Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

N o __________________Ն «_____» ______________________ 2025 թ.

Նախագիծ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3.5-րդ կետը՝

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ

1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության
կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հրամանը ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից:

Ժ․ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հավելված
Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
2025 թվականի -ի

N - Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող երաժշտական, արվեստի,
գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ՝ «Դպրոց»), անկախ դրանց կազմակերպաիրավական
ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացման
ընթացակարգը։
2. Կարգը կիրառվում է այն դպրոցների նկատմամբ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական,
արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ի և
համապատասխան առարկայական ծրագրերի հիման վրա։
3. Դպրոցներում իրականացվող ծրագրերը նախատեսված են վաղ տարիքից սկսած՝ նպատակ ունենալով
բացահայտել արվեստի բնագավառում շնորհալի և տաղանդավոր երեխաներին, զարգացնել նրանց
ստեղծագործական ունակությունները, ապահովել ինքնադրսևորման, գեղարվեստական կրթության և
գեղագիտական դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև նպաստել արվեստի
ոլորտում մասնագիտական կրթության շարունակականությանն ու սերնդափոխության բնականոն ընթացքին։
4. Լիազոր մարմնի համաձայնությամբ՝ ընդունելության և ավարտական քննությունների գործընթացը կարող է
կազմակերպվել նաև առցանց ձևաչափով, դպրոցի սահմանած ընթացակարգերի համաձայն։
5. Կարգը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող դիմորդների և սովորողների համար մատչելի
կրթական միջավայրի ապահովում, նրանց ստեղծագործական ունակությունների գնահատման հարմարեցված
պայմաններ և անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները։

II. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

6. Դպրոցում իրականացվող արտադպրոցական ծրագրերի շրջանակում ընդունելությունն անցկացվում է
անհատական ընտրության հիմքով՝ նպատակ ունենալով բացահայտել արվեստի հանդեպ հետաքրքրություն և
ստեղծագործական ունակություններ ունեցող երեխաներին։
7. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով դպրոցում և/կամ նրա մասնաճյուղում
ձևավորվում են մասնագիտացված հանձնաժողովներ՝ յուրաքանչյուր ծրագրի կամ բաժնի համար առանձին։

Հանձնաժողովի կազմը, գործունեության ժամանակացույցը և լիազորությունները սահմանվում են դպրոցի
տնօրենի հրամանով:
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ բաժնի մասնագիտացմանը համապատասխան բարձր
որակավորում ունեցող մասնագետներ՝ դպրոցի աշխատակազմից։ Հանձնաժողովի աշխատանքները
ղեկավարում է նախագահը, որի մասնակցությունն ընդունելության վերաբերյալ որոշման կայացման պահին
պարտադիր է։
9. Դպրոցում իրականացվող արտադպրոցական ծրագրերի ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր
արտադպրոցական ծրագրի համար նախատեսված ընդունելության տեղերի քանակը հաստատվում է տնօրենի
հրամանով՝ համաձայնեցված լիազոր մարմնի հետ։
10. Ընդունելությունը իրականացվում է ամեն տարի՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։ Լրացուցիչ
ընդունելություն կարող է կազմակերպվել միայն առկա ազատ տեղերի պարագայում՝ մինչև սույն կարգով
սահմանված վերջնաժամկետը։
11. Դիմորդների ընդունելությունը իրականացվում է տարիքային երկու խմբերի համար՝
1) յոթնամյա կրթության դեպքում՝ 6-ից 9 տարեկան երեխաներ,
2) հնգամյա կրթության դեպքում՝ 9-ից 12 տարեկան երեխաներ:
12. Դիմորդները ներկայացնում են փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է՝
1) դիմում (լրացված ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից),
2) դիմորդի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
3) առողջության վերաբերյալ տեղեկանք՝ սպասարկող բուժհիմնարկից,
4) երկու լուսանկար (3x4 չափի),
5) կցորդ (առկայության դեպքում)՝ դիմորդի նախորդ ստեղծագործությունների նմուշներ (պորտֆոլիո,
ձայնագրություն, նկարչական աշխատանքներ և այլն)։
13. Ընդունելությունն անցկացվում է ստեղծագործական ընտրության ձևաչափով՝ ըստ ծրագրի ուղղվածության։
Դիմորդների գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական չափորոշիչներով՝
1) Երաժշտություն – լսողություն, ռիթմի զգացողություն, հիշողություն,
2) Կերպարվեստ – գծագրություն, գունային զգացողություն, գեղագիտական մտածողություն,
3) Պարարվեստ – ֆիզիկական տվյալներ, ռիթմի զգացողություն, պարայնություն
4) Թատերարվեստ- արտահայտչականություն (արտիստիզմ), ռիթմի զգացողություն, երևակայություն,
բեմում ինքնազգացողություն և ազատություն, ինտերակտիվ հաղորդակցություն։

14. Յուրաքանչյուր բաժնի համար հաստատվում են համապատասխան առաջադրանքների ցանկ, բարդության
մակարդակներ և գնահատման ցուցանիշներ։ Դրանք մշակվում են դպրոցի կողմից և հրապարակվում
ընդունելության նախաշեմին՝ ոչ ուշ, քան ընդունելության մեկնարկից 21 օր առաջ։
15. Ստեղծագործական առաջադրանքները դասակարգվում են ըստ բարդության՝ երեք աստիճանի։ Դիմորդի
առաջադրանքի մակարդակը ընտրվում է՝ ելնելով նրա տարիքից և կարողություններից։
16. Գնահատումն իրականացվում է տասը միավոր սանդղակով՝ հետևյալ սկզբունքներով՝
1) 9–10 միավոր՝ գերազանց տվյալներ, ակնհայտ ստեղծագործական ներուժ,
2) 7–8 միավոր՝ բավարարից բարձր, ուսուցման լավ պոտենցիալ,
3) 5–6 միավոր՝ բավարար, առաջարկվում է փորձաշրջան,
4) 4 և ցածր միավոր՝ անբավարար, ընդունելությունը տվյալ տարում չի հաստատվում։
17. Հաշմանդամություն ունեցող դիմորդների համար դպրոցը պարտավոր է ապահովել հասանելի միջավայր և
հարմարեցված գնահատման պայմաններ։ Անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել
մասնագիտական հոգեբան կամ հատուկ մանկավարժ։
18. Դպրոցը հրապարակում է ընդունելության հետ կապված հետևյալ տեղեկատվությունը՝
1) ընդունելության կազմակերպման կարգը,
2) արտադպրոցական ծրագրերի (մասնագիտությունների) ցանկը,
3) արտադպրոցական ծրագրերի համար նախատեսված տեղերի քանակը,
4) ընդունելության դիմումի ձևը (ըստ ձև 1-ի)
5) ընդունելության հարցերով կապ հաստատելու կոնտակտային տվյալները։
19. Այս տեղեկատվությունը տեղադրվում է դպրոցի տեղեկատվական վահանակում, պաշտոնական կայքում և
սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)՝ ընդունելության գործընթացի մեկնարկից ոչ ուշ, քան
21 օրացուցային օր առաջ:
20. Փաստաթղթերի ընդունումը սկսվում է մայիսի 1-ից և շարունակվում է մինչև օգոստոսի 25-ը:
21. Դիմորդները, ովքեր հիմնավորված փաստաթղթերով (օրինակ՝ հիվանդության վերաբերյալ բժշկական
տեղեկանք) հաստատել են, որ չեն կարողացել մասնակցել հիմնական ընդունելությանը, իրավունք ունեն
մասնակցել ընդունելությանը այլ ժամանակ՝ պայմանով, որ այն տեղի կունենա մինչև ընդունելության
վերջնաժամկետը՝ սահմանված սույն կարգի 11-րդ կետով։
22. Դիմորդի ծնողին (կամ օրինական ներկայացուցչին) դպրոցը տրամադրում է խորհրդատվական
աջակցություն՝ ընդունելությանը վերաբերող հարցերի շուրջ:
23. Ընդունելության գործընթացում արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը։
24. Ընդունելության արդյունքների վերաբերյալ որոշումը կայացվում է հանձնաժողովի դռնփակ նիստում՝
նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում
վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը։

25. Յուրաքանչյուր նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է բոլոր անդամների
կողմից և ներկայացվում դպրոցի տնօրենին՝ ընդունելության վերաբերյալ պաշտոնական որոշում
կայացնելու նպատակով։
26. Ընդունելության արդյունքները հրապարակվում են ոչ ուշ, քան որոշման ընդունումից հետո 3
աշխատանքային օրվա ընթացքում՝ դպրոցի պաշտոնական կայքում, սոցիալական էջերում (առկայության
դեպքում) և տեղեկատվական վահանակում։
27. Ընդունելության արդյունքների հրապարակումից հետո ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) կարող է
մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գրավոր բողոք (ըստ ձև 2-ի)՝ դիմելով դպրոցի տնօրենի
կողմից ձևավորված բողոքարկման հանձնաժողովին։
28. Բողոքարկման հանձնաժողովի կազմը հաստատվում է դպրոցի տնօրենի հրամանով։ Բողոքարկման
հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամներից՝ դպրոցում աշխատող այն անձանցից, ովքեր չեն
ընդգրկվել ընդունելության հանձնաժողովի կազմում։
29. Բողոքարկման հանձնաժողովը քննարկում է դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և կայացնում
վերջնական որոշում՝ դիմորդի կրկնակի ընտրության նպատակահարմարության վերաբերյալ։
30. Բողոքարկման հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի ընթացքում վարվում է արձանագրություն, որտեղ
արտացոլվում են քննարկման ընթացքը և ընդունված որոշումները։
31. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը ստորագրվում է բողոքարկման հանձնաժողովի նախագահի կողմից
և դպրոցի կողմից ծանուցվում է ծնողին (կամ օրինական ներկայացուցիչին):
32. Ընդունելության արդյունքները հաստատված լինելուց հետո դպրոցը նախաձեռնում է պայմանագրի կնքում
դիմորդի ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) հետ։
33. Դպրոցը կարող է կազմակերպել ընդունելություն նախադպրոցական, հետդպրոցական և ընդհանուր
գեղագիտական զարգացման ծրագրերով ուսուցման համար։ Նշված ծրագրերի ընդունելությունը և
իրականացումը հաստատվում են դպրոցի տնօրենի հրամանով՝ համաձայնեցված Լիազոր մարմնի հետ։
34. Ըստ ենթակայության՝ դիմորդների ընդունելության տվյալները հաշվառվում են՝
1) Համայնքային ենթակայության դպրոցների և տվյալ համայնքում գործող ոչ պետական դպրոցների
դեպքում՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի)
համապատասխան բաժիններում կամ վարչություններում,
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
ենթակայության դպրոցների դեպքում՝ նախարարության հանրակրթության վարչությունում։

III. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

35. Դպրոցում արտադպրոցական ծրագրի ամբողջական ավարտից հետո սովորողը հանձնում է ավարտական
քննություն (այսուհետ՝ քննություն), որը կազմակերպվում է ուսումնական տարվա ավարտին և
նախատեսված է գնահատելու նրա ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և ստեղծագործական
առաջընթացը:
36. Քննությունների անցկացման վայրն ու ժամանակացույցը հրապարակվում են դպրոցի տեղեկատվական
վահանակում, ինչպես նաև պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)՝
առնվազն 10 օր առաջ։
37. Հաշմանդամություն ունեցող սովորողների համար քննությունները կազմակերպվում են անհատական
մոտեցմամբ և հարմարեցված պայմաններով՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական, զգայական կամ այլ
առանձնահատկությունները։
38. Քննությունների կազմակերպման նպատակով դպրոցում ձևավորվում են մասնագիտացված
հանձնաժողովներ՝ յուրաքանչյուր ծրագրի կամ առարկայական ուղղվածության համար առանձին։
Հանձնաժողովի կազմը, գործունեության ժամանակացույցը և լիազորությունները սահմանվում են դպրոցի
տնօրենի հրամանով։
39. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ինչպես դպրոցի մանկավարժական կազմի
ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրված ոլորտային մասնագետներ՝ միջին մասնագիտական և
բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինքնազբաղ արվեստագետներ, մշակութային
կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ համապատասխան կառույցների մասնագետներ։
40. Քննության արդյունքները գնահատվում են տասը միավոր սանդղակով՝
1) 9, 10 միավոր — գերազանց։
 2) 6, 7, 8 միավոր — լավ,
 3) 3, 4, 5 միավոր — բավարար,

41. Վերջնական գնահատականը արձանագրվում է համապատասխան փաստաթղթում՝ հանձնաժողովի
անդամների ստորագրությամբ։ Անբավարար գնահատական (2 և ցածր) ստացած սովորողին տրվում է
կրկնակի քննություն հանձնելու հնարավորություն՝ դպրոցի կողմից սահմանված կարգով և ժամկետներում։
42. Սովորողը պարտավոր է ներկայանալ քննություններին ժամանակին և համապատասխան հագուստով:
43. Քննությունների ընթացքում սովորողին արգելվում է արտաքին օգնություն ստանալ, ինչպես նաև
օգտագործել բջջային հեռախոսներ կամ այլ էլեկտրոնային սարքեր։
44. Դիմորդի ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել
բողոքարկման հանձնաժողովին (ըստ ձև 3-ի)՝ քննությունների կազմակերպման ընթացակարգի և (կամ)
արդյունքների վերաբերյալ, ոչ ուշ, քան արդյունքների հրապարակումից հետո հաջորդ աշխատանքային օրը։

45. Բողոքարկման հանձնաժողովի կազմը հաստատվում է դպրոցի տնօրենի հրամանով և բաղկացած է առնվազն
երեք անձից՝ բացառելով ավարտական հանձնաժողովի անդամներին։
46. Բողոքարկումը քննարկվում է հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ
աշխատանքային օրվա ընթացքում։ Նիստին կարող է մասնակցել դիմորդի ծնողը (կամ օրինական
ներկայացուցիչը)։
47. Որոշումն ընդունվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝
հանձնաժողովի նախագահի պարտադիր ներկայությամբ։ Ձայների հավասարության դեպքում որոշիչ է
հանձնաժողովի նախագահի ձայնը։
48. Բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում քննության կրկնակի հանձնման
նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ։
49. Բողոքարկման հանձնաժողովի նիստերի ընթացքում վարվում է արձանագրություն, որտեղ արտացոլվում է
քննարկման ընթացքը և ընդունված որոշումները:
50. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը ստորագրվում է բողոքարկման հանձնաժողովի նախագահի կողմից
և դպրոցի կողմից ծանուցվում է ծնողին (կամ օրինական ներկայացուցիչին):
51. Դպրոցի ավարտական փաստաթուղթ ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական
ստուգարքներն ու քննությունները:

Ձև 1

ԴԻՄՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

(երաժշտական / արվեստի / գեղարվեստի / պարարվեստի դպրոցի սովորող ընդունելու համար)
Դիմումատուի տվյալները
Ազգանուն, անուն, հայրանուն՝ ____________________________________________
Հասցե՝ ____________________________________________________________
Հեռախոսահամար՝ __________________________________________________
Էլ. հասցե (ըստ անհրաժեշտության)՝ ______________________________________
Սովորողի տվյալները
Ազգանուն, անուն, հայրանուն՝ ____________________________________________
Ծննդյան թվական, ամիս, օր՝ ____________________________________________

Սեռ՝ □ Արական         □ Իգական
Ծննդյան վկայականի/անձնագրի համարը՝ ________________________________
Կրթական հաստատություն (եթե հաճախում է)՝ _______________________________
Ընտրված բաժինը (նշել համապատասխան բովանդակային ուղղությունը)՝
□ Երաժշտարվեստ     □ Պարարվեստ     □ Գեղարվեստ     □ Թատերարվեստ     □ Այլ՝
Ընտրված մասնագիտություն_______________________________
Ուսումնական ծրագիր (նշել տարիքին համապատասխան)
□ 7-ամյա       □ 5-ամյա       □ Այլ՝ _____________
Դիմումին կից ներկայացվում են.
1. Լուսանկար՝ 2 հատ (3x4)
2. Ծննդյան վկայականի/անձնագրի պատճեն
3. Առողջության մասին տեղեկանք (սպասարկող բուժհիմնարկից),
Խնդրում եմ իմ երեխային (դիմորդին) ընդունել վերոնշյալ բաժինը՝ դպրոցի համապատասխան ուսումնական
ծրագրով։

______________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ստորագրություն)
Ամսաթիվ: ____ / ____ / 20___ թ.

Ձև 2

ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

(Ընդունելության արդյունքների կամ ընթացակարգի վերաբերյալ)

Դիմումատու՝ ______________________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանուն)
Հասցե՝ ___________________________________________
Հեռախոս՝ _________________________________________
Էլ. հասցե՝ _________________________________________
Ում՝ _____________________________________________
(Դպրոցի տնօրենի անուն, ազգանուն)
Դիմում
Հարգելի՛ __________________________________,

Ես՝ ստորագրյալը, իմ որդու/դստեր՝
Ազգանուն, անուն, հայրանուն _______________________________________________,
որը մասնակցել է ձեր կողմից կազմակերպված ընդունելությանը (բաժին՝ ______________________,
ամսաթիվ՝ ____ / ____ / 20 ), սույնով ներկայացնում եմ բողոք՝ ընդունելության գործընթացի □
ընթացակարգի / □ արդյունքների վերաբերյալ։
Բողոքի պատճառը հետևյալն է՝

________________________________________________________________________
___
(մեկնաբանել իրավիճակը, օրինակ՝ գնահատման անհամապատասխանություն, հանձնաժողովի աշխատանքում
թերացում, բացթողում, կարգի խախտում և այլն)
Խնդրում եմ վերանայել ընդունելության գործընթացը և արդյունքները՝ բողոքարկման կարգով, ինչպես
սահմանված է դպրոցի ընդունելության կարգում։
Կից ներկայացնում եմ՝
-Պաշտոնական փաստաթղթերի պատճեններ (եթե կան),
-Այլ հիմնավորող տեղեկանքներ կամ գրառումներ (ըստ անհրաժեշտության)։
Հարգանքով՝

______________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ստորագրություն)
Ամսաթիվ: ____ / ____ / 20___ թ.
Ձև 3

ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

(Ավարտական քննությունների արդյունքների կամ ընթացակարգի վերաբերյալ)

Ում՝
__________________________ (դպրոցի տնօրենի անուն, ազգանուն)
Ումից՝
Ես՝ ___________________________,
(ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն)
սովորող ______________________________
(աշակերտի անուն, ազգանուն)
_________________ դասարանի,
ուսումնական ծրագիր՝ ______________________ (օր.՝ երաժշտական, կերպարվեստի և այլն),

սույնով բողոքարկում եմ սույն թվականի _____________ (ամսաթիվ)-ին անցկացված ավարտական
քննության արդյունքը՝ վերանայման նպատակով։
Բողոքարկման հիմք:

(նշեք պատճառը՝ օրինակ՝ կողմնակալ գնահատում, ընթացակարգի խախտում, թյուրիմացություն
գնահատականում և այլն)
Խնդրում եմ ստեղծել բողոքարկման հանձնաժողով և վերանայել նշված քննության արդյունքը՝ սահմանված
կարգով։
Հավելվում են՝
1. Պաշտոնական տեղեկանք / գնահատականի արտացոլումը (այս անհրաժեշտության դեպքում)
2. Այլ ապացույցներ կամ հիմնավորումներ՝ ըստ բովանդակության
Ամսաթիվ՝ _______________
Ստորագրություն՝ __________________
Հեռ․ ____________________
Էլ․ փոստ՝ ___________________

  • Քննարկվել է

    14.11.2025 - 30.11.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Ժամանակակից արվեստ

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 552

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: