Հիշել նախագիծը
««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 15.10.2025 22:57:00 | Հարգելի՛ գործընկերներ, Ներկայացնում ենք նշված օրենսդրական փոփոխությունների փաթեթին առնչվող մեր նկատառումներն ու առաջարկները․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 3․ Օրենքի 12֊րդ հոդվածում՝ 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3֊4֊րդ մասերով․ «3. Սույն հոդվածի 1֊ին մասի 4․1․ կետերի հիման վրա այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոն զբաղեցնող Ծառայության աշխատողների ստաժը հաշվարկվում է Ծառայության ծառայողների ստաժում և տվյալ աշխատողներն օգտվում են սույն օրենքով Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքներից, պարտականություններից և սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունից»։ ԱՌԱՋԱՐԿ․ 3-րդ կետում «Ծառայության ծառայող»-ից հետո փակագծում գրել (այսուհետ՝ Ծառայող) և հաջորդիվ կիրառել «Ծառայող» եզրույթը։ Հոդված 4․ Օրենքի 13֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․ «Հոդված 13․ Զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները 2․ Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս Ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից»։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ 2-րդ կետը շատ ընդհանրական է շարադրված, քանի որ զենքի, հատուկ միջոցների և ֆիզ․ ուժի կիրառման դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով։ Այսինքն՝ Ծառայողի կողմից իրավիճակի սուբյեկտիվ գնահատումը բացառելու նպատակով։ ԱՌԱՋԱՐԿ 1․ Սույն կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայողը զենք, հատուկ միջոցներ և ֆիզ․ ուժ կարող է կիրառել սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով»։ ԱՌԱՋԱՐԿ 2․ Վերը շարադրվածի համատեքստում՝ առաջարկում ենք նաև հստակեցնել բոլոր այդ դեպքերը, որպեսզի աշխատակիցը խուսափի հետագայում իր սուբյեկտիվ ընկալումներն ապացուցելու բարդությունից։ Կարող եք օգտվել նաև մի շարք ծառայությունների մասին օրենսդրությունից («Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք, «Ազգային անվտանգության ծառայության մասին» ՀՀ օրենք): 8․ Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանում է Ծառայության պետը։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Օրենքով չի կարող որևէ Ծառայության ղեկավար իր ղեկավարած Ծառայությանը հատկացվող զենքի ու հատուկ միջոցների ցանկ սահմանել, քանի որ կստացվի մի իրավիճակ, երբ Կառավարությունը պետք է հատկացնի այդ ցանկում նշված զենքերը՝ կատարելով այդ Ծառայության ղեկավարի հրամանը։ ՀՀ սեփականությունը տնօրինում է Կառավարությունը, իսկ ծառայություններին հատկացվող մարտական զենքերը քաղաքացիաիրավական շրջանառությունից հանված գույքեր են, որի սեփականատերն է հանդիսանում միայն պետությունը։ Համաձայն ՀՀ սահմանադրության՝ Կառավարությունն է տնօրինում ՀՀ սեփականությունը, իսկ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններին և նրանց ենթակա մարմիններին գույք հատկացնում և ամրացնում է ՀՀ կառավարությունը։ ԱՌԱՋԱՐԿ․ 8-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»։ Միաժամանակ, հաշվի առնելով Ծառայության առանձնահատկությունները՝ առաջարկում ենք «Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը» սահմանել Կառավարության գաղտնի որոշմամբ։ | Չի ընդունվել, Հոդված 3֊ի վերաբերյալ ներկայացված դիտարկման վերաբերյալ հայտնում ենք, որ գործող օրենքում արդեն իսկ «Ծառայության ծառայող» ձևակերպումն է կիրառվել, ուստի նպատակահարմար չէ առաջարկի ընդունումը՝ օրենքի ինկորպորոցումից հետո տարընկալումները բացառելու նպատակով։ Հոդված 4֊ի վերաբերյալ ներկայացված դիտարկման մասով հայտնում ենք հետևյալը՝ 1) Ընդհանրական ձևակերպված կետից բխում են և տրամաբանական շարունակությունն են հանդիսանում սույն հոդվածի (13֊րդ հոդվածի) մնացյալ մասերում սահմանված կարգավորումները։ Միաժամանակ անհրաժետ է նկատի ունենալ, որ նմանաբնույթ կարգավորում նաև որոշ այլ ծառայությունների մասին օրենսդրությամբ է նախատեսված (օրինակ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» օրենքներով) 2) Օրենքով Ծառայության պետին լիազորություն է վերապահվում սահմանելու Ծառայության զենքի և հատուկ միջոցների ցանկը, իսկ Ծառայությանը դրանք հատկացնելու կամ այլ կերպ տնօրինելու գործընթացը կիրականացվի օրենսդրությամբ (այդ թվում՝ մատնանշված օրենքով) սահմանված կարգով։ | |||
| 2 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 15.10.2025 23:39:59 | Հոդված 5․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13․1֊13․3֊րդ հոդվածներով․ Հոդված 13․2․ Հատուկ միջոցների կիրառումը (գործադրումը)․ 1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառել հետևյալ դեպքերում՝ 1) իր կամ Ծառայության այլ աշխատողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս․ ԱՌԱՋԱՐԿ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս։ Հոդված 13․3․ Զենքի կիրառումը (գործադրումը) 1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի զենք գործադրել հետևյալ դեպքերում՝ 1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կյանքին և առողջությանը իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս․ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Վերը շարադրվածով ստացվում է, որ եթե Ծառայության աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում, ապա մնացած բոլոր դեպքերում զենք չպետք է կիրառի։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց կյանքին և առողջությանը իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս»։ 4) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում իր կամ ծառայության այլ աշխատողների կյանքի և առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին/հրահանգներին, ԱՌԱՋԱՐԿ շարադրել հետևյալ կերպ՝ «ընթացող տրանսպորտային միջոցը խափանելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում իր կամ երրորդ անձանց կյանքի և առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին/հրահանգներին»։ 5) իր կամ Ծառայության այլ աշխատողի կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս, ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Քաղաքացիաիրավական օրենսդրության համաձայն՝ կենդանիները համարվում են գույք։ Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ բնական հարց է առաջանում, թե որքանով է նպատակահարմար հավասարեցնել գույքի վրա կրակելը՝ ֆիզ․ անձանց վրա կրակելու իրավակարգավորումներին։ Այս պարագայում զենքի կիրառման կարգավորումները բացառապես վերաբերում են ֆիզիկական անձանց կյանքի իրավունքի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի պահպանմանը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող վտանգի դեպքում»։ Հոդված 9․ Օրենքի 17֊րդ հոդվածը լրացնել նոր 6֊րդ մասով․ «6․ Ծառայությունում առաջին անգամ պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով։ Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի կողմից սահմանված հրամանով։»։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ «Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի կողմից սահմանված հրամանով» ձևակերպումն իր մեջ պարունակում է անորոշություն, քանի որ աշխատանքային հարաբերությունների ցանկացած փորձաշրջան արդեն իսկ կարգավորվում է օրենսդրությամբ և այս համատեքստում Ծառայության պետն ընդամենը պետք է հաստատի փորձաշրջանի ծրագիրը, իսկ փորձաշրջանում գտնվող անձի կողմից գաղտնի տեղեկատվությանն առնչվելու կարգը սահմանի ՀՀ վարչապետը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում է օրենսդրությամբ, փորձաշրջանի ծրագիրը հաստատում է Ծառայության պետը, իսկ փորձաշրջանում գտնվող անձի կողմից գաղտնի տեղեկատվությանն առնչվելու կարգը սահմանում է ՀՀ վարչապետը։»։ Հոդված 24․ Օրենքի 41֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․ «Հոդված 41․ Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը 3. Ծառայության աշխատողին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է Ծառայության պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ «Մասնկացություն» եզրույթը նշանակում է քննչական գործողություններին ակտիվ մասնակցություն, որը ենթադրում է Ծառայության ներկայացուցչի՝ քննչական խմբի պարտադիր կերպով անդամ լինելը, որը կարգավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Փոխարենը՝ «ներկայություն» եզրույթի օգտագործումը ենթադրում է պասսիվ մասնակցություն քննչական գործողությանը, այն է՝ դիտարկել քննչական գործողությունը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայության աշխատողին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է Ծառայության պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ»։ | 1․ Հոդված 5֊ի վերաբերյալ 1֊4֊րդ կետերով ներկայացված դիտարկումներն ընդունվել են մասնակի, իսկ 5֊րդ կետը չի ընդունվել, քանի որ տվյալ դեպքում ոչ թե գույքի (կենդանիների) վրա կրակելը հավասարեցվում է ֆիզ․ անձանց վրա կրակելու իրավակարգավորումներին, այլ ուղղակի օրենքով հստակ սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում Ծառայողի կողմից զենքի կիրառումը կհամարվի իրավաչափ (այլ կերպ ասած օրենքով չսահմանված այլ դեպքերում/իրավիճակներում կիրառելը կհամարվի ոչ իրավաչափ և կդիտարկվի որպես լիազորությունների չարաշահում), դեռ ավելին, 13֊րդ հոդվածով սահմանվում են զենքի կիառման պայմանները և սահմանները, այդ թվում՝ կիրառման արդյունքում իրականացվելիք քայլերը կամ առաջացող հետևանքը։ 2․ Հոդված 9֊ի վերաբերյալ ներկայացված դիտարկումը չի ընդունվել, քանի որ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու հարաբերությունները կարգավորվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրնեսդրական ակտերի հիման վրա, հետևբար վերջինս լրացուցիչ սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է։ Միաժամանակ, Ծառայությունում ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով, առաջարկվում է փորձաշրջանի հետ կապված հարաբերությունների կարգավորումը վերապահել Ծառայության պետին։ 3․ Հոդված 24֊ի վերաբերյալ ներկայացված դիտարկումն ընդունվել է | |||
| 3 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 16.10.2025 00:49:58 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ֊ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 3․ Օրենքի 32֊րդ հոդվածի` 2) լրացնել նոր 5֊8֊րդ մասեր․ 6․ Այն դեպքում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը։ 7․ Սույն հոդվածի 6֊րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է ՀՀ արտաքին հետախուզսության ծառայության պետին, իսկ Ծառայության պետը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Մի շարք ռիսկերի նվազեցման կամ առհասարակ չեզոքացման համար նպատակահարմար է, որպեսզի դատարանի կողմից «հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացում» - ը չթույլատրելու դեպքում՝ դատարանը հենց ինքն ուղիղ և միաժամանակ գրավոր տեղեկացնի ՀՀ վարչապետին և Ծառայության պետին, որից հետո՝ Ծառայության պետը տվյալ դեպքով զեկուցի վարչապետին առկա իրավիճակի և անելիքների մասին։ ԱՌԱՋԱՐԿ․ 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Այն դեպքում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը։ Ընդ որում, Դատարանի կողմից միջոցառումը չթույլատրելու դեպքում՝ դատարանն ինքն է անհապաղ ուղիղ և միաժամանակ գրավոր տեղեկացնում ՀՀ վարչապետին և Ծառայության պետին։»։ 7-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Սույն հոդվածի 6֊րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանման ղեկավարն իր հերթին զեկուցում է ՀՀ արտաքին հետախուզսության ծառայության պետին, իսկ Ծառայության պետը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին առկա իրավիճակի և անելիքների մասին։»։ | Չի ընդունվել, Դատարանի համար Վարչապետին և Ծառայության պետին տեղեկացնելու պարտավորություն սահմանելը հակասում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7֊րդ հոդվածին, համաձայն որի՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի։ Ինչ վերաբերում է Ծառայության պետի կողմից վարչապետին առկա իրավիճակի և անելիքների մասին զեկուցելու մասին դիտարկմանը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ նախագծով արդեն իսկ նախատեսված կարգավորումն այն մասին, որ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Ծառայության պետի կողմից ՀՀ վարչապետին զեկուցելը ենթադրում է զեկուցման ընթացքում նաև իրավիճակի և անելիքների մասին զեկուցելու հնարավորություն, որը, բխում է նաև «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 15֊րդ հոդվածի 1֊ին մասից, համաձայն որի՝ Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին։ |