ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 8-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ ներքին գործերի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի համաձայն ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական զարգացման գնահատման չափորոշիչները հիմնված են հասակի և քաշի նվազագույն ցուցանիշների վրա, որոնք լիարժեք չեն արտացոլում մարմնի համաչափությունը, առողջական ընդհանուր վիճակը և ֆիզիոլոգիական համապատասխանությունը։
Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ անձի ֆիզիկական զարգացվածությունը բավարար է, սակայն նա չի համապատասխանում գործող չափորոշիչներով սահմանված քաշի կամ հասակի նվազագույն շեմին, որոնք միշտ չէ որ հիմնավորված են բժշկական տեսանկյունից: Արդյունքում գործող մոտեցումը չի ապահովում օբյեկտիվ և ժամանակակից բժշկական պրակտիկային համահունչ գնահատում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 8-Ն հրամանում։
Միաժամանակ՝ Հրամանի N 1 հավելվածի N 2 աղյուսակում առկա են տեխնիկական բնույթի անճշտություններ, ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ չափորոշիչների ճշգրիտ կիրառումը ապահովելու համար, ինչպես նաև հստակեցնել բժշկական որոշ հիվանդությունների անվանումները՝ առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցմանը համապատասխան։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է հասակի և քաշի չափորոշիչները փոխարինել մարմնի զանգվածի ցուցանիշով (ՄԶՑ), որը համարվում է միջազգային չափանիշներով հիմնավորված, համակողմանի և օբյեկտիվ ցուցանիշ՝ ՄԶՑ < 16 կգ/մ², ինչպես նաև Հրամանի N 1 հավելվածի N 2 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ չափորոշիչների ճշգրիտ կիրառումը ապահովելու համար։
Միաժամանակ, Հրամանի 25-րդ կետի 1-5-րդ ենթակետերում և ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներով նախատեսված հիվանդությունների և ֆիզիկական թերությունների վերաբերյալ բացատրությունների 25-րդ կետում առաջարկվում է հստակեցնել բժշկական որոշ հիվանդությունների անվանումները՝ առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցմանը համապատասխան։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ ուղղության 3․3-րդ կետից։
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի համապատասխանության գնահատումը՝ առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, ինչպես նաև չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին, առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի, կբացառվեն անհարկի սահմանափակումները և կապահովվի առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցում։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
05.02.2026 20.02.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 91
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: