«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1276-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1276-Ն որոշմամբ սահմանված են հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում համապատասխան տվյալների ներառման պահանջները։
Գործող կարգավորմամբ ալկոհոլային արտադրանքի տարբեր խմբերի նկատմամբ նույնական պահանջների կիրառումը չի ապահովում համաչափ և արդյունավետ կարգավորում։ Մասնավորապես, միջազգային փորձը և շուկայի կարգավորման լայնորեն կիրառվող մոտեցումները տարանջատում են թույլ և թունդ ալկոհոլային ըմպելիքները՝ կախված դրանցում էթիլային սպիրտի ծավալային բաժնից։
Տվյալ համատեքստում մինչև 9 տոկոս էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային ըմպելիքները, այդ թվում՝ ԱՏԳ ԱԱ 2206 և ԱՏԳ ԱԱ 2208 90 69 ծածկագրերին դասվող որոշ ապրանքներ, շուկայում ունեն զանգվածային սպառում և համեմատաբար ցածր իրացման գին, որը հիմնականում չի գերազանցում 1000 դրամը։ Նշված ապրանքների համար հսկիչ (նույնականացման) նշանների կիրառումը և դրանց վերաբերյալ տվյալների պարտադիր ներառումը հաշվարկային փաստաթղթերում տնտեսավարող սուբյեկտների համար առաջացնում է էական լրացուցիչ ծախսեր, որոնք անհամաչափ են տվյալ ապրանքների արժեքին։ Մասնավորապես, նշված ապրանքների դրոշմավորման, հաշվառման և համապատասխան տվյալների ձևակերպման ապահովման նպատակով տնտեսվարողները ստիպված են ներգրավել հավելյալ աշխատուժ և ապահովել գործընթացի շարունակական վերահսկողություն։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մինչև 9 տոկոս էթիլային սպիրտ պարունակող և համեմատաբար ցածր արժեք ունեցող, զանգվածային սպառման ապրանքներին, նման վարչարարական և մարդկային ռեսուրսների ծախսերը դառնում են անհամաչափ՝ համեմատած տվյալ ապրանքների իրացման գնի հետ, ինչն իր հերթին նվազեցնում է գործունեության արդյունավետությունը և կարող է բացասաբար անդրադառնալ շուկայական մրցունակության վրա։
Վերոգրյալի արդյունքում նպատակահարմար է համարվել վերանայել գործող կարգավորումը՝ հանելով ԱՏԳ ԱԱ 2206 և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրերին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող ապրանքատեսակների ապրանքները պարտադիր պահանջի շրջանակից։
2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Նախագծի նպատակն է ապահովել ալկոհոլային արտադրանքի կարգավորման համաչափություն՝ հաշվի առնելով արտադրանքի ալկոհոլային աստիճանը, դրա իրացման գինը և շուկայում շրջանառության առանձնահատկությունները, ինչպես նաև նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների համար անհարկի վարչարարական և ֆինանսական բեռը։
Առաջարկվող փոփոխությունն ունի հստակեցնող բնույթ և չի խաթարում հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման համակարգի ընդհանուր նպատակներն ու վերահսկողական արդյունավետությունը։
3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի թույլ և թունդ ալկոհոլային ըմպելիքների նկատմամբ տարբերակված մոտեցում, կնվազեցվեն մինչև 9 տոկոս ալկոհոլ պարունակող ըմպելիքներ մատակարարող ընկերությունների ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կխթանվի օրենսդրական կարգավորման համաչափությունն ու գործարար միջավայրի բարելավումը։
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
6. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ և/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծրագիրը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» առաջնահերթությունից։
-
Տևողություն
27.02.2026 15.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 161
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: