Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1-րդ հոդվածով․

«611 Հոգեբանը, նրա իրավունքներն ու պարտականությունները

1․ Հոգեբանը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որին վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեկան, հուզական և ճանաչողական վիճակը գնահատելու, երեխայի լավագույն շահը, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավաչափ շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով քննչական և այլ դատավարական գործողություններին մասնակցելու համար։

2․ Քրեական վարույթով ներգրավված հոգեբանն իրավունք ունի՝

  • անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարցաքննության կամ առերեսման  ժամանակ հարցեր տալ անձին՝ վարույթն իրականացնող մարմնի կամ դատարանի թույլտվությամբ.
  • վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել մասնագիտական առաջարկներ՝ վարութային գործողության կատարման պայմանների, ընթացքի, ձևաչափի կամ մասնակիցների վերաբերյալ․
  • անչափահասի հետ կապված քննչական գործողությունն սկսելուց առաջ առաջարկել քննիչի կողմից տրվելիք հարցերի ձևակերպումներ.
  • առաջարկել մեղադրյալի, պաշտպանի կամ այլ անձանց կողմից անչափահասին ուղղված հարցերը նախապես համաձայնեցնել իր հետ՝ առանց անչափահասի հետ անմիջական հաղորդակցության.
  • ծանոթանալ անչափահասի մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը, գրառումների վերաբերյալ կատարել դիտողություններ, իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.
  • յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.
  • իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

3․ Քրեական վարույթով ներգրավված հոգեբանը պարտավոր է՝

  • վարույթին օժանդակելու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.
  • վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել իր որակավորումը հաստատող փաստաթղթերը.
  • դատարանի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և վարույթին ներգրավված անձանց հետ հարաբերությունների մասին.
  • անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել ապացուցողական կամ վարութային այլ գործողության կատարման վայրում, դատական նիստի դահլիճում և չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.
  • մասնակցել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողություններին.
  • գործել անաչառ և մասնագիտական էթիկայի պահանջներին համապատասխան.
  • ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրությունում գրառումների լրիվությունը և ճշտությունը.
  • ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին,
  • առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները.
  • ենթարկվել դատական նիստի կարգին:

4․ Հոգեբանի կողմից ներկայացված հարցերը կամ առաջարկությունները վարույթն իրականացնող մարմինը կարող է համապատասխան պատճառաբանությամբ չընդունել, սակայն պարտավոր է դրանք ներառել արձանագրության մեջ։»։

Հոդված 2. Օրենսգրքի 212-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով․

«7. Վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում ապահովում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեբանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) հանդիպում։»։

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 220.1-րդ հոդվածով․

«Հոդված 220.1. Բազմամասնագիտական կենտրոնում քննչական և դատավարական գործողությունների կատարման կարգն ու ընդհանուր պայմանները

  1. Անչափահասների մասնակցությամբ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են բազմամասնագիտական կենտրոնում հետևյալ դեպքերում՝

 1) սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված   հանցանքի վերաբերյալ վարույթով.

 2) ընտանեկան և կենցաղային բռնության հանցանքի վերաբերյալ վարույթով․

 3) երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ վարույթներով՝

եթե երեխայի լավագույն շահից չի բխում այլ վայրում հարցաքննության կազմակերպումը:

  1. Բազմամասնագիտական կենտրոնին ներկայացվող պահանջներն ու դրա գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված վարույթներով, քննչական կամ դատավարական գործողությունների իրականացումը չի կատարվում բազմամասնագիտական կենտրոնում, եթե քննիչը հիմնավորում է բազմամասնագիտական կենտրոնում այդ գործողությունների կատարման անհնարինությունը կամ ոչ նպատակահարմար լինելը:
  3. Անչափահասի օրինական ներկայացուցչի, փաստաբանի, պաշտպանի կամ հոգեբանի միջնորդությամբ կամ քննիչի նախաձեռնությամբ բազմամասնագիտական կենտրոնում կարող են իրականացվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված վարույթներով անչափահաս տուժողի, վկայի կամ մեղադրյալի մասնակցությամբ քննչական կամ դատավարական գործողությունները:
  4. Մինչև բազմամասնագիտական կենտրոնում հարցաքննությունն իրականացնելը քննիչը և հոգեբանը քննարկում են միմյանց հետ դեպքի և անչափահասի առանձնահատկությունները՝ այդ քննարկմանը ներգրավելով բազմամասնագիտական կենտրոնի սոցիալական աշխատողին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկին, փորձագետին կամ անչափահասի օրինական ներկայացուցչին:

4․ Բազմամասնագիտական կենտրոնում հոգեբանի միջնորդությամբ կամ քննիչի նախաձեռնությամբ կարող է իրականացվել նաև անչափահասի դատաբժշկական, դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննությունները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում․

  • 2-րդ կետի «։» կետադրական նշանը փոխարինել «․»կետադրական նշանով․
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով․

       «3) անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունը բազմամասնագիտական կենտրոնում իրականացնելու որոշում է կայացվել։»։

Հոդված 5. Օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասը «պարագայում» բառից հետո լրացնել «կամ սույն օրենսգրքի 220.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 309-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մասով․

 «6. Սույն օրենսգրքի 220.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում անչափահաս մեղադրյալի, տուժողի կամ վկայի ցուցմունքի դեպոնացումը կարող է իրականացվել բազմամասնագիտական կենտրոնում՝ անչափահասի օրինական ներկայացուցչի, փաստաբանի, պաշտպանի կամ հոգեբանի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ։»:

Հոդված 7. Օրենսգրքի 329-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-րդ մասով․

«2.1. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունը կարող է իրականացվել սույն օրենսգրքի 220.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում բազմամասնագիտական կենտրոնում՝ անչափահասի օրինական ներկայացուցչի, պաշտպանի, հոգեբանի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:»։

Հոդված 8. Օրենսգրքի 483-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ մասով․

«Սույն օրենսգրքում նախատեսված՝ բազմամասնագիտական կենտրոնում իրականացվող քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են սույն օրենքից բխող Կառավարության որոշմամբ սահմանվող համապատասխան բազմամասնագիտական կենտրոնների ստեղծումից հետո։»։

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 483-րդ հոդվածի 27-րդ մասով նախատեսված դեպքերի:

 

 

  • Քննարկվել է

    30.09.2025 - 21.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն, Անչափահասների արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 909

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

05.10.2025

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Այս համատեքստում Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 61․1-րդ հոդվածի շարադրանքը չի համապատասխանում վերը նշված օրենսդրական պահանջին։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է համարակալել այդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կետերը։ 2․ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 61․1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հոգեբանի իրավունքները, այդ թվում՝ անչափահասի հետ քննչական գործողությունն սկսելուց առաջ նրան տրվող հարցերի վերաբերյալ հոգեբանի առաջարկություններ ներկայացնելու, այդ հարցերը նախապես հոգեբանի հետ համաձայնեցնելու առնչությամբ։ Սակայն, այդ հոդվածի համապատասխան կետերի շարադրանքից հետևում է, որ հոգեբանի հետ համաձայնեցվում են միայն քննիչի, մեղադրյալի, պաշտպանի կողմից անչափահասին տրվող հարցերը։ Շարադրանքից դուրս են մնացել դատաքննության կամ ցուցմունքների դեպոնացման ընթացքում դատախազի և դատավորի կողմից տրվող հարցերը։ Նախագծում այդ կետերի ձևակերպումը հետևյալն է․ Հոգեբանն իրավունք ունի (…) <<.անչափահասի հետ կապված քննչական գործողությունն սկսելուց առաջ առաջարկել քննիչի կողմից տրվելիք հարցերի ձևակերպումներ. .առաջարկել մեղադրյալի, պաշտպանի կամ այլ անձանց կողմից անչափահասին ուղղված հարցերը նախապես համաձայնեցնել իր հետ՝ առանց անչափահասի հետ անմիջական հաղորդակցության>>: Թեպետ վերը նշված 2-րդ կետում առկա է <<կամ այլ անձանց>> արտահայտությունը, ինչը սակայն, վերաբերելի չի կարող լինել դատախազին կամ դատավորին։ Նախ՝ այդ կետում թվարկված են վարույթի մասնավոր մասնակիցները և շարադրանքը չի կարող վերաբերվել վարույթի հանրային մասնակիցներին, բացի այդ՝ ակնհայտ է Նախագծի հեղինակների արդարացված կամքը, որ վարույթի հանրային մասնակիցներին հոգեբանն իր նախաձեռնությամբ առաջարկում է անչափահասին տրվելիք հարցերի ձևակերպումները, իսկ վարույթի մասնավոր մասնակիցներին առաջարկում է նախապես իր հետ համաձայնեցնել այդ հարցերը։ Հետևաբար կարծում եմ, որ ճիշտ կլինի հոգեբանի իրավունքների այդ հատվածը խմբագրել այնպես, որ դրանք վերաբերելի լինեն նաև դատախազին և դատավորին։ 3․ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 212-րդ հոդվածը սահմանում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության առանձնահատկությունները։ Այս հոդվածում շարադրված նորմերը հոգեբանի առնչությամբ որոշակի կրկնություններ և հակասություններ ունեն Նախագծով առաջարկվող՝ այլ հոդվածներում լրացումների և փոփոխությունների հետ։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ․ <<8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները>>: Ուստի, կարծում եմ, որ պետք է Նախագծում կամ գործող օրենսգրքի 212-րդ հոդվածում համապատասխան փոփոխություններով ապահովել վերը նշված օրենսդրական պահանջի կատարումը։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 220.1-րդ հոդվածով․ «Հոդված 220.1. Բազմամասնագիտական կենտրոնում քննչական և դատավարական գործողությունների կատարման կարգն ու ընդհանուր պայմանները։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Բազմամասնագիտական կենտրոնին ներկայացվող պահանջներն ու դրա գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Առաջարկում ենք, սույն նախագծի հետ միասին ներկայացնել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե բազմամասնագիտական կենտրոն ասելով սույն նախագծի հեղինակը ի՞նչ է հասկանում և որո՞նք են դրանք, արդյո՞ք այդ կենտրոնը նոր է ստեղծվելու կամ արդեն իսկ գոյություն ունի։ Արդյոք բազմամասնագիտական կենտրոնն ունենալու է ստորաբաժնումներ (նաև մարզերում), թե գտնվելու է կոնկրետ մեկ վայրում (Երևանում)։ Ուստի դժվար է սույն հոդվածի վերաբերյալ որևէ կարծիք կամ առաջարկություն ներկայացնել։ Միայն կարծում ենք, որ եթե այս կենտրոնը մասնավոր է լինելու, ապա պետք է ընտրվի մրցույթով և լիցենզավորվի, իսկ եթե պետության կողմից է հիմնադրվելու, ապա պետք է հստակեցվի այս կառույցի կազմակերպաիրավական ձևը՝ հիմնադրամ, թե ՊՈԱԿ, թե ՀՈԱԿ, կամ այլ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: