«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծերը մշակվել են հիմք ընդունելով Սոցիալական աջակցության մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի կիրառման արդյունքում ծագած խնդիրները։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Սոցիալական աջակցության մասին (այսուհետ՝ Օրենք) 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի և հարակից օրենքների ընդունմամբ հիմք դրվեց սոցիալական աջակցության ոլորտի կարգավորման նոր մոտեցումներ և սկզբունքներ։ Օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման ընթացքում, ինչպես նաև օրենքի պրակտիկ կիրառման արդյունքում ծագել են որոշակի խնդիրներ/բացեր, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակելու սույն օրենսդրական փաթեթը։
Օրենքում առկա են հետևյալ խնդիրները՝
✔ անհրաժեշտ է վերանայել «անօթևան» հասկացությունը։ Գործող կարգավորման համաձայն՝ անօթևանը` ժամանակավոր օթևանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում բնակվող, սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն չունեցող և կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը չօտարած անձն կամ ընտանիքն է, որն իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի։ Գործող օրենսդրության շրջանակում «օգտագործման իրավունք» ասելով հասկանում ենք ինչպես գույքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը, այնպես էլ վարձակալության իրավունքը։ Հետևաբար ստացվում է, որ վարձակալության իրավունքով բնակվող անձը կամ ընտանիքը չի կարող հանդիսանալ անօթևան և օգտվել կացարանով ապահովման համապատասխան ծառայությունից։ Այնինչ պրակտիկ դաշտում շահառուները ստիպված են լինում բնակվելու որևէ բնակելի տարածությունում վարձակալության իրավունքով՝ մինչև կացարանով ապահովման համար իրենց հերթը հասնելը կամ վարչական ակտը կայացնելը։ Գործող կարգավորման համաձայն, եթե անգամ անձը ունի 5 տոկոս բաժնեմաս որևէ անշարժ գույքի նկատմամբ, ապա չի կարող համարվել անօթևան։ Սակայն փոքր բաժնեմաս ունենալու դեպքում հաճախ անձինք այս կամ այն պատճառներով չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց իրավունքից, որի արդյունքում նույնպես դառնում են փաստացի անօթևան։
✔ Գործող կարգավորումների համաձայն՝ սոցիալական աջակցության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, ապաստան հայցողը։ Հարկ է նկատի ունենալ, որ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում՝ ՀՀ–ում բնակվելու կամ ՀՀ-ում բնակության իրավունք ունենալու հանգամանքները շատ դեպքերում հաշվի չեն առնվում առաջնային սոցիալական աջակցության տրամադրման համար, հետևաբար, սոցիալական աջակցություն ստացող անձանց շրջանակը հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում այլ է և անհրաժեշտ է համապատասխան կարգավորում սահմանել։
✔ Տնային պայմաններում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում շահառուներ հետ անմիջականորեն աշխատում են նաև սոցիալական սպասարկողները (դայակները), ովքեր իրականացնում են շահառուների տարբեր կարիքների բավարարումը (հագցնել, լողացնել և այլն)։ Քանի որ նշված անձինք անմիջապես աշխատում են խոցելի խմբերի հետ, գտնում ենք, որ անհրաժեշտ է Օրենքի շրջանակում նրանց համար ևս սահմանել պարտադիր պահանջներ, ինչպես նախատեսված է սոցիալական աշխատողների, սատարողների և պատրոնների համար։ Սոցիալական սպասարկողների համար անհրաժեշտ է սահմանել նաև նույն սոցիալական երաշխիքները, ինչը սահմանված է սոցիալական աշխատողների և սատարողների համար։
✔ Անհրաժեշտ է վերանայել բնաիրային օգնության և կենցաղավարման օգնության տրամադրման ձևերը՝ հաշվի առնելով գործող պրակտիկան։
✔ Խնամքի հոդվածն ամբողջությամբ անհրաժեշտ է խմբագրել հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնավոր չէ Օրենքում խնամք տրամադրող կազմակերպությունների տեսակների թվարկումը, նկարագրումը, շահառուների խմբերի սահմանումը։ Անհրաժեշտ է նշված հարաբերությունները կարգավորել Կառավարության որոշումներով, ինչպես կարգավորված է մնացած սոցիալական ծառայությունների դեպքերում։
✔ Ընտանիքի անապահովության գնահատման դեպքում ընտանիքի կազմի ճշգրտման դեպքում բացի դիմող ընտանիքի անդամներից անհրաժեշտ է մշակել նույն հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները՝ հասկանալու համար դիմող ընտանիքի իրական կազմը, որի արդյունքում իրականացվում է ընտանիքի անապահովության գնահատումը։
✔ Օրենքում բացակայում է այն հետևանքների կարգավորումը, երբ ընտանիքի անապահովության գնահատման գործընթացում զբաղվածության դիմում ներկայացնելու պարտականություն ունեցող անձը զբաղվածության դիմում չի ներկայացնում։ Օրենքում կարգավորված չէ ընտանիքի անապահովության գնահատման դիմումի ճակատագիրը, եթե ընտանիքն օրենսդրությամբ սահմանված դեպքերում ներկայացնում է ընտանիքի անապահովության գնահատման նոր դիմում։
✔ Հաշվի առնելով սոցիալ-վերականգնողական սոցիալական ծառայության կարևորությունը՝ անհրաժեշտ է նշված ծառայության համար ևս սահմանել նվազագույն չափորոշիչներ, իսկ նշված ծառայությունը մատուցող կազմակերպությունները պետք է հավաստագրվեն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
✔ Գործող կարգավորումների համաձայն՝ սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանը տրամադրվում է շահառուներին՝ անհատույց կամ վարձակալության հիմունքով։ ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն, եթե անշարժ գույքը տրամադրվում է վարձակալության կամ անհատույց օգտագործման, ապա անձի իրավունքը պարտադիր պետք է գրանցվի Կադաստրի կոմիտեում և նման իրավունքի դադարեցման հիմքերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով։ Սակայն սոցիալական աջակցության ոլորտում կացարանով ապահովումը հանդիսանում է սոցիալական ծառայության տեսակ, որը ցանկացած պահի կարող է դադարել՝ սոցիալական աջակցության տրամադրման հիմքերի վերացման դեպքում։ Հետևաբար անհրաժեշտ է վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման կարգավորումները՝ համապատասխանեցնելով սոցիալական ծառայությունների առանձնահատկություններին։
✔ Օրենքի համաձայն՝ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված յուրաքանչյուր սոցիալական ծառայության նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 18 ամսվա ընթացքում, համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, ներառյալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն գործող հավաստագիր, ենթակա են հավաստագրման։ Որպեսզի նշված ժամկետում ապահովվի հավաստագրման գործընթացը, անհրաժեշտ է սահմանել առավելագույն ժամկետ, որի ընթացքում կազմակերպությունները կարող են ներկայացնել դիմումներ։
✔ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, ապահովելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց ապահովում է անկախ կյանքի իրավունքի իրացման հնարավոր միջոցներով: Դրանցից մեկը, անկախ կյանքի կենտրոններն են, որոնք ապահովում են անկախ կյանքի ծառայությունները: Հաշվի առնելով, որ այդ ծառայություններն անհրաժեշտ է հավաստագրել՝ միատեսակ մոտեցումներ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համահավաարություն ապահվելու համար, Նախագծվ առաջարկվում է, որ անկախ կյանքի կենտրնն անկախ կյանքի ծառայությունը կարող է տրամադրել միայն տվյալ ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազոր մարմնում հավաստագրելու դեպքում: Նման գործունեության համար անհրաժեշտ կլինի նաև նվազագույն չափորոշիչների առկայություն, որոնք կհասատատվեն լիազոր մարմնի կողմից:
✔ Հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումը, որոնց արդյունքում անկախ կյանքի ծառայություն տրամադրող անկախ կյանքի կենտրոնները պարտադիր պետք է հավաստագրվեն և գործունեությունն իրականացնելիս առաջնորդվեն որոշակի նվազագույն չափորոշիչներով, անհրաժեշտություն է առաջացնում այդ պահանջները չպահպանելու դեպքում նախատեսել գործուն մեխանիզմներ՝ սահմանված պահանջներն իրականացնելու համար: Նման մեխանիզմներից մեկը վարչական պատասխանատվության սահմանումն է այնպես, ինչպես դա նախատեսված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրողի համար: Ելնելով այդ հանգամանքից համապատասխան լրացումներ են կատարվել ՎԻՎՕ-ի 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներում:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է՝
●«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը․
●«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը․
●«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը.
●«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
2. Կարգավորման առարկան
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերով՝
1. Վերանայվել է «անօթևան» հասկացությունը։
2. Վերանայվել է սոցիալական աջակցություն ստացող անձանց շրջանակը՝ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում։
3. Սահմանվել են տնային պայմաններում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում շահառուների հետ անմիջականորեն աշխատող սոցիալական սպասարկողներին (դայակներին) ներկայացվող պահանջները։
4. Վերանայվել են բնաիրային օգնության, կենցաղավարման օգնության, կացարանով ապահովման և խնամքի սոցիալական ծառայությունների հետ կապված կարգավորումները։
5. Ընտանիքի կազմի ճշգրտման համար սահմանվել են անձնական տվյալների մշակման օրենսդրական հիմքեր՝ ընտանիքի անապահովության գնահատման դեպքում։
6. Վերանայվել են ընտանիքի անապահովության գնահատման մերժման և դադարեցման հիմքերը։
7. Նախատեսվել է, որ սոցիալ-վերականգնողականը ծառայության համար լիազոր մարմինը նույնպես պետք է սահմանվի նվազագույն չափորոշիչներ, իսկ նշված ծառայությունը մատուցող կազմակերպությունները պետք է հավաստագրվեն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
8. Սահմանվել է, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված յուրաքանչյուր սոցիալական ծառայության նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ կազմակերպությունները պարտավոր են համապատասխան դիմումները ներկայացնել բոլոր չափորոշիչները հաստատելուց հետո 12 ամսվա ընթացքում, որպեսզի մնացած 6 ամսում հավաստագրման գործընթացն իրականացվի։
9. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանվել է, որ անկախ կյանքի ծառայությունը կարող է տրամադրել միայն տվյալ ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազոր մարմնում հավաստագրելու դեպքում: Սահմանվում է նաև լիազորող նորմ, որի համաձայն՝ անկախ կյանքի ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը և պայմանները, հավաստագրի կասեցման, դադարեցման, վերաձևակերպման հիմքերն ու կարգը, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատում է Կառավարությունը: Այս լիազորող նորմը համահունչ է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեված համանման նորմին։
10. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ են կատարվել 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն անկախ կյանքի կենտրոնի գործունեության նվազագույն չափորոշիչները չպահպանելու, ինչպես առանց հավաստագրի անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցելու համար:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ փորձագիտական խմբի հետ համատեղ։
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Տևողություն
20.02.2026 09.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 131
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: