ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագծերի նպատակը նոր կառուցված շինության նկատմամբ ավարտական ակտի հիման վրա իրավունքների պետական գրանցման վարույթի ընթացքում գործնականում արձանագրված որոշակի խնդիրների լուծմանը, ինչպես նաև վարչարարության դրույցամանն ուղղված նոր իրավական կառուցակարգերի սահմանումն է, ինչպես նաև անշարժ գույքի հարկով առաջացող պարտավորությունների կանխատեսելի և միատեսակ կարգավորման սահմանումը։
2․ Ընթացիկ վիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը․
Գործող իրավակարգավորումների համատեքստում քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա կառուցապատողի՝ կառուցելու իրավունքի պետական գրանցումը պարտադիր բնույթ չի կրում: Արդյունքում՝ կառուցապատողը կարող է պետական գրանցման ներկայացնել արդեն իսկ ավարտված շինություն՝ կցելով հաստատված նախագիծը, քաղաքաշինական փաստաթղթերը և որակավորված անձի կողմից իրականացված չափագրությունը: Այն դեպքերում, երբ չափագրման նյութերի փաթեթում առկա են լինում որոշակի թերություններ, գործում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 171.1-ին կետով սահմանված կարգավորումն առ այն, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Կադաստրի կոմիտե ներկայացված ընդունող հանձնաժողովի ակտում նշված չափագրման փաթեթում գրանցման գործընթացի ժամանակ հայտնաբերված տեխնիկական վրիպակի դեպքում շինարարությունն ընդունող հանձնաժողովի կողմից տրամադրվում է նոր ակտ, որում նշվում են հանձնաժողովի նախորդ ակտի չեղարկման պատճառն ու դիրքորոշումն առ այն, որ որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրությունում տեղ գտած վրիպակների շտկումը չի հակասում շինարարությունն ընդունող հանձնաժողովի կողմից նախորդիվ տրամադրված ակտին: Այսպիսով, կառուցապատողն իր իրավունքների պետական գրանցման համար իրականացնում է նոր չափագրություն և դրա հիման վրա կրկին դիմում է շինարարությունն ընդունող հանձնաժողովին՝ նոր ակտ ստանալու նպատակով:
Վարչարարական նման ընթացակարգերի դյուրացման նպատակով՝ Նախագծերով սահմանվում են նոր կառուցված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոր ընթացակարգեր, այն է՝ շինությունը 81 և ավելի ավարտվածության աստիճան ունենալու պարագայում չափագրման նյութերի և ճարտարապետի կողմից տրված եզրակացության հիման վրա նախ կատարվում է կառուցապատողի իրավունքի պետական գրանցում, որն էլ ապագայում հիմք է հանդիսանալու ավարտական ակտը ստանալու և արդեն իսկ ավարտված շինության նկատմամբ սեփականության իրավունք գրանցելու համար: Արդյունքում՝ չափագրման նյութերում առկա խնդիրները կբացահայտվեն առավել վաղ փուլում և ընդունող հանձնաժողովի կողմից տրամադրվող ակտը փոփոխելու անհրաժեշտությունը կվերանա:
Այս նոր կարգավորումների համատեքստում, նպատակ ունենալով չվատթարացնել անձանց իրավական վիճակը, նաև համապատասխան լրացում է կատարվում ՀՀ հարկային օրենսգրքում՝ ֆիքսելով կառուցվող շինության մասով անշարժ գույքի հարկի պարտավորության առաջացման պահը, այն է՝ պետական գրանցմանը հաջորդող երրորդ ամսվա 1-ից սկսած։
3․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծերի ընդունման արդյունքում կձևավորվի նոր կառուցված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման առավել տրամաբանական և փուլային մեխանիզմ, որի շնորհիվ գործնականում նվազագույնի կհասցվեն ավարտական ակտի հիման վրա գրանցման փուլում ի հայտ եկող տեխնիկական թերությունները և դրանց հետևանքով առաջացող կրկնակի վարչարարական գործողությունները։
Մասնավորապես՝ շինության 81 և ավելի ավարտվածության աստիճանի դեպքում կառուցապատողի իրավունքի պետական գրանցումը կհանգեցնի նրան, որ չափագրման նյութերում առկա խնդրահարույց հարցերը կբացահայտվեն վաղ փուլում, իսկ ավարտական ակտի տրամադրման փուլում ընդունող հանձնաժողովի ակտը փոփոխելու կամ փոխարինելու անհրաժեշտությունը գործնականում կվերանա։
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող հստակեցմամբ կառուցվող շինության մասով անշարժ գույքի հարկով պարտավորության առաջացման պահը կսահմանվի հստակ և միատեսակ՝ պետական գրանցմանը հաջորդող երրորդ ամսվա 1-ից սկսած, ինչը կապահովի հարկային պարտավորությունների կանխատեսելիություն և միասնական մոտեցում։
4․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
5․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6․Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:
-
Տևողություն
02.02.2026 20.02.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 100
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: