Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒԹՅՈՒ­ՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

 

  1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

     ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրա­ցումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետու­թյունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է լեզվի բնագավառում օրենսդրական բացերը վերացնելու, օրենքի միատեսակ կիրառումը, իրավական որոշակիության սկզբունքը, Հա­յաստանի  Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառությունը բոլոր ոլորտ­ներում ապահովելու անհրաժեշտությամբ:

      Ըստ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ` 12-րդ հոդված)` «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»:   

    Հայաստանի Հանրապետության պետական լեզվաքաղաքականության հիմնա­կան դրույթ­ները սահմանվում, լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմին­ների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվա­հարաբե­­րությունները կարգավորվում են «Լեզվի մասին» ՀՀ  օրենքով:        

    Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի` «Հայաստանի Հանրա­պետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»: 

      Նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասը վերաբերում է «Լեզ­վի մասին» ՀՀ օրենքում առկա բացերին․ առաջարկվում է խմբագրել «պետական լեզվա­քաղաքականություն», «գործավարություն» և «ցուցանակ» հասկացությունները, ինչպես նաև օրենքը լրացնել «լեզվավիճակի ուսումնասիրություն», «լեզվավիճակի մշտա­դի­տար­կում», «պետական լեզվական վերահսկողություն», «լեզվական փորձաքննություն», «փաս­տաթուղթ», «ձևաթուղթ», «զուգակցել օտար լեզվով» նոր հասկացություններով։ Նշված հասկացությունների որոշակիացումը և նոր հասկացությունների սահմանումը հնա­րա­վորություն կտա առավել արդյունավետ դարձնել լեզվի բնագավառում իրակա­նացվող պետական վերահսկողությունը։

     Նախագծով առաջարկվող փոփոխությունների թվում է նաև հրապարակային գրվածքների (գովազդ, ցուցանակ, ծանուցման բնույթի այլ հրապարակային գրվածք) լեզվական ձևավորման պահանջների նախատեսումը, ինչպես նաև դրանց լեզվական ձևավորման կարգը։ Նշված կարգավորումները թույլ կտան որոշակիացնել այն լեզվական պահանջները, որոնք անհրաժեշտ է պահպանել հրապարակային գրվածքների (ցուցա­նակ, գովազդ, ծանուցման բնույթի այլ հրապարակային գրվածք) ձևավորման ժամանակ։ Օրենքի միատեսակ կիրառությունը, իրավական որոշակիության սկզբունքն ապահո­վելուն, օրենսդրական բացը վերացնելուն են միտված նաև հարակից՝ «Գովազդի մասին»,  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները։

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության նոր խմբագրությունը միտված է լեզվաքաղաքականության  բնագավառում միջոցառումներ իրականացնող մարմինների ու մեխանիզմների հստակեցմանը։

 

  1.   ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

     2.1.  ՀՀ լեզվի կոմիտեի նախապատրաստած նյութերով վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննությունը կատարում է վարչական դատարանը՝ Լեզվի կոմիտեի հայցադիմումի հիման վրա (Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրք, 223-րդ, 254-րդ, 1892-1896-րդ հոդվածներ,  ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 3-րդ հոդված, 2-րդ մաս, 1-ին կետ

Իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքներից է իրավական որոշակիությունը, որը պահանջում է, որ դատարանի` որևէ հարցի կապակցությամբ կայացրած վերջնական դատական ակտը կասկած չհարուցի: Դատարանի հիմնավորված և պատճա­ռաբանված որոշում կայացնելու հիմնաքարը օրենքով ամրագրված նորմերի այնպիսի որոշակիությունն է, որը տարընթերցման, տարընկալման և տարբեր կերպ մեկնաբանելու հնարավորություն չի տա։

«Պետական լեզվաքաղաքականություն», «գործավարություն», «ցուցանակ» հասկացությունների ոչ լիարժեք սահմանված լինելը և «լեզվավիճակի ուսումնասիրություն», «լեզվա­վիճակի մշտադիտարկում», «լեզվական փորձաքննություն», «փաստաթուղթ», «պետա­կան լեզվական վերահսկողություն», «ձևաթուղթ», «զուգակցել օտար լեզվով» հասկա­ցությունները սահմանված չլինելը խոչընդոտում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջ­ների ապահովմանը։ 

     Հանրային իրավահարաբերություններում բացի ցուցանակից ու գովազդից տեղեկատվության աղբյուր են նաև ծանուցման բնույթի հրապարակային այլ գրվածքներ, մինչդեռ  «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված չէ դրանք հայերեն ձևավորելու պարտականությունը և այն չկատարելու համար պատասխանա­տվությունը։

 Ինքնապա­տասխանիչ սարքերով կամ տեխնիկական այլ միջոցներով քաղաքացիներին տրվող տեղեկության լեզվի պահանջը ևս սահմանված չէ օրենքով։

     2.2.  Ըստ «Լեզվի մասին» ՀՀ  օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի՝ Հայաս­տանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, ի թիվս այլնի, պարտավոր են գով­ազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Սույն նորմի հիմքով գովազդի լեզուն կարգավորող իրավահարաբերությունները նախատեսվում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքում։

2.3. Լեզվի կոմիտեն՝ որպես պետական  լեզվաքաղաքականություն իրականացնող լիազորված պետական մարմին, սույն օրենքի պահանջների կատարումն ապահովում է նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Լեզվի կոմիտեն սույն օրենքով նախատեսված ստուգումներ չի կարողանում կատարել, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաս­տատվել ստուգաթերթերը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդա­բա­նությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը։

       2.4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելը բխում է ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի տրամա­բա­նությունից։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

     Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարությանը լեզվի կոմիտե:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

   Կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը, օրենքի միատեսակ կիրառումը, չի խախտվի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Օրենքին համապատասխան կմեկնաբանվի և կկիրառվի «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսված հասկացությունները, կվերանան այդ հասկացությունների տարաբնույթ մեկնաբանությունները։ Դատական պրակտիկան միևնույն փաստական հանգամանքներով գործերով կլինի միատեսակ, որը կնպաստի իրավախախտումների կանխարգելմանն ու նվազմանը:

     Նախագծով հստակեցվում է նաև մյուս պետական մարմինների պետական լեզվաքաղաքականություն իրականացնելու օրենքով սահմանված լիազորությունը։

 

  1.     ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

      Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»։

 ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների ընդունումը բխում է «Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի» 5-րդ «Պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում» կետի 5.1 «Ձևավորված են իստիտուցիոնալ կարողություններ պետական կառավարման գործառութային (ֆունկցիոնալ) և ինստիտուցիոնալ արդիականացման օրակարգը մշակելու և իրականացնելու համար» ենթակետի պահանջներից և «Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության» «Մեր ազգային արժեքները» գլխի 3-րդ, «Մեր ազգային նպատակները» գլխի 6-րդ կետերից։

Առաջարկվող փոփոխություններով հստակվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ պետա­կան լեզվաքաղաքականության վերահսկողության գործառույթն իրականացնելու յուրաքանչյուրի սահ­­մանները, հստկեցվում են նաև պատասխանատվության մեխանիզմները։ Այդ կերպ, առաջարկող նախագծով փոփոխվում են լեզվական վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ ձևավորելով այնպիսի ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք համահունչ են լինելու պետական կառավարման համակարգի արդիականացման պահանջ­ներին։

 Ըստ «Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության» «Մեր ազգային արժեքները» գլխի 3-րդ կետի՝ հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը սահմանված են որպես ազգային արժեքներ, իսկ ըստ «Մեր ազգային նպատակները» գլխի 6-րդ կետի՝ հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումն ու զարգացումը,  ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ռազմավարական նպատակներ են, որոնք հնարավոր է իրականացնել  հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմամբ:

Ռազմավարական այս նպատակների իրականացումը հնարավոր է զարգացող լեզվական միջավայրում ձևավորվող իրավահարաբերությունների, պետական ու հանրային կյանքի նորահայտ երևույթների սահմանմամբ ու կարգավորմամբ, հայերենի՝ որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ պետության կյանքի բոլոր ոլորտներում գործառության, լեզվական անվտանգության, օրենքի միատեսակ կիրառման ապահովմամբ, ինչպես նաև լեզվական մարտահրավերների չեզոքացմամբ։

 

  1.  Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրա­ժեշտության առկայության կամ բացակայության մասին

««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ընդունել «Հրապարակային գրվածքների (ցուցանակ, գովազդ, ծանուցման բնույթի այլ հրապարակային գրվածք) լեզվական ձևավորման կարգը» ՀՀ Կառավարության որոշում։

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբՀայաստանի Հանրապետության պետականկամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

  • Քննարկվել է

    15.10.2025 - 05.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1164

Տպել

Առաջարկներ`

Աշխեն Սարգսյան

21.10.2025

Նախագիծը կարևոր է պետական լեզվի կիրառման միատեսակությունն ապահովելու համար, սակայն նպատակահարմար է հստակեցնել լիազոր մարմինների գործառույթների բաժանումը՝ խուսափելու իրավասությունների համընկնումից։

Լիլիթ Ղազարյան

20.10.2025

Նախագծով առաջարկվող փոփոխությունները գնահատելի են՝ պետական լեզվի գործառական լիարժեքությունը ապահովելու և լեզվաքաղաքական դաշտը համակարգելու տեսանկյունից։ Հատկապես կարևոր է, որ նախաձեռնությունը միտված է իրավական հստակության բարձրացմանը և վերահսկողական մեխանիզմների ներդրմանը։ Միևնույն ժամանակ, կարելի է առաջարկել, որ նախագծում հստակ սահմանվեն վերահսկողություն իրականացնող մարմինների իրավասությունների շրջանակը, ստուգումների իրականացման չափանիշները և գործընթացների թափանցիկության երաշխիքները, որպեսզի բացառվեն հնարավոր սուբյեկտիվ մոտեցումները։ Բացի այդ, նպատակահարմար է նախագծին զուգահեռ մշակել լեզվամշակութային կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն ոչ թե միայն վերահսկողությանը, այլ նաև լեզվական գիտակցության և պատասխանատվության ձևավորմանը հասարակության տարբեր շերտերում։

Արարատ Մովսեսյան

19.10.2025

Արմինե Կարապետյան, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի միջնակարգ դպրոցի պատմության ,հասարակագիտության ուսուցչուհի Հայաստանի Հանրապետության պետական լեզուն՝ հայերենը, հանդիսանում է ազգային ինքնության հիմնական հիմնասյուներից մեկը։ Ժամանակակից սոցիալ- տնտեսական, տեղեկատվական և տեխնոլոգիական զարգացումները միաժամանակ առաջ են բերել հայերենի գործառության, պահպանման և համահունչ զարգացման հարցերի մի շարք մարտահրավերներ։ Ներկայացված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է պետական լեզվի պաշտպանությունը իրավական մակարդակով ամրապնդելու imperativ պահանջից՝ միաժամանակ ապահովելով լեզվական քաղաքականության համակարգվածություն և վերահսկելիություն։ Առաջարկի հիմնավորումը 1. Օրենսդրական բացերի լրացում – գործող օրենքները հաճախ չեն ապահովում միասնական մոտեցում լեզվի կիրառման նկատմամբ՝ հատկապես գովազդային, հանրային և տեղեկատվական միջավայրում։ Փոփոխությունները հնարավորություն կտան վերացնել հակասությունները, հստակեցնել հայերենի կիրառման շրջանակները և ամրապնդել պետական վերահսկողության մեխանիզմները։ 2. Լեզվի գործառության ապահովում բոլոր ոլորտներում – օրենքը նպատակ ունի ապահովել հայերենի լիարժեք գործառությունը պետական կառավարման, կրթական, լրատվական, գովազդային և թվային միջավայրերում։ 3. Վերահսկողական և գործնական մեխանիզմների հստակեցում – նախատեսվում է հստակեցնել վերահսկող մարմինների գործառույթները և ներդնել ստուգումների հստակ ընթացակարգեր՝ բացառելով կամայականությունը։ 4. Իրավական որոշակիության և միատեսակ կիրառման ապահովում – փոփոխությունները միտված են իրավական որոշակիության սկզբունքի ամրապնդմանը և օրենքների միատեսակ կիրարմանը։ Կանխատեսվող արդյունքներ - Հայերենի գործառության ամրապնդում պետական, մասնավոր և տեղեկատվական ոլորտներում։ - Գովազդային և հանրային հաղորդակցությունում հայերենի լիարժեք կիրառման ապահովում։ - Վերահսկողության համակարգի պարզեցում և արդյունավետություն։ - Իրավական դաշտի կանխատեսելիություն և միատեսակություն։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: