Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

    Գործող կարգով նախատեսված է սովորողների տեղափոխման ընդհանուր ընթացակարգ, որը սահմանում է տեղափոխության հիմքերը և կարգը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության լիցենզավորված սահմանային տեղերը։ Սակայն գործնականում նկատվել է, որ այդ կարգավորումները լիարժեքորեն չեն արտացոլում ընտանիքի միասնական կրթական միջավայրի ապահովման հարցերը, մասնավորապես, երբ նույն ընտանիքի մի քանի երեխա ցանկանում են սովորել նույն դպրոցում, բայց տեղերի սահմանափակման պատճառով որոշ երեխաների ընդունելությունը մերժվում է, կամ երբ երկյակների, եռյակների և քառյակների դեպքում տեղափոխությունը չի ապահովում մյուս երեխաների միաժամանակյա ընդունելությունը նույն հաստատություն։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նույն ընտանիքի սովորողներից մեկը տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում, այդ հաստատությունում սովորելու նախապատվություն ունենան նրա եղբայրներն ու քույրերը (19.1-րդ կետ), և ամրագրել, որ երկյակների, եռյակների կամ ավելի սովորողների դեպքում առնվազն մեկի տեղափոխությունը հաստատություն ավտոմատ կերպով ապահովում է մյուսների ընդունելությունը նույն հաստատությունում՝ անկախ լիցենզավորված սահմանային տեղերի առկայությունից (19.2-րդ կետ)։

  • Քննարկվել է

    31.10.2025 - 15.11.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1742

Տպել

Առաջարկներ`

Նաիրա Էլբակյան

15.11.2025

Ողջունում եմ և լիովին համակարծիք եմ սույն նախագծի լրամշակման հետ, (ինչը զերծ կպահի հաստատությունների կողմից իրականացվող ավելորդ քաշքշուկից և անտեղի թղթաբանությունից), սակայն կարծում եմ (19.2-րդ կետ)-ում՝․․․ավտոմատ կերպով ապահովում է մյուսների ընդունելությունը նույն հաստատությունում`..., հարկ է նշել նաև, ․․․սովորողի/սովորողների ցանկության դեպքում միայն։ Երկյակների, եռյակների կամ ավելի սովորողներից մեկի տեղափոխումն ապահովելով, կարելի է հաշվի առնել ոչ միայն տեղափոխվող սովորողի և սովորողի ծնողի՝ որպես անչափահասի իրավական ներկայացուցչի և պատասխանատուի կարծիքն ու ցանկությունը միայն, այլև նույն ընտանիքի մյուս սովորողի/սովորողների ցանկությունը՝ իր/իրենց իսկ հաստատությունից մեկ այլ հաստատություն տեղափոխվելու մասին՝ չանտեսելով նույն ընտանիքի մյուս սովորողի/սովորողների իրավունքները։

Իսկուհի Բալյան

14.11.2025

Նախագիծն ամբողջությամբ համահունչ է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված երեխայի լավագույն շահի գերակայության և կրթության մատչելիության սկզբունքներին։

Նախագիծը ընտանիքամետ և սովորողակենտրոն մոտեցում ունի։ Մասնավորապես՝ 19.1 և 19.2 կետերը վերացնում են այն իրավիճակը, երբ զուտ վարչական կամ տեղերի սահմանափակման պատճառով քույրերն ու եղբայրները ստիպված են լինում սովորել տարբեր դպրոցներում։ Սա ոչ միայն լուծում է ծնողների լոգիստիկ և ժամանակի կառավարման լրջագույն խնդիր, այլև, ինչպես շատ դիպուկ նշված է հիմնավորման մեջ, ապահովում է երեխաների սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը։ Նույն դպրոցում սովորելը նպաստում է երեխաների անվտանգության զգացումին և հարմարվողականության  գործընթացի հեշտացմանը։

Թեև լիովին կիսում եմ, որ երկյակներին, եռյակներին չի կարելի բաժանել, առաջարկում եմ նախարարությանը մշակել մեթոդական ուղեցույց կամ լրացուցիչ կարգավորում այն բացառիկ դեպքերի համար, երբ 19.2 կետի կիրառման արդյունքում դասարանում սովորողների թիվը գերազանցում է սահմանված նորմատիվը։ Օրինակ՝ դպրոցին տրամադրել լրացուցիչ ռեսուրս (ասենք՝ ուսուցչի օգնականի ժամաքանակ) կամ այլ աջակցող մեխանիզմներ՝ տվյալ դասարանում կրթության որակը չտուժելու համար։

Մարինե Հովհաննիսյան

12.11.2025

Նախագիծը հնարավորություն է տալիս լուծել գործող կարգով առկա խնդիրները՝ ապահովելով նույն ընտանիքի մի քանի երեխաների ուսուցումը մեկ ուսումնական հաստատությունում, պահպանելով ընտանիքի միասնական կրթական միջավայրը, նվազեցնելով սոցիալ-հոգեբանական անհարմարությունները և բարձրացնելով կրթության հասանելիությունն ու հավասար հնարավորությունները:

Առաջարկվում է ապահովել մեխանիզմներ, որոնք կվերահսկեն բազմազավակ ընտանիքների երեխաների միասնական ընդունելության գործընթացը և կնպաստեն նախագծի դրույթների արդյունավետ իրագործմանը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: