ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հիմնադրույթներից, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին N 1802-Լ որոշումից և 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունինց։
Գիտության ոլորտի կառավարման և ֆինանսավորման առկա իրավիճակը. Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման ծավալները 2010 թվականից ի վեր արձանագրել են դրական աճի միտում։ 2015-2018 թվականներին ոլորտի ֆինանսավորումը հասել է 13-14 մլրդ դրամի՝ ՀՆԱ-ի 0.24%-0.28% տիրույթում։ 2019-2021 թվականներին ոլորտին հատկացվող պետական միջոցներն աճել են՝ 16.7 մլրդ ՀՀ դրամից մինչև 19.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 0.25-0.28 տոկոսներին։
Զարգացման որակական շրջադարձ է արձանագրվել 2022 թվականից, երբ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով մեկնարկել է հետազոտությունների և մշակումների ոլորտային ֆինանսավորման կտրուկ ավելացման գործընթացը, որն իրականացվել է թիրախային մի շարք ուղղություններով։ Միայն 2022 թվականին հատկացվել է շուրջ 29.78 մլրդ դրամ՝ աճ նախորդ տարվա համեմատ, և ՀՆԱ-ի 0.38% ցուցանիշ։ 2023-2024 թվականներին պետական ներդրումների աճի միտումը պահպանվել է, ներառյալ կապիտալ ներդրումների ուղղությամբ իրականացված միջոցառումները։ 2025 թվականին գիտության ոլորտին հատկացվող միջոցները 2018 թվականի համեմատ աճել են շուրջ 2.8 անգամ՝ 181% ավելացմամբ։
Չնայած դրան՝ գիտության ոլորտին ուղղված ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ի նկատմամբ դեռևս մնում է 0.36%, ինչը, համեմատած Արևելյան Եվրոպայի նմանատիպ երկրների ցուցանիշների հետ, բավարար չէ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների 9-րդ (Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ) թիրախ 9.5-ի ցուցանիշի համատեքստում։
Գիտության ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի[1] 23-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված երեք ձևերով` բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային:
- Բազային ֆինանսավորում՝ գիտական կազմակերպությունների ինստիտուցիոնալ աջակցության համար,
- Նպատակային-ծրագրային ֆինանսավորում՝ պետական կարիքներից բխող հետազոտությունների և փորձակոնստրուկտորական ծրագրերի համար,
- Գիտական դրամաշնորհային ֆինանսավորում՝ մրցութային նախագծերի և անհատական գիտական նախաձեռնությունների համար։
2010-2019 թվականներից բազային ֆինանսավորումն ընդգրկել է պետական միջոցների 70-80%-ը, ինչը՝ որպես ֆինանսավորման ձև, ըստ էության, գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի գիտահետազոտական մասի ինստիտուցիոնալ ֆինանսավորումն է, որին ավելանում են նաև գիտական աստիճանի և ակադեմիայի անդամության համար տրամադրվող հավելավճարները և պատվովճարները, գիտական սարքավորումների ձեռքբերման կամ սպասարկման համար մրցութային եղանակով հատկացվող գումարները և միջազգային պայմանագրերով ծագած պարտավորությունների սպասարկումը:
Սակայն, 2018 թվականից սկսած, այն նվազել է՝ հասնելով 46%-ի (18.5 մլրդ դրամ), ինչի հաշվին ավելացել են նպատակային և դրամաշնորհային ծրագրերի ծավալները։
Նպատակային ֆինանսավորումն աճել է 2.6 մլրդ-ից մինչև 4.3 մլրդ դրամ, որի էական մասը հատկացվում է հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի տեսքով, իսկ դրամաշնորհային ֆինանսավորումն՝ մինչև 6.65 մլրդ դրամ՝ կազմելով ընդհանուրի 18%-ը, իսկ 2023 թվականից ոլորտում ֆինանսավորումն իրականացվում է նաև կապիտալ ծրագրերի տեսքով։
Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման մեջ, անկախ ֆինանսավորման ձևերից, ֆինանսավորման մի մասը հատկացվում է մրցութային եղանակով: Զուգահեռաբար աճել է մրցութային և ոչ մրցութային եղանակներով հատկացվող գումարների համամասնությունը․ 2016-2024 թվականների ընթացքում այն փոփոխվել է՝ հօգուտ մրցութային բաղադրիչի մասնաբաժնի ավելացման։ Մինչ այդ գերակշռում էին ոչ մրցութային հատկացումները, ինչին նպաստել են 2020 և 2021 թվականի պետական բյուջեով գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացված գումարների ավելացումը և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 524-Ն որոշման համաձայն ոլորտին 2021 թ. ֆինանսավորման ավելացումը 2.78 մլրդ դրամով, որն ամբողջությամբ հատկացվել է մրցութային ծրագրերին։
Բացի այդ, ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 747-Լ որոշմամբ սահմանվել են գիտական կադրերի նվազագույն պաշտոնային դրույքաչափերը: Որոշման համաձայն՝ 2022 թվականից ոլորտի ֆինանսավորման ավելացման մի մասը բազային ֆինանսավորման ոչ մրցութային եղանակով ուղղվել է գիտական աշխատողների աշխատավարձերի նորմավորված բարձրացմանը` ըստ 2021 թվականին իրականացված ատեստավորման արդյունքների:
Գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգին ներկայացվող արդյունավետության չափանիշները և պաշտոնեական պարտավորությունները հստակեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ հաստատվել է գիտական կադրերի ատեստավորման և արդյունավետության գնահատման միասնական կարգը, որով կարգավորվում են գիտական պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում գիտական կադրերի՝ ըստ տարակարգերի ատեստավորման և կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոններն ու դրանց գնահատման նվազագույն չափանիշների հետ կապված հարաբերությունները:
Գիտության ոլորտի կադրային կազմը.
2025 թվականի դրությամբ պետական բյուջեից բազային ֆինանսավորում է տրամադրվում 54 գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և բուհերի կազմում ընդգրկված գիտահետազոտական ինստիտուտների, հիվանդանոցների և առանձին գերատեսչություններին պատկանող կազմակերպությունների, որոնցից 42-ի գործունեության պետական ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է բազային ֆինասավորման շրջանակներում, որոնցից միայն 13-ում է գիտական աշխատողների թվաքանակը մեծ 100-ից:
Գիտական գործունեության ոլորտում ընդգրկված աշխատողների ընդհանուր թվաքանակն, ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների[2], 2013-2022 թվականներին աստիճանաբար նվազել է՝ 5718-ից (2011 թ.) հասնելով 4864-ի (2022 թ.)։ Միաժամանակ, 2022-ից սկսած որոշակի կայունացում է նկատվում, և գիտական կազմակերպությունների 2024 թվականի հաշվետվությունների համաձայն` 2024 թվականի տվյալներով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ծրագրերում ներգրավված է 3761 գիտաշխատող, որոնցից 2071-ը ունի գիտական աստիճան։
Հարկ է նկատի ունենալ նաև, որ 2019 թվականին 55-ից բարձր տարիքային խմբում գտնվող գիտական աշխատողների թվաքանակը 5 տարվա կտրվածքով տեղափոխվում է 60-ից բարձր տարիքային խումբ` նվազելով 274-ով։ Սա փաստում է գիտական կադրերի ծերացման և սերնդափոխության դանդաղման մասին։ Կադրային համալրումը հիմնականում կատարվում է երիտասարդ գիտնականների ներհոսքով, սակայն այստեղ առկա է պատրաստվածության լուրջ խնդիր, քանի որ բուհական համակարգը բավարար գիտելիք և հմտություններ չի ապահովում գիտահետազոտական աշխատանքի համար։
ԲՏՃՄ (բնագիտական, տեխնիկական, ճարտարագիտական և մաթեմատիկական) ոլորտներում ներգրավված գիտաշխատողների թիվը կազմում է 3103 մարդ կամ ընդհանուրի 78.3%, ինչը ցույց է տալիս այդ ուղղությունների գերակշռությունը։ Գիտաշխատողների միջին տարիքային շեմը մնում է բարձր, և նրանց 29.5%-ը 65 տարեկանից բարձր է։ Սեռային համամասնությունը գրեթե հավասարակշռված է՝ 53.6% կանայք և 46.4% տղամարդիկ, իսկ մինչև 50 տարեկան խմբում կանանց մասնաբաժինը հասնում է 58.3%-ի, ինչը ցույց է տալիս, որ սեռային համամասնության խնդիրներ չկան կամ կան արական սեռի երիտասարդների դեպի գիտություն ավելի պակաս կողմնորոշվելու տեսքով:
Միաժամանակ, գիտական ղեկավարների կազմում (442 անձ) կանանց մասնաբաժինը կազմում է միայն 30%, ինչը վկայում է կառավարման մակարդակներում սեռային անհամամասնության մասին։ Բացի այդ, 48.4% ղեկավարները կենսաթոշակային տարիքից բարձր են, ինչն ընդգծում է գիտության ոլորտում գիտական ղեկավարների (բաժնի պետ/վարիչ, լաբորատորիայի վարիչ, խմբի ղեկավար, կենտրոնի ղեկավար) տարիքային ու սեռային համակազմի սերնդափոխության և ինստիտուցիոնալ շարունակականության խնդիրը։
Հանրային հատվածում աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածության համարժեքով (FTE) գիտաշխատողների թիվը Հայաստանում կազմում է 3012, ինչը 1 միլիոն բնակչի հաշվարկով կազմում է 1004 գիտաշխատող։ Այս ցուցանիշով Հայաստանը ՄԱԿ-ի ԿԶՆ 9-րդ նպատակին առնչվող թիրախ 9.5-ի ցուցիչ 9.5.2 շարքում[3] զբաղեցնում է 48 երկրներից 40-րդ տեղը՝ զգալիորեն զիջելով համաշխարհային միջինին (միջինը կազմում է 3563)[4]։ Ցածր ցուցանիշը վկայում է գիտահետազոտական համակարգի մարդկային ներուժի սահմանափակ լինելու, ֆինանսավորման պակասի և երիտասարդ կադրերի արտահոսքի մասին։
Բազային ֆինանսավորում ստացող գիտական կազմակերպություններում վարչասպասարկող անձնակազմը կազմում է 32.5% (1814 անձ), այսինքն՝ յուրաքանչյուր չորս հետազոտողի հաշվին գործում է մեկ վարչական աշխատակից։ Սա համեմատաբար բարձր ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ բուհերում բազային ֆինանսավորման ծրագրերում վարչական կազմի ֆինանսավորում որպես կանոն չի հատկացվում։
Ասպիրանտուրայի և հայցորդության համակարգերը շարունակում են մնալ գիտական կադրերի հիմնական պատրաստման ուղիները, սակայն 2012 թվականից աստիճանաբար նվազել է ինչպես գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացողների, այնպես էլ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստացողների մասով: 2025 թվականին կատարված վերլուծության համաձայն՝ 2023 և 2024 թվականներին նոր գիտական աստիճան ստացող 350 անձանցից միայն 107-ն է (30.6%) ներգրավված պետական ֆինանսավորմամբ ծրագրերում։ Հատկապես ցածր ներգրավվածություն ունի հասարակական գիտությունների ոլորտը, որտեղ 137 նոր թեկնածուներից միայն 9-ն են գիտական պետական ֆինանսավորման ծրագրերում։ Սա փաստում է ոլորտների միջև անհամաչափությունը և գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ տարբեր մոտեցումների առկայությունը։
Գիտական աստիճանի հայցման դեպքում հրապարակումների պահանջը դեռևս հնարավորություն է տալիս դրանք ապահովել հիմնականում ներպետական պարբերականներում։ 2025 թվականի դրությամբ Հայաստանում գործում է 183 գիտական պարբերական, որոնցից միայն 104-ն է ընդունելի ատենախոսության պաշտպանության համար։ Ատենախոսություն պաշտպանողների և հասանելի պարբերականների փոքր հարաբերակցությունը սահմանափակում է գիտական հրատարակչության մրցակցայնությունը, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ հրապարակումների, թե՛ պարբերականների ընդհանուր որակի վրա։
Միաժամանակ, 2024 թվականի պաշտպանությունների վերլուծությունը ցույց է տվել, որ գիտական աստիճան ստացողների միայն 45%-ը իր ասպիրանտական կրթությունը կամ հայցորդությունը ամփոփել է առնվազն մեկ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) ինդեքսավորվող պարբերականում, մնացած մասը ստացել է աստիճանը ՀՀ-ում հրատարակվող, չինդեքսավորվող պարբերականներում, իսկ ԲՏՃՄ մասնագիտություններով պաշտպանած 82 թեկնածուներից միայն 10-ն են ստացել աստիճան առանց ՄԳՇ պարբերականներում հրապարակումների, մինչդեռ հասարակագիտական և հումանիտար բնագավառների 112 թեկնածուներից միայն 15-ն են ունեցել ՄԳՇ հրապարակումներ: 2022–2024 թվականներին Վեբ օֆ Սայնս շտեմարանում ՀՀ հետազոտողների կողմից այդ մասնագիտություններով հրապարակվել է 289 հոդված (216 + 73), իսկ Scopus-ում՝ 808 հոդված (490 + 318) ։ Հաշվի առնելով հոդվածների քանակի ոչ գծային աճի միտումը՝ կարելի է նշել, որ միջազգային հրապարակման պահանջը խոչընդոտ չի հանդիսանում ոլորտի կադրերի համալրման համար, մյուս կողմից որոշակի վերապահումների հաշվառմամբ կարելի է պնդել, որ հասարակագիտական և հումանիտար գիտություններում կադրերի պատրաստման գործընթացի մեծ մասը իրականացվում է առանց ոլորտի արդյունավետ գիտնականների ներգրավման, ինչը անհրաժեշտ է հաշվի առնել գիտական աստիճանի շնորհման նոր քաղաքականության մշակման ընթացքում։
Համագործակցությունների շրջանակը.
Հայաստանի Հանրապետությունը մասնակցում կամ անդամակցում է մի շարք միջազգային հարթակների և կառույցների՝ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (ՌԴ, Դուբնա), Բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգ (H.E.S.S.), Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիում (iBOL), ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցություն (COST Association)։ Բացի այդ, Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հիմնադիր պետություն է և ակտիվ համագործակցում է Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի հետ:
Հայաստանի գիտական կազմակերպությունները հնարավորություն ունեն օգտվելու համաշխարհային առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններից, մասնավորապես՝ Clarivate Analytics - Web of Science գիտատեղեկատվական շտեմարանի ռեսուրսներ[5], Elsevier հրատարակչական ընկերության, Science Direct[6] պորտալի, Elsevier գիտատեղեկատվական ռեսուրսների՝ SCOPUS, SCIVAL, «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry»[7] հարթակներ: Այս բաժանորդագրությունները զգալիորեն ընդլայնում են գիտնականների հետազոտական դաշտը՝ ապահովելով մուտք նորագույն գիտական տվյալների և միջազգային հրապարակումների բազաներ։
Միաժամանակ, գիտության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակում Հայաստանը հաջողությամբ իրականացնում է մի շարք համատեղ գիտական ծրագրեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետազոտության, տեխնոլոգիաների և տիեզերքի նախարարության[8], Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի[9], Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերի վարչության[10], Վրաստանի Շոթա Ռուստավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի[11] և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալության[12] հետ:
2025 թվականի դրությամբ իրականացվում է շուրջ 17 համատեղ ծրագիր, որոնց թվում է նաև միջազգային ասոցացված լաբորատորիա՝ «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» թեմայով։ Սրանցից բացի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն դրամաշնորհային ծրագրերում որպես պարտադիր պայման է սահմանել արտերկրի գիտնականների ներգրավումը։ Այս մոտեցումը նպաստում է գիտական կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և ինստիտուցիոնալ համագործակցությունների ձևավորմանը։
Գործընկերության աշխարհագրությունը 2025 թ․ դրությամբ գործող 160 խոշոր դրամաշնորհային ծրագրերի մասով[13] ներառում է համագործակցություն 5 աշխարհամասի 32 երկրի, իսկ փոքր ծրագրերի մասով՝ 36 երկրի հետ։ Բացի այդ, 2015-2024 թվականների հրապարակած գիտական հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ անհատական մակարդակում, առանց հաշվի առնելու խոշոր միջազգային համագործակցությունները[14], առկա է համագործակցություն աշխարհի 167 երկրների գիտական կենտրոնների հետ, ինչը վկայում է համագործակցության աշխարհագրական լայն ընդգրկման մասին։
Հայաստանի համար կարևորագույն քայլ էր նաև Եվրոպական Միության հետազոտությունների և նորարարության «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացված անդամակցությունը, որի արդյունքում հայաստանյան կազմակերպությունները ներգրավել են ավելի քան 4,196,514.36 եվրո ծավալով դրամաշնորհներ։ Ծրագրին ներկայացվել է 312 հայտ, որոնցից 35-ը ստացել է ֆինանսավորում։
Հաջողությամբ շարունակվել է Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային 9-րդ ծրագրին Հայաստանի մասնակցության համաձայնագրի շրջանակներում «Հորիզոն Եվրոպա» ծրագրում ՀՀ կազմակերպությունների ներգրավումը 7,894,852.43 եվրո ծավալով դրամաշնորհային ֆինանսավորմամբ` մասնակցելով 23 ծրագրերի, որոնցից 4-ում ՀՀ կազմակերպությունները հանդիսանում են ծրագրի համակարգող: Հայաստանը նաև 1994 թվականից հանդիսանում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադիր պետություն, և այդ ժամանակահատվածում ՀՀ գիտական կառույցներին 215 ծրագրերի միջոցով հատկացվել է ավելի քան 30,847,255.00 դոլարի դրամաշնորհային կամ ծրագրային աջակցություն։ Այս համագործակցությունը նպաստել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային կապերի խորացմանը և գիտական արդյունքների կիրառականացմանը։
Գիտական արդյունավետությունը.
2015–2024 թվականներին Հայաստանի գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի կողմից Վեբ օֆ Սայնս շտեմարանում հրապարակվել է 13 707 գիտական հոդված: Առաջիկա ռազմավարության նպատակներով 2025 թվականին նախատեսվում է 1 800, իսկ 2030 թվականի համար՝ 3 200 հրապարակում: Հրապարակումների մեծ մասը ներառված է առաջին քառորդում ընդգրկված ամսագրերում, իսկ միջազգային խոշոր համագործակցությունները կարևոր են ինչպես քանակի, այնպես էլ որակի համար։ Հրապարակումների բաշխումն ըստ բնագավառների ցույց է տալիս, որ 33.3%-ը վերաբերում է ֆիզիկա և աստղագիտություն մասնագիտությանը, որին հաջորդում է կլինիկական բժշկությունը` 6.1%, կենսաբանությունը՝ 5.0% և այլն:
Ընդ որում, ֆիզիկա և աստղագիտություն մասնագիտությունը պահպանում է առաջատար դիրքերը նաև առանց միջազգային խոշոր համագործակցային ծրագրերի և միայն ԱԳ ունեցող պարբերականներում տպագրված հոդվածների[15]։ Հասարակական և հումանիտար գիտություններ բնագավառներում 2015-2024 թվականներին, ըստ Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ի ԻնՍայտես (InCites) շտեմարանի տվյալների, հրապարակվել են համապատասխան 738 և 661 գիտական հրապարակումներ, որոնցից համապատասխանաբար 378-ը և 93-ը՝ ԱԳ ունեցող պարբերականներում։ Միևնույն ժամանակ, սակայն, ՀՀ-ն, ըստ 1 մլն բնակչության հրապարակումների, քանակով զիջում է բնակչության քանակով կամ մակերեսով համեմատելի մի շարք եվրոպական և միջինարևելյան երկրների ցուցանիշին: 2025 և 2030 թվականների համար Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ դրված թիրախներին հասնելն անգամ չի տեղափոխի ՀՀ ցուցանիշը դեպի նշված երկրների նույնիսկ միջին կատարողականի ցուցանիշին, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է աշխատել ավելի բարձր թիրախային արժեքների հասնելու ուղղությամբ (տարեկան կտրվածքով 3600-ի փոխարեն` շուրջ 6000), ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել գիտական ինստիտուտներում նոր և մրցունակ խմբերի ձևավորմանը ու արդյունավետ աշխատող հետազոտողների քանակի աճին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության նախագծով սահմանվում են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության սկզբունքները և հիմնական ռազմավարական նպատակները՝ հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում ու վերակազմավորում և առաջխաղացում։ Ռազմավարական նպատակներից բխող միջոցառումները միտված են ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացմանը, հետազոտությունների ազդեցության ուժեղացմանը, գերակա ուղղություններով հասցեական հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև հասարակական և հումանիտար գիտությունների և հայագիտության բնագավառներում որակյալ հետազոտությունների խթանմանը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը միտված է մինչև 2030 թվականը արդյունավետ կառավարվող և միջազգային մակարդակով մրցունակ գիտական համակարգի ձևավորմանը: Համակարգը կգործի Եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) պահանջներին համահունչ՝ հիմնված բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի, զարգացած և օպտիմալ հետազոտական ենթակառուցվածքների և հետազոտությունների միջազգային գերազանցության վրա: Այն ծառայելու է ժամանակակից և առաջանցիկ ուղղություններում հետազոտական և մարդկային ներուժի զարգացմանը, հանրապետության մրցունակության և պաշտպանունակության բարձրացման նպատակով համապատասխան բարձր որակավորմամբ և հավելյալ արժեք ստեղծելու ընդունակ մասնագետների պատրաստմանը, հանրապետության կարիքներից բխող կիրառական հետազոտությունների և մշակումների իրականացմանը, ինչպես նաև հանրային կյանքում հետաքրքրասիրության սերմանմանը և մարդկության ժամանակակից ձեռքբերումների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը: Գիտության ոլորտը արդյունավետորեն ինտեգրված է լինելու բարձրագույն կրթության համակարգին` հետազոտության բոլոր տեսակներում ապահովելով երիտասարդ կադրերի արդյունավետ և համակարգված ներգրավումը և նպաստելով նոր կադրերի ձևավորմանը, ինչպես նաև արդյունավետորեն ծառայելու է պետական կարիքներից բխող կամ առևտրայնացման հեռանկար ունեցող մրցունակ հետազոտությունների իրականացմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը և համապատասխանելու է առավելագույն ազդեցության հրամայականին:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`
- «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետից, այն է՝ «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի հաստատումը» կետից,
- ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ` «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.4 «Գիտության» մասով սահմանված` Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում նպատակից,
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտության» բաժնի 26-րդ «Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում» կետի 26.5-րդ ««Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի» ենթակետի կատարումն ապահովելու նպատակից:
[1] https://www.arlis.am/documentview.aspx?docid=191180
[2] https://armstat.am/am/?nid=586
[3] Indicator 9.5.2 Researchers (in full-time equivalent), per 1,000,000 population: https://w3.unece.org/SDG/en/Indicator?id=124
[4] Վրաստան – 1463.8, Լատվիա – 1792.1, Լիտվա – 3190.7, Էստոնիա – 3855.3, Սլովենիա – 4854.6
[5] https://clarivate.com/academia-government/scientific-and-academic-research/research-discovery-and-referencing/web-of-science/
[6] https://www.elsevier.com/
[7] https://www.elsevier.com/products/reaxys
[8] https://www.bmftr.bund.de/DE/Home/home_node.html
[9] https://www.cnr.it/en
[10] http://www.cea-igp.ac.cn/en/
[11] https://rustaveli.org.ge/eng
[12] https://ancd.gov.md/en/content/nard
[13] Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ | «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում» մրցույթ | «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթ | «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր» մրցույթ:
[14] Համահեղինակների քանակը ≤50-ից
[15] Article, Review, Letter