Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծով ապահովվում է փոխվարչապետ Տ. Խաչատրյանի 30.09.2024 թ. N03.65/33329-2024 hանձնարարականի կատարումը: Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված անձի ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող առևտրային բանկում մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների տնօրինման  ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Լեռնային Ղարաբաղի կառավարության 20.01.2009 թ. «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» N 15-Ն որոշման N 3 հավելվածով (այսուհետ՝ Հավելված) կարգավորվել են ընտանիքում մինչև 2019 թվականի հունվարի 1-ը  ծնված 3-րդ և հաջորդ երեխայի անվամբ նպատակային ժամկետային ավանդ (այսուհետ՝ ավանդ) բացելու հետ կապված հարաբերությունները, որի շրջանակում ավանդները բացվել են Լեռնային Ղարաբաղի բյուջեի միջոցների հաշվին, «Արցախբանկ» ՓԲԸ միջոցով՝ ընտանիքում 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 500000 դրամի, իսկ 4-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 700000 դրամի չափով:  Ընդ որում, այդ ավանդը թույլատրվում է ստանալ երեխային՝ 18 տարին լրանալուց հետո, իսկ մինչև երեխայի 18 տարին լրանալն ավանդների դիմաց հաշվարկված ամենամսյա եկամուտները (տոկոսագումարները) կարող է ստանալ երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը: Այդ եկամուտները հաշվարկվում են ավանդի փոխանցման օրվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս:

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխայի անվամբ Արցախբանկում բացված նպատակային ժամկետային ավանդների կառավարում երրորդ անձի (ԼՂ իրավասու մարմնի) կողմից չի իրականացվում: Արդյունքում ավանդատուների ծնողները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը:

Խնդրո առարկա ծրագրի հետագա կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով փոխվարչապետ Տ. Խաչատրյանի 22.08.2024 թ. N/03.65/28824-2024 և 02.09.2024 թ. N /03.65/30047-2024 հանձնարարականների համաձայն հարցը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և քննարկման արդյունքներով բացահայտվել են ներքոհիշյալ խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ:

Մասնավորապես.

1.     Հավելվածով սահմանված՝ Լիազոր կամ իրավասու մարմնի և բանկի միջև հարաբերությունները կարգավորող դրույթներին անհրաժեշտ է անդրադառնալ ՀՀ օրենսդրությամբ: Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի հաշվառմամբ՝ խնդրո առարկա հարաբերությունները կարգավորող իրավական ակտը Կառավարության կողմից ընդունելու համար անհրաժեշտ է օրենքի համապատասխան լիազորող նորմի առկայությունը։

2.    Հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ավանդի տարեկան տոկոսադրույքի չափը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ համաձայնեցնելով ֆինանսական հաստատության հետ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է կանոնակարգել ավանդի տարեկան տոկոսադրույքի չափը սահմանելուն առնչվող հարաբերությունները (ինչպես օրինակ օրենսդրությամբ մինչև 2020 թվականը կարգավորվել է ընտանեկան դրամագլխի համար)։

3.    Համաձայն Հավելվածի 12-րդ կետի՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1‑ը, լիազոր մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ֆինանսական հաստատությունը համատեղ՝ ըստ տարիների, ճշտում են ավանդատուների թվաքանակը և ավանդի գումարները:

Այսինքն, շահառուների և վճարման ենթակա գումարների հստակ հաշվառմամբ անհրաժեշտ է վերահսկել ավանդների վճարման գործընթացը:

4.    Համաձայն հավելվածի 13-րդ և 14-րդ կետերի՝ երեխայի 18 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է ավանդի դիմաց եկամուտների (տոկոսների) հաշվարկումն ու վճարումը և 3 բանկային օրվա ընթացքում ավանդը տեղափոխվում է նոր խնայգրքույկ: Ավանդը թույլատրվում է ստանալ երեխային՝ 18 տարին լրանալուց հետո՝ լիազոր մարմնի համապատասխան գրության համաձայն:

Այսինքն, անհրաժեշտ է սահմանել երեխայի 18 տարին լրանալուց հետո ավանդի վճարման կարգը, ապահովելով նաև երեխայի 18 տարին լրանալուց հետո անձը հաստատող փաստաթղթի փոփոխությամբ պայմանավորված նրա տվյալների նույնականացման հիմքերի սահմանումը:

5.    Համաձայն հավելվածի 16-րդ կետի՝ ավանդատիրոջ մահվան դեպքում ավանդը տրամադրվում է ծնողին (կամ խնամակալին), եթե ավանդատերը մահացել է 2 ամիսը լրանալուց հետո: Ավանդը ստանալու համար ծնողը երեխայի մահվան վկայականի պատճենը ներկայացնում է իրավասու մարմին, որը դիմում է ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղ՝ ավանդը ծնողին տրամադրելու համար: Ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղն ավանդը տրամադրում է ծնողին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Այսինքն՝ անհրաժեշտ է սահմանել երեխայի՝ մինչև 18 տարին լրանալը մահանալու դեպքում ավանդի վճարման կարգը, հաշվի առնելով, որ իրավասու մարմին որևէ փաստաթուղթ ներկայացնելն օբյեկտիվորեն հնարավոր չէ:

6.   Համաձայն Հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետի՝ ավանդը դադարեցվում է ավանդատիրոջ՝ ուրիշ անձանց կողմից որդեգրվելու դեպքում:

Այսինքն՝ անհրաժեշտ է սահմանել ավանդը վճարելու կարգը ավանդատիրոջ՝ որդեգրվելու կամ խնամակալության հանձնվելու դեպքերում:

7.    Անհրաժեշտ է առանձնահատկություններ սահմանել նաև ավանդատիրոջ՝ 18 տարին լրանալուց հետո մահանալու կամ ավանդատիրոջ մահվանից հետո ողջամիտ ժամանակահատվածի (օրինակ 3 տարվա)  ընթացքում ավանդը և ավանդի չվճարված տոկոսագումարը այլ անձի չվճարելու կամ ավանդատիրոջ՝ 18 տարին լրանալուց ավանդը ստանալու պահանջ չներկայացվելու դեպքերում: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Պետական նպաստների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

2. Կարգավորման առարկան

1.   ««Պետական նպաստների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է՝   

1.1      Օրենքի 24-րդ հոդվածով Կառավարությանը վերապահել սահմանելու՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված անձի ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող առևտրային բանկում մինչև 2019 թվականի հունվարի 1‑ը  ծնված երեխայի անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդային հաշվում առկա միջոցները տնօրինելու առանձնահատկությունները:

Նախագծով առաջարկվում է նաև Օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման համար սահմանել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետ: 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող առևտրային բանկում մինչև 2019 թվականի հունվարի 1-ը նոր ծնված երեխայի անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների տնօրինման իրավունքի իրացման պայմանները հստակեցնելու նպատակով Կառավարությանը կվերապահվի համապատասխան լիազորություն: 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից: 

5. Տեղեկանք

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա կամ նվազի:

 

 

  • Տևողություն

    18.12.2025 05.01.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 93

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: