Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1377-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1377-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետով սահմանվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողի՝ մշտական ծառայողական վայրից (համայնքից) 30 կմ և ավելի հեռավորությամբ ծառայության նշանակված կամ ծառայության գործուղված լինելու դեպքում բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության պարագայում տրամադրվելիք դրամական փոխհատուցման չափերը՝ բնակելի տարածության վարձակալության համար: Նշված Որոշման կարգավորումներից պարզ է դառնում, որ ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրվում է միայն այն դեպքերում, երբ վերջինս նշանակվում է ծառայության կամ գործուղվում է իր մշտական ծառայողական վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ։ Մինչդեռ հարկ է նկատել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված կարգավորումն, ըստ էության, չի արտահայտում քննարկվող հարցի վերաբերյալ արդեն իսկ այլ պաշտոնատար անձանց մասով առկա կարգավորումներով ձևավորված միասնական մոտեցումը, ըստ այդմ, բավարար չափով ամբողջական չէ, ինչպես նաև հնարավորություն չի տալիս ապահովելու Կոմիտեի ծառայողների սոցիալական երաշխիքների իրացումն ամբողջ ծավալով։

Ասվածի շրջանակներում, համեմատական զուգահեռներ անցկացնելով դատական համակարգի, դատախազական համակարգի, ինչպես նաև քննչական համակարգի մարմինների պաշտոնատար անձանց և ծառայողների համար սույն հարցի վերաբերյալ առկա կարգավորումների միջև, ակնհայտ է դառնում հետևյալը.

Այսպես՝ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11–ի՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» թիվ 1395–Ն որոշման հավելվածի 2–րդ կետի համաձայն՝ «Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում ծառայության նշանակմամբ և բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ (...)»։

Կառավարության 2018 թվականի մարտի 15–ի՝ «Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» թիվ 256-Ն որոշման հավելվածի 2–րդ կետի համաձայն՝ «Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց` (...)»։

Կառավարության 2018 թվականի հունիսի 28–ի՝ «Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» թիվ 717–Ն որոշման 1–ին կետի համաձայն՝ «Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում տրամադրվում է դատավորի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, (...)»:

Վերը վկայակոչված որոշումների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ որպես դրանցով սահմանված շրջանակի անձանց որոշակի փոխհատուցում ստանալու հիմք, ի թիվս այլնի, նախատեսված է նաև այդ անձանց իրենց մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակելը։ Այլ կերպ՝ նշված որոշումներից հստակ է այն մոտեցումը, որ անձին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ այս կամ այն պաշտոնին նշանակելիս վերջինս ունի ողջամիտ ակնկալիք որոշակի փոխհատուցում ստանալու համար։ Մինչդեռ նշված կարգավորումների համատեքստում անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին՝ հարկ է նկատել, որ վերջիններիս պարագայում որոշակի փոխհատուցում ստանալու իրավունքը ծագում է բացառապես արդեն իսկ պաշտոնի նշանակված լինելու դեպքում մշտական ծառայողական վայրից որոշակի հեռավորությամբ այլ վայր ծառայության նշանակվելու կամ գործուղվելու պարագայում։ Իսկ բացառապես նշված կարգավորման ամրագրված լինելու պայմաններում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ ծառայողը Հակակոռուպցիոն կոմիտեում, ինչը գտնվում է իր մշտական բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորության վրա, պաշտոնի նշանակվելիս անձամբ է պարտավոր հոգալու իր որպես օրինակ մշտական բնակության վայրից դուրս բնակության վայրի վարձավճարը, ի տարբերություն` մյուս պաշտոնատար անձանց։ Գտնում ենք, որ նման պայմաններում առաջանում է չարդարացված կողմնակալություն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների նկատմամբ՝ առնվազն իր բնակության վայրից որոշակի հեռավորության վրա ծառայության նշանակվելիս փոխհատուցում ստանալու ողջամիտ հնարավորություն ունենալու առումով, ուստի անհրաժեշտ են կարգավորումներ, որոնք միասնական կլինեն վերը նշված բոլոր պաշտոնատար անձանց դեպքում և ըստ այդմ՝ կարտահայտեն պետության կողմից որդեգրած միասնական մոտեցումն ու քաղաքականությունը։

Բացի այդ, սույն հարցի համատեքստում անդրադառնալով նաև միջազգային փորձին՝ հարկ է նկատել, որ որպես օրինակ Organisation for Economic Co‑operation and Development (OECD)‑ի ծառայողների կանոնակարգի Կանոն 16/4-ում նշված է, որ պաշտոնյան, իր բնակության վայրից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ վայր ծառայության տեղափոխվելիս, կարող է ստանալ «installation allowance» («տեղափոխման նպաստ»)։

Նշվածից, ինչպես նաև ներպետական օրենսդրության առկա կարգավորումներից էլ պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում, պաշտոնյային բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում տրամադրելիս անհրաժեշտորեն կարևոր է նաև որպես ելակետ ընդունել անձին՝ բնակության վայրից որոշակի հեռավորության վրա ծառայության նշանակելու հանգամանքը։ Ավելին, գործող օրենսդրական կարգավորումներն ինքնին նշվածը համարել են ողջամտորեն իրավաչափ և ողջամիտ ակնկալիք են ձևավորել որոշակի խումբ պաշտոնատար անձանց համար՝ իրենց մշտական բնակության վայրից որոշակի հեռավորությամբ պաշտոնի նշանակվելիս փոխհատուցում ստանալու համար։ Նշվածի պայմաններում՝ կարծում ենք, որ իրավաչափորեն արդարացված է նաև նշված ակնկալիքի օրենսդրական ամրագրումը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար։

Արդյունքում, առաջարկվող լրացմամբ գործնականորեն կերաշխավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների՝ իրենց բնակության վայրից որոշակի հեռավորությամբ պաշտոնի նշանակվելիս համապատասխան փոխհատուցում ստանալու ողջամիտ ակնկալիքը, ինչն էլ իր հերթին ամբողջությամբ համապատասխանում է պետության քաղաքականությանը՝ հաստատել հստակ, իրավական և կիրառելի կարգ, որը  ապահովում է պաշտոնատար անձանց իրավունքների պաշտպանությունը և հավասարաչափ մոտեցման սկզբունքը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանի 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1377-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ արդյունքում նախատեսելով միասնական մոտեցում՝ Նախագծով թվարկված մի խումբ պաշտոնատար անձանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ։

 

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 46-րդ բաժնի դրույթներից, համաձայն որի՝ ընդլայնվելու են պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքները։

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման հավելվածում կատարել լրացում՝ նախատեսելով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին՝ իրենց բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ ծառայության նշանակվելու կամ ծառայության գործուղվելու դեպքում բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության պարագայում ստանալու համապատասխան դրամական փոխհատուցում՝ բնակելի տարածության վարձակալության համար:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է նախատեսել միասնական մոտեցում՝ Նախագծով թվարկված մի խումբ պաշտոնատար անձանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ։

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում ակնկալվում են հետևյալ փոփոխությունները.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բնակության վայրերի մասին ուսումնասիրության արդյունքում՝ նախնական հաշվարկով ակնկալվում է շուրջ 15.0 մլն. դրամի չափով ծախսի ավելացում:

 

6. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել Է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

  • Տևողություն

    15.12.2025 31.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 247

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: