«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. Սոցիալական աջակցության մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) անօթևան` սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով բնակելի տարածություն չունեցող և կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը չօտարած անձ կամ ընտանիք, որն իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի։ Սույն կետի իմաստով անձը կամ ընտանիքը համարվում է սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով բնակելի տարածություն չունեցող նաև այն դեպքում, եթե միայնակ անձը կամ ընտանիքի մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով 25 տոկոս և ցածր մասնաբաժնով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք, կամ միայնակ անձը կամ ընտանիքի մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք (միայնակ անձը կամ ընտանիքի անդամները միասին՝ 25 տոկոս և ցածր մասնաբաժնով).»․
2) 24-րդ կետում «հմտությունների» բառից հետո լրացնել «կամ սոցիալական հարաբերությունների» բառերը․
3) 25-րդ կետում «պահպանելու» բառից հետո լրացնել «, ինքնուրույն կենսագործունեություն ծավալելու» բառերը։
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «հայցողը» բառից հետո լրացնել «, իսկ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում՝ նաև Կառավարության որոշմամբ նախատեսված այլ անձինք» բառերը։
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի
1) 5-րդ կետի «ա» ենթակետում «սատարողների» բառից հետո լրացնել «, սոցիալական սպասարկողների» բառերով․
2) 5-րդ կետի «բ» ենթակետը շարադել հետևյալ խմբագրությամբ․
«բ․ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության, «Սոցիալական սատարողների համար նախատեսված» և «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգը, ծրագիրը, նշված դասընթացն ավարտելուց հետո տրվող վկայականի ձևերը և վկայականի գործողության ժամկետը,»․
3) 5-րդ կետի «գ» ենթակետում «և սոցիալական սատարողների» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների և սոցիալական սպասարկողների» բառերով․
4) 14-րդ կետում «ապահովման» բառից հետո լրացնել «, սոցիալ-վերականգնողական» բառերով։
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «միջոցների» բառից հետո լրացնել «և սուբվենցիոն ծրագրերի» բառերը։
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի
1) 4-րդ և 7-րդ մասերի 4-րդ կետերում «դեպքի» բառից հետո լրացնել «վարման» բառը․
2) 4-րդ մասի 6-րդ կետում «խնդիրներին» բառը փոխարինել «կարիքներին» բառերով։
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածը
1) լրացնել նոր 11․1-ին մասով հետևյալ խմբագրությամբ․
«11․1․ Ընտանիքի անապահովության գնահատման համար ընտանիքի կազմը որոշելու նպատակով դիմումում նշված հասցեում դիմող ընտանիքի անդամներից բացի բնակվող կամ հաշվառված այլ անձանց անձնական կամ ընտանեկան տվյալները մշակվում են առանց նրանց համաձայնության։»․
2) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«14. Ընտանիքի անապահովության գնահատման համար ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հավաստի չեն կամ կեղծ են, ընտանիքը (ընտանիքի բոլոր անդամները) չունի հաշվառում դիմումում նշված հասցեում կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտանիքի անդամը՝ որպես աշխատանք փնտրող անձի կողմից հաշվառվելու համար չի ներկայացրել դիմում։»․
3) 16-րդ մասում «համապատասխան մարմնին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերի»բառերը․
4) 17-րդ մասում «կեղծ են» բառերից հետո լրացնել «, կամ եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընտանիքը ներկայացրել է նոր դիմում» բառերը։
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում «համակարգի» բառից հետո լրացնել «նկարագիրը,» բառը։
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի
1) 1-ին մասի 4-րդ կետում «կենցաղային» բառը փոխարինել «կենցաղավարման» բառով․
2) լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ խմբագրությամբ․
«4. Խնամքը կարող է ներառել նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 1-5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված ծառայությունների տրամադրումը՝ ելնելով անձի կամ ընտանիքի հիմնական պահանջմունքներից կամ սոցիալական կարիքներից:»։
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) մթերքի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, առաջին անհրաժեշտության կենցաղային այլ ապրանքների, դեղերի տրամադրում կամ դրանց ձեռքբերման համար հատուցում․
3) վառելանյութի տրամադրում կամ ձեռքբերման համար հատուցում․»։
Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«Հոդված 24. |
Կենցաղավարման օգնությունը |
1. Կենցաղավարման օգնությունն անձի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով անձին կամ ընտանիքին տրամադրվող օգնությունն է։ Կենցաղավարման օգնությունը կարող է տրամադրվել հետևյալ ձևերով.
1) ֆինանսատնտեսական գրագիտության, ծնողավարման, կենցաղավարման և այլ սոցիալական հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպումը կամ
2) բաղնիքի, լվացքատան, այդ թվում՝ շրջիկ, կազմակերպում կամ ծախսերի հատուցումը կամ
3) սոցիալական տաքսիի տրամադրումը կամ
4) օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերով։
2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կենցաղավարման օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:»։
Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝
ա. անհատույց՝ որոշակի ժամկետով կամ անժամկետ,
գ. որոշակի գումարի դիմաց՝ որոշակի ժամկետով կամ անժամկետ կամ»։
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«Հոդված 26. |
Խնամքը |
1. Խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:
2. Խնամքը տրամադրվում է`
1) տնային պայմաններում կամ
2) ցերեկային կենտրոններում կամ
3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ
4) աջակցության կենտրոններում կամ
5) համայնքային փոքր տներում կամ
6) խնամատար ընտանիքներում կամ
7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում կամ
8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:
3. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձի բնակության վայրում՝ պարբերաբար իրականացվող այցելությունների միջոցով:
4. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով, տրամադրում են շուրջօրյա խնամք երեխաներին կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց:
5. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին։
6. Համայնքային փոքր տունն ապահովում է երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, խնամք՝ ուղղված անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։
7. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տեսակները, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը և շահառուների խմբերը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է Կառավարությունը։»։
Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) դրամական միջոցները՝ աշխատանքային գործիքներ կամ սարքավորումներ կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույք ձեռք բերելու կամ աշխատանքային գործունեություն ծավալելու համար տարածքի նորոգման կամ վերանորոգման համար կամ աշխատանքային գործիքների կամ սարքավորումների կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույքի տրամադրումը կամ աշխատանքային գործունեություն ծավալելու համար տարածքի նորոգումը կամ վերանորոգումը.»։
Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«Հոդված 31. |
Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը |
1. Ընտանիքի բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումն ընտանիքի կողմից սպառվող կոմունալ ծառայությունների համար հնարավոր նվազ սակագների սահմանումն է, իսկ բնակարանային կոմունալ ծառայություններ ձեռք բերելու համար հատուցումը դրանց մասնակի կամ ամբողջական հատուցման նպատակով դրամական միջոցների տրամադրումն է կամ դրանց անմիջական հատուցումը:
2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնակարանային կոմունալ ծառայությունների` խոցելի ընտանիք ճանաչելու կամ կոմունալ ծառայությունների հատուցման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը։»։
Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «կասեցման,» բառից հետո լրացնել «դադարեցման, վերաձևակերպման հիմքերն ու կարգը,» բառերով։
Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածի
1. 1-ին մասում «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ խնամատարության, խնամակալության կամ հոգաբարձության, անձնական օգնականի տրամադրման դեպքերի, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձանց կողմից» բառերը․
2. բոլոր մասերից հանել «լրիվ» բառը։
Հոդված 17. Օրենքի 8-րդ գլխում «ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ,» բառերը փոխարինել «, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ» բառերով։
Հոդված 18. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության» բառերը փոխարինել «Սոցիալական սատարողների համար նախատեսված» բառերով։
Հոդված 19. Օրենքը լրացնել նոր 46․1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ․
|
«Հոդված 46.1 |
Սոցիալական սպասարկողին ներկայացվող պահանջները |
1. Սոցիալական սպասարկողն ապահովում է տնային պայմաններում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող շահառուներին խնամքում ընդգրկված ծառայությունների անմիջական տրամադրումը։ Սոցիալական սպասարկողը օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական սպասարկողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:
2. Սոցիալական սպասարկողն առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է։ «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացն ավարտած լինելու մասին համապատասխան վկայականի առկայությունը պարտադիր չէ, եթե անձն ունի սոցիալական աշխատանքի նախնական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական որակավորում։
3. Սոցիալական սպասարկողը համարվում է հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մասնագիտական որակավորումը կամ «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին վկայականն ստանալուց հետո չի անցել երեք տարի։
4. Սոցիալական սպասարկողներն, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու մարմնի կամ կազմակերպության, լինում են՝
1) քաղաքացիական ծառայող սոցիալական սատարող.
2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական սատարող.
3) համայնքային ծառայող սոցիալական սատարող.
4) այլ կազմակերպությունների սոցիալական սատարող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող (այսուհետ՝ մասնավոր ոլորտ) սոցիալական սատարող.
5) քաղաքացիական աշխատանք կատարող սոցիալական սատարող։
5. Քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական սպասարկողի համար պարտադիր չէ սույն օրենքով նախատեսված հավաստագրման պահանջը։
6. Բացառությամբ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական սպասարկողի, սոցիալական սպասարկողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է։ Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական սատարողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման։
7. Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվում են նաև սոցիալական սպասարկողները։»։
Հոդված 20. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «միջամտության» բառը հանել։
Հոդված 21. Օրենքի 52-րդ հոդվածի
1) վերնագրում, 1-ին և 10-րդ մասերում «և սոցիալական սատարողի» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողի և սոցիալական սպասարկողի» բառերով․
2) 3-րդ մասում «կամ սոցիալական սատարողն» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողն կամ սոցիալական սպասարկողն» բառերով․
3) 4-րդ մասում «սոցիալական սատարողին» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողին» բառերը․
4) 5-րդ մասում «սոցիալական սատարողը» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողը» բառերը․
5) 7-րդ մասի 2-րդ կետում «սոցիալական սատարողի» բառերից հետո լրացնել « կամ սոցիալական սպասարկողի» բառերը․
6) 9-րդ մասի «և սոցիալական սատարողների» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների և սոցիալական սպասարկողների» բառերով․
7) 10-րդ մասի «և սոցիալական սատարողի» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների և սոցիալական սպասարկողների» բառերով։
Հոդված 22. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի «պահանջները,» բառից հետո լրացնել «հասարակական դիտորդ դառնալուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը,» բառերը։
Հոդված 23. Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել նոր երկրորդ նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ․
«Սույն մասով նշված հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ներկայացնել սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված յուրաքանչյուր սոցիալական ծառայության նվազագույն բոլոր չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:»։
Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 26. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «զ» ենթակետում «սոցիալական պատրոնի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողի» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի 21-րդ հոդվածում
1) 3.1-ին մասում «և պայմանները» բառերը փոխարինել «պայմանները և գործունեության նվազագույն չափորոշիչները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.3-րդ մաս՝
«3.3. Անկախ կյանքի կենտրնն անկախ կյանքի ծառայությունը կարող է տրամադրել միայն տվյալ ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազոր մարմնում հավաստագրելու դեպքում: Անկախ կյանքի ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը և պայմանները, հավաստագրի կասեցման, դադարեցման, վերաձևակերպման հիմքերն ու կարգը, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.35-րդ հոդվածի
1) վերնագրում «ծառայությունների» բառից հետո լրացնել «կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեության» բառերը.
2) 1-ին մասում «կողմից» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև անկախ կյանքի կենտրոնի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 169.36-րդ հոդվածի
1) վերնագրում «մատուցելը» բառից հետո լրացնել «կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեություն իրականացնելը» բառերը.
2) 1-ին մասում «առանց» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցելն» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 14-ից։
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
-
Տևողություն
20.02.2026 09.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 131
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: