անձնական մարզչին, հավաքականի գլխավոր, երկրորդ մարզիչներին և բժշկին շնորհվում է դրամական մրցանակ՝ համապատասխանաբար 600.000, 300.000, 300.000, 120.000, 120.000 դրամ:
Ընդհանուր գումարի չափը կկազմի 5.280.000 դրամ:
Հաշվարկն արվել է հիմք ընդունելով կարատեի (WKF վարկածով) հավաքականի մարզիկների 2025 թվականին ցուցաբերած մարզական արդյունքները (աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր՝ 1 հոգի, Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր՝ 2 հոգի):
-
Տևողություն
03.03.2026 18.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 220
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: