Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 02.10.2025 15:37:54

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 220.1-րդ հոդվածով․ «Հոդված 220.1. Բազմամասնագիտական կենտրոնում քննչական և դատավարական գործողությունների կատարման կարգն ու ընդհանուր պայմանները։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Բազմամասնագիտական կենտրոնին ներկայացվող պահանջներն ու դրա գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Առաջարկում ենք, սույն նախագծի հետ միասին ներկայացնել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե բազմամասնագիտական կենտրոն ասելով սույն նախագծի հեղինակը ի՞նչ է հասկանում և որո՞նք են դրանք, արդյո՞ք այդ կենտրոնը նոր է ստեղծվելու կամ արդեն իսկ գոյություն ունի։ Արդյոք բազմամասնագիտական կենտրոնն ունենալու է ստորաբաժնումներ (նաև մարզերում), թե գտնվելու է կոնկրետ մեկ վայրում (Երևանում)։ Ուստի դժվար է սույն հոդվածի վերաբերյալ որևէ կարծիք կամ առաջարկություն ներկայացնել։ Միայն կարծում ենք, որ եթե այս կենտրոնը մասնավոր է լինելու, ապա պետք է ընտրվի մրցույթով և լիցենզավորվի, իսկ եթե պետության կողմից է հիմնադրվելու, ապա պետք է հստակեցվի այս կառույցի կազմակերպաիրավական ձևը՝ հիմնադրամ, թե ՊՈԱԿ, թե ՀՈԱԿ, կամ այլ։

Բազմամասնագիտական կենտրոնին ներկայացվող պահանջներն ու դրա գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Նախատեսվում է Կառավարության որոշմամբ սահմանել բազմամասնագիտական կենտրոնին ներկայացվող պահանջներն ու դրա գործունեության կարգը, ինչպես նաև նախատեսվող բազմամասանգիտական կենտրոնների տեղակայումները:

2 Մուշեղ Բաբայան 05.10.2025 19:12:19

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Այս համատեքստում Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 61․1-րդ հոդվածի շարադրանքը չի համապատասխանում վերը նշված օրենսդրական պահանջին։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է համարակալել այդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կետերը։ 2․ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 61․1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հոգեբանի իրավունքները, այդ թվում՝ անչափահասի հետ քննչական գործողությունն սկսելուց առաջ նրան տրվող հարցերի վերաբերյալ հոգեբանի առաջարկություններ ներկայացնելու, այդ հարցերը նախապես հոգեբանի հետ համաձայնեցնելու առնչությամբ։ Սակայն, այդ հոդվածի համապատասխան կետերի շարադրանքից հետևում է, որ հոգեբանի հետ համաձայնեցվում են միայն քննիչի, մեղադրյալի, պաշտպանի կողմից անչափահասին տրվող հարցերը։ Շարադրանքից դուրս են մնացել դատաքննության կամ ցուցմունքների դեպոնացման ընթացքում դատախազի և դատավորի կողմից տրվող հարցերը։ Նախագծում այդ կետերի ձևակերպումը հետևյալն է․ Հոգեբանն իրավունք ունի (…) <<.անչափահասի հետ կապված քննչական գործողությունն սկսելուց առաջ առաջարկել քննիչի կողմից տրվելիք հարցերի ձևակերպումներ. .առաջարկել մեղադրյալի, պաշտպանի կամ այլ անձանց կողմից անչափահասին ուղղված հարցերը նախապես համաձայնեցնել իր հետ՝ առանց անչափահասի հետ անմիջական հաղորդակցության>>: Թեպետ վերը նշված 2-րդ կետում առկա է <<կամ այլ անձանց>> արտահայտությունը, ինչը սակայն, վերաբերելի չի կարող լինել դատախազին կամ դատավորին։ Նախ՝ այդ կետում թվարկված են վարույթի մասնավոր մասնակիցները և շարադրանքը չի կարող վերաբերվել վարույթի հանրային մասնակիցներին, բացի այդ՝ ակնհայտ է Նախագծի հեղինակների արդարացված կամքը, որ վարույթի հանրային մասնակիցներին հոգեբանն իր նախաձեռնությամբ առաջարկում է անչափահասին տրվելիք հարցերի ձևակերպումները, իսկ վարույթի մասնավոր մասնակիցներին առաջարկում է նախապես իր հետ համաձայնեցնել այդ հարցերը։ Հետևաբար կարծում եմ, որ ճիշտ կլինի հոգեբանի իրավունքների այդ հատվածը խմբագրել այնպես, որ դրանք վերաբերելի լինեն նաև դատախազին և դատավորին։ 3․ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 212-րդ հոդվածը սահմանում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության առանձնահատկությունները։ Այս հոդվածում շարադրված նորմերը հոգեբանի առնչությամբ որոշակի կրկնություններ և հակասություններ ունեն Նախագծով առաջարկվող՝ այլ հոդվածներում լրացումների և փոփոխությունների հետ։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ․ <<8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները>>: Ուստի, կարծում եմ, որ պետք է Նախագծում կամ գործող օրենսգրքի 212-րդ հոդվածում համապատասխան փոփոխություններով ապահովել վերը նշված օրենսդրական պահանջի կատարումը։

Ներկայացված երրորդ դիտարկման մեջ չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, որոնք կփաստեն կրկնությունների և հակասությունների առկայությունը:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: