Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      2024 թվականի մայիսի 26-ին Դեբետ գետի վարարումների հետևանքով ափամերձ տարածքներում տեղի ունեցած ավերածությունների, գետափնյա տարածքներին հասցված վնասի գնահատման, այդ հատվածներում հողամասերի տրամադրման և դրանցում շինությունների կառուցման իրավաչափության և ոլորտային օրենսդրության վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից ներկայացվել է առաջարկ՝ ուղղված Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողերի ցանկի սահմանմանը։

Վերոնշյալ ցանկի սահմանման նպատակով իրականացվել է Ջրային և Հողային օրենսգրքերի վերլուծություն, ինչի արդյունքում վեր են հանվել դրանցում առկա հակասությունները, մասնավորապես՝ Ջրային օրենսգրքով սահմանված չեն մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են Հողային օրենսգրքով, իսկ որոշ հասկացություններ էլ ունեն տարբեր սահմանումներ։

Ջրային օրենսգրքով սահմանված ջրային հողերը բացառապես հանդիսանում են ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված հողեր, որոնց մասով լիազոր մարմին է  հանդիսանում Ջրային կոմիտեն, իսկ Հողային օրենսգրքով սահմանված ջրային հողերը վերաբերելի են թե´ ջրային ռեսուրսներին, թե´ ջրային համակարգերին այն պարագայում, երբ դրանց շրջանակները և դրանց հետ կապված գործառույթների համար պատասխանատու մարմինները հստակ տարանջատված են Ջրային օրենսգրքով։

     Ջրային օրենսգրքով սահմանված չեն մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են Հողային օրենսգրքով, իսկ որոշ հասկացություններ էլ ունեն տարբեր սահմանումներ։ Մասնավորապես՝

- ջրային ռեսուրսներ՝  բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներ են` մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր,

- ջրային համակարգ՝ « ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար,․․․․»,

- ջրային հողեր՝ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված հողեր։

Միաժամանակ, «ջրային ֆոնդ» հասկացություն սահմանված չէ Հողային և Ջրային օրենսգրքերով։ Ջրային օրենսգրքով սահմանված չէ նաև «ջրային օբյեկտ» և «ջրային օբյեկտների հողեր» հասկացություններ։

Հողային և Ջրային օրենսգրքերի վերոնշյալ կարգավորումների համապատասխանեցման և հստակեցման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը. «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները:», անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։   Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է քննարկում կապված պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողերի ցանկի սահմանման՝ համապատասխան իրավական ակտի մշակման հետ։ Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն), նախարարության ջրային կոմիտեի, կադաստրի կոմիտեի մասնագետները։ Արդյունքում ներկայացվել են առաջարկներ Հողային և Ջրային օրենսգրքերում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

    2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով՝

·         խմբագրվել են «մեկուսի ջրային օբյեկտներ», «բնական և արհեստական ջրային օբյեկտներ» հասկացությունները՝ վերջիններս համապատասխանեցնելով Ջրային օրենսգրքում կիրառվող հասկացությունների հետ,

·         հստակեցվել է, որ  ջրային հողեր են համարվում մակերևութային ջրային ռեսուրսներով, բնաղբյուրներով և ջրային համակարգերով զբաղեցված, ինչպես նաև դրանց օգտագործման և պահպանության համար առանձնացված հողերը,

·         60-րդ հոդվածում՝ 1-ին մասի 5-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, 11-րդ կետում՝ «ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի» բառերը հանվել են, հոդվածը լրացվել է նոր 11.1-ին կետով, ինչը կապված է ջրային ոլորտի լիազոր մարմինների իրավասությունների տարանջատման, ինչպես նաև պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողերի ցանկի սահմանման հստակեցման հետ։

    3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

      Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

    4 Ակնկալվող արդյունքը

      Օրենքի նախագծի ընդոնումը կնպաստի Հողային և Ջրային օրենսգրքերում առկա անհամապատասխանությունների վերացմանը, Հողային օրենսգրքով ջրային ոլորտի լիազոր մարմինների իրավասությունների տարանջատմանն ուղղված կարգավորումների հստակեցմանը, ոլորտում առկա խնդիրների լուծման ապահովմանը։

     5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

    Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

       6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Օրենքի նախագծի մշակումը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ (շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունների 4.10 մասի՝ հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում՝ ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.10.2025 - 11.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1195

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: