Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

1. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել ինքնակարգավորվող կազմակերպությունների իրավասու մարմինների՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների կապակցությամբ առաջացող վեճերով ընդդատության վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ վերապահելով դրանց քննությունն ընդհանուր իրավասության դատարանին, ինչպես նաև բացառել նշված կազմակերպությունների իրավասու մարմինների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերի կապակցությամբ պրակտիկայում հանդիպող տարընկալումները։ 

2. Նախագծերի կարգավորումների արդյունքում առավել արդյունավետ կդառնա անվճար իրավաբանական օգնության համար պետության կողմից հատկացվող միջոցների կառավարումը և օգտագործումը: Փոփոխությունները միտված են նաև նվազեցնելու հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը: 

3. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել կարգապահական վարույթի իրականացման կարգը, նախատեսել վարույթի կասեցման հնարավորությունը:

  • Քննարկվել է

    11.11.2025 - 26.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1402

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

25.11.2025

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է 214․4 հոդվածի 3-րդ մասով սահմանել, որ․ «Այն դեպքերում, երբ վիճարկվող որոշումն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատվելը բավարար է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:»։

 

Կարծում ենք, որ առաջարկվող կարգավորումը իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ․

Առաջարկվող կարգավորումից բխում է, որ նույնիսկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման համար հիմք ծառայած փաստական հիմքերից մի մասը հաստատված չհամարելու դեպքում դատարանը պետք է մերժի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու պահանջն ամբողջությամբ, այնինչ նշված փաստական հիմքերից նույնիսկ մեկի չհաստատվելը կարող է էական նշանակություն ունենալ առնվազն անձի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցի ընտրության համաչափության գնահատման համատեքստում։ 

Այլ կերպ ասած՝ փաստական հիմքերից որոշների չհաստատվելը կարող է հանգեցնել անձի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցի անհամաչափության վերաբերյալ հիմնավոր հետևության, ուստի նման պարագայում դատարանին հայցը մասնակի բավարարելու լիազորությունից օրենքի ուժով զրկելը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն կհանգեցնի ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքի խախտումների։

Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել 214․4 հոդվածի 3-րդ մասը։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

25.11.2025

Նախագծի 43-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետի կապակցությամբ հարկ է նկատել, որ հանրային պաշտպանության ապահովումը դադարեցնելը կարող է հանգեցնել մեղադրյալի իրավական օգնություն ստանալու և արդար դատաքննության իրավունքների խախտմանը։ Եթե վարույթն իրականացնող մարմինը պարզապես չի տրամադրում համապատասխան տեղեկատվությունը կամ ձգձգում է այն տրամադրելը, և եթե տվյալ գործը պաշտպանի պարտադիր մասնակցության դեպք չէ, ապա ստացվում է, որ մեղադրյալը կարող է փաստացի մնալ առանց պաշտպանության։

Վարույթն իրականացնող մարմինները կարող են փաստացի ձգձգել տեղեկատվության տրամադրման ժամկետները, ստեղծելով պայմաններ, որ մեղադրյալը սեփական միջոցներով հրավիրի փաստաբան, իսկ եթե մեղադրյալը չունենա բավարար ֆինանսական միջոցներ, ապա նա առհասարակ զրկվելու է թե՛ հանրային պաշտպանի, թե՛ փաստաբանի ծառայություններից։

Հանրային պաշտպանությունն ապահովելը դադարեցնելու հնարավորությունը, թեև տրամաբանական է չարաշահումների դեմ պայքարում, բայց կարող է հանգեցնել ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավական օգնություն ստանալու իրավունքի խախտմանը (ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդված)։

Եթե հանրային պաշտպանության ապահովումը դադարեցվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ապա այն կարող է որոշակիորեն իր մեջ ռիսկեր պարունակել, կախվածություն և շահագրգռվածություն, ինչի արդյունքում էլ չի երաշխավորվի անձի/մեղադրյալի ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների արդյունավետ իրացումը:

 

Բացի այդ, սույն նախագծով սահմանված տասնօրյա ժամկետը գործնականում հաճախ անիրատեսական է։ Քրեական գործերով հաճախ տեղեկատվության տրամադրումը ֆիզիկապես հնարավոր չէ ստանալ 10 օրվա ընթացքում։

Հետևաբար՝ օրենքը կարող է չկատարվել կամ գործարկվել սահմանափակ նպատակներով։ Վերոգրյալի համատեքստում ևս կարող են խախտվել ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով սահմանված անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Առաջարկություն՝ Նախագծի 43-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետում նախատեսված նոր կանոնակարգին ավելացնել հետևյալ պարբերությունը․

"Հանրային պաշտպանությունն ապահովելու դադարեցումը չի կարող հանգեցնել քրեական վարույթում մեղադրյալի պաշտպանություն ունենալու իրավունքի խախտմանը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից պաշտպանությունն ապահովելու դադարեցման մասին որոշումը ուժի մեջ է մտնում միայն այն ժամանակ, երբ նույն պահին ապահովված է տվյալ անձի պաշտպանությունն այլ պաշտպանով։"։ 

Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահանջվող տեղեկության չտրամադրումը չի կարող որևէ բացասական հետևանք առաջացնել մեղադրյալի համար, և համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, որի մասին հանրային պաշտպանի գրասենյակը իրավասու է հայտնել վերադաս մարմիններին։

Ինչպես նաև, առաջարկվում է տասնօրյա ժամկետը սահմանել քսանօրյա ժամկետ։

 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: