Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում «բնույթի» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ առցանց,» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «իրականացմանը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը,» բառերը,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ մաս՝

«2. Սույն հոդվածի իմաստով` այլ մերձավոր ազգական է համարվում երեխայի տատը, պապը, եղբայրը (այդ թվում՝ խորթ), քույրը (այդ թվում՝ խորթ), ծնողի քույրը կամ եղբայրը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 245.1-ին հոդված՝

«Հոդված 245.1. Երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը

  1. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածով քրեական պատասխանատվության ենթակա չեն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ միջնորդական գործունեություն չհամարվող գործունեություն իրականացնող անձինք:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-ին կետ՝

«8.1) անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորող, բռնություն գործադրելու սպառնալիք պարունակող կամ սեռական բնույթի գործողություններ կամ առաջարկություններ նախատեսող՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութ օգտագործելով,»: 

Հոդված 4. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 5-րդ մասում «Սույն հոդվածով» բառերից հետո լրացնել «և սույն օրենսգրքի 202-րդ հոդվածով», իսկ «նմանակված» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութում ներառված,» բառերը: 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաների կամ հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաների) խնամող հաստատություններում, ծերանոցներում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով: 

Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններին» բառերով: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.09.2025 - 14.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1033

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

05.10.2025

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ Նախագծի 2-րդ հոդվածը շարադրված է հետևյալ խմբագրությամբ՝ << Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝ 1-ին մասում «իրականացմանը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը,» բառերը․․․>>։ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Եթե Նախագծով առաջարկվող լրացումը տեղայնացնենք գործող հոդվածի դիսպոզիցիայում, կստանանք հետևյալ պատկերը․ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը, մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Ակնհայտ է, որ շարահյուսության առումով Նախագիծը վերաշարադրման կարիք ունի, քանի որ առաջարկվող տեսքով լրացում կատարելուց հետո գործող նորմի իմաստը կխախտվի։ Մյուս կողմից, այս լրացման վերաբերյալ Նախագծի հիմնավորումներում նշված է, որ <<Օրենսգրքի 243-րդ հոդվածի կիրառման առնչությամբ առաջացել է որոշակի տարաձայնություն, ինչից ելնելով մեկնաբանող ձևակերպում է ավելացվել նաև քննարկվող հոդվածի 1-ին մասում, որտեղ որպես տեսակցությունների խոչընդոտում հատուկ շեշտվում է դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը: Օրինակ, եթե դատական ակտով սահմանված է տեսակցությանը կոնկրետ ծնողի մասնակցության բացառումը, կոնկրետ վայրում տեսակցությունների իրականացումը, կոնկրետ վայրից դուրս տեսակցությունների իրականացումը և այլն>>: Նախագծի հեղինակներն, ըստ էության, նպատակ են ունեցել քրեականացնել նոր արարք՝ դատական ակտով սահմանված՝ տեսակցության պայմանների խախտումը։ Կարծում եմ, որ առաջարկվող արարքն իր օբյեկտով և օբյեկտիվ կողմով նաև սուբյեկտով տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունից, առաջարկում եմ քննարկել այդ հանցանքը նոր լրացվող հոդվածով նախատեսելու հարցը։ Իսկ եթե Նախագծի հեղինակների նպատակը եղել է գործող հոդվածով նախատեսված <<խոչընդոտելու>> եղանակները մեկնաբանելը, ապա <<դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը>> առաջարկվող ձևակերպումն ավելի անորոշ կլինի, քանի որ դատական ակտը կարող է սահմանել տարատեսակ պահանջներ, որոնք կամ վերաբերելի չեն լինի տեսակցություններին, կամ վերաբերելի լինելով հանդերձ՝ էական նշանակություն չեն կարող ունենալ հատկապես տեսակցողների իրավունքների խախտումների համատեքստում։ 2․ Նախագծով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 245.1-ին հոդվածով, որի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը՝>>։ Քանի որ այս արարքի քրեականացմամբ լուծվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածով նշված արգելքի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու խնդիրը, ուստի կարծում եմ, որ նպատակահարմար կլինի տարընթերցումներից և տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար 245․1-ին հոդվածի դիսպոզիցիայում ամբողջությամբ ներկայացնել Ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի մեկնաբանությունը, այն է՝ դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ․ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված գործունեություն իրականացնելը՝>>։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Օրենսգրքում առաջարկվող նոր 245.1-ին հոդվածի շարադրանքը («Հոդված 245.1. Երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը) հստակեցման և որոշակիացման կարիք ունի։ Թվարկվում են տարբեր սանկցիաներ, սակայն հստակ չէ թե միջնորդական ո՞ր գործունեության համար ո՞ր պատժատեսակն է կիրաեռելի, մեկ անձի կողմից կատարված թե՞ մի խումբ անձանց կողմից։ Ըստ իս սա կարող է հանգեցնել իրավական որշակիության սկզբունքի խախտմանը։ Բացի այդ, օրենքի ոչ բավարար հստակությունն ու որոշակիությունը կարող է հանգեցնել տարաբնույթ ընկալման և յուրովի մեկնաբանման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզաբանման անհրաժեշտության:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածն է սահմանում, թե որն է համարվում միջնորդական գործունեություն, այն է՝ որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն, բայց այս գործողությունները կարող է կատարված լինի մեկ անձի կողմից կամ մի խումբ անձանց կողմից՝ շահադիտական նպատակներով կամ առանց որևէ շահ հետապնդելու։ Արդյո՞ք օրենսդիրը այս տարբերություններին չպետք է անդրադառնա և որոշակիացնի և հստակեցնի, որպեսզի տարաբնույթ ընկալման և մեկնաբանությունների տեղիք չտա կամ հետագայում այն ընդունելուց հետո անհրաժեշտություն չառաջանա վերախմբագրել։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: