25.11.2025
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է 214․4 հոդվածի 3-րդ մասով սահմանել, որ․ «Այն դեպքերում, երբ վիճարկվող որոշումն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատվելը բավարար է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:»։
Կարծում ենք, որ առաջարկվող կարգավորումը իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ․
Առաջարկվող կարգավորումից բխում է, որ նույնիսկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման համար հիմք ծառայած փաստական հիմքերից մի մասը հաստատված չհամարելու դեպքում դատարանը պետք է մերժի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու պահանջն ամբողջությամբ, այնինչ նշված փաստական հիմքերից նույնիսկ մեկի չհաստատվելը կարող է էական նշանակություն ունենալ առնվազն անձի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցի ընտրության համաչափության գնահատման համատեքստում։
Այլ կերպ ասած՝ փաստական հիմքերից որոշների չհաստատվելը կարող է հանգեցնել անձի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցի անհամաչափության վերաբերյալ հիմնավոր հետևության, ուստի նման պարագայում դատարանին հայցը մասնակի բավարարելու լիազորությունից օրենքի ուժով զրկելը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն կհանգեցնի ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքի խախտումների։
Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել 214․4 հոդվածի 3-րդ մասը։