Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
51 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 Օրենքը որևէ խրախուսող դրույթ չի նախատեսում այն անձանց համար, որոնք ընտրում են կամավոր ապահովագրություն ունենալ։ Սա չի նպաստում համակարգի զարգացմանը և լրացուցիչ ներդրումների ներգրավմանը։ Առաջարկում ենք նախատեսել հարկային կամ այլ տեսակի խրախուսական միջոցներ (օրինակ՝ ապահովագրավճարի մասի վերադարձ կամ բոնուսային միավորների կուտակում) կամավոր ապահովագրությունը զարգացնելու նպատակով։ Նախագիծը չի կարգավորում կամավոր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, այդուհանդերձ, նախագծի 17-րդ հոդվածն ընդհանրապես, իսկ դրա 3-րդ մասը մասնավորապես կարգավորում է ԱՀԱ համակարգում բոնուսների կուտակման և դրանց, այդ թվում կամավոր բժշկական ապահովագրական լրացուցիչ փաթեթներ ձեռք բերելու ընթացակարգերը:
52 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է տվյալների փոխանցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը՝ անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով։ Նման ձևակերպումը կարող է ստեղծել չարաշահումների ռիսկ, քանի որ տվյալների փոխանցման մեխանիզմը և հիմքերը հստակ սահմանված չեն։ Գործող օրենսդրությամբ բժշկական կազմակերպություններն անձի ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգրելիս հիմնվում են տվյալ անձի կողմից ներկայացված դիմումի և համաձայնության վրա, ինչն ապահովում է տեղեկությունների փոխանցման իրավաչափությունը։ Առաջարկում ենք խուսաափել այս լրացումից։ Չի ընդունվել։ Նշված լրացման համար հիմք է հանդիսացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետը, որը ավելի լայն իրավահարբերություններ է կարգավորում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ոլորտում։ Ինչ վերաբերում է տվյալների փոխանցման մեխանիզմի բացակայությանը օրենքի նախագծում, ապա անհրաժեշտ է նշել, որ նման հարաբերությունների կարգավորումը նախատեսվում է ենթաօրենսդրական ակտերով։
53 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում ստանում են ապահովագրական փաթեթ՝ նույն պայմաններով, ինչ մյուս խմբերը։ Ցանակնում ենք ընդգծել որ այս ձևակերպումն անտեսում է հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ և առանձնահատուկ կարիքները։ Հետևաբար, ապահովագրական փաթեթների բովանդակությունը պետք է տարբերակված լինի՝ հաշվի առնելով անձի հաշմանդամությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել, որ ապահովագրական փաթեթների սահմանումը չպետք է հանգեցնի ծառայությունների ծավալի կամ որակի նվազեցման։ Այս առումով հիշեցնում ենք Սահմանադրության 73-րդ հոդվածը, ըստ որի «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Սա նշանակում է, որ եթե այս պահին որոշակի խմբեր (ներառյալ զինհաշմանդամություն ունեցող անձինք) օգտվում են ավելի լայն ծառայություններից կամ արտոնություններից, ապա օրենքի ընդունումից հետո նրանց ապահովագրական փաթեթները չեն կարող սահմանվել ավելի պակաս չափով։ Առաջարկում ենք նախագծում հստակ ամրագրել երաշխիք, որով կսահմանվի, որ նոր համակարգի ներդրումը չի կարող վատթարացնել արդեն գոյություն ունեցող առողջապահական ծառայությունների ծավալը և որակը որևէ խմբի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Չի ընդունվել, նախագծում հիշյալ խնդիրը հաշվի է առնված և կարգավորված՝ տես «Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մաս. 1.Ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը (համընդհանուր անվանում) և բժշկական պարագաները կարող են տարբերակվել բացառապես պայմանավորված ապահովագրված անձանց տարիքի, սեռի և վիճակի (կարգավիճակի) հետ կապված առանձնահատկություններով։»
54 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 11-րդ մասը, որով ֆունկցիոնալության միջին, ծանր և խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձանց երաշխավորվում էր անվճար դեղեր ստանալու իրավունք, իսկ անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու կարգը սահմանում էր Կառավարությունը։ Այս դրույթի ուժը կորցրած ճանաչումը հանգեցնում է արդեն ձևավորված սոցիալական երաշխիքների վերացման։ Անվճար դեղորայքի հասանելիության իրավունքը չի հակասում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի սկզբունքներին։ Ի տարբերություն ներկայում գործող պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման համակարգի, ԱՀԱ համակարգում բժշկական օգնության և դեղերով ապահովվածության իրականացվող մեխանիզմները տարաջատված չեն լինելու, այլ գործելու են որպես միասնական ԱՀԱ համակարգի փոխկապակցված մեխանիզմներ: Ուստի հաշմանդամություն ունեցող անձանց դեղերով ապահովումը շարունակելու է ապահովվել, բայց արդեն առավել կատարելագործված և ապահովագրված անձանց համար ավելի դյուրին և մատչելի ընթացակարգերով, ինչը վկայող կարգավորումներն առկա են օրենսդրական փաթեթում: Տես՝ Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագծի 9-րդ, 10-րդ հոդվածներում և հարակից ներկայացված փաթեթում:
55 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե նման ցանկություն չեն հայտնել, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պարտավոր են անցնել ֆունկցիոնալության գնահատում՝ առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթ ստանալու համար։ Հրավիրում ենք ձեր ուշադրությունը փաստի վրա, որ հիմնական նախագծով սահմանվում է 2028 թվականի հունվարի 1-ի ժամկետը։ Առաջարկում ենք առհասարակ հրաժարվել ֆունկցիոնալության գնահատման պարտադիր պահանջից՝ այն դարձնելով բացառապես կամավոր գործընթաց նրանց համար, ովքեր ցանկանում են անցնել այս գործընթացով։ Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց համար այս դրույթը պետք է բացառվի։ Չի ընդունվել: Առողջության համապարփակ ապահովագրությունը հանդիսանում է նոր ծառայություն, որի ձեռք բերման համար կառավարությունը որոշում է ամբողջությամբ սուբսիդավորել ապահովագրավճարը բնակչության տարբեր խմբերի համար, եթե վերջիններս բավարարում են համապատասխան պայմաններին։ Պայմաններից մեկն էլ սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց համար պայմաններից մեկն էլ ֆունկցիոնալության գնահատում անցնելն է։ Ընդ որում, Կառավարությունը ի սկզբանե կասկածի տակ չի դնում վերջիններիս հաշմանդամությունը և սկսած ԱՀԱ ներդրման օրվանից բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովագրավճարն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետական բյուջեից։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: