Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության երեխայի և մերձավոր ազգականներից՝ երեխայի տատու, պապու, եղբոր (այդ թվում՝ խորթ), քրոջ (այդ թվում՝ խորթ), ծնողի քրոջ կամ եղբոր, հետ տեսակցությունների խոչընդոտելու համար, որն այս պահին բացակայում է՝ անհավասար պաշտպանության ներքո վերցնելով երեխայի տարբեր մերձավոր ազգականներին, մասնավորապես՝ տարանջատում դնելով երեխայի տատու, պապու, քրոջ և եղբոր նկատմամբ մի կողմից, և երեխայի հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր և մորաքրոջ նկատմամբ՝ մյուս կողմից, այն դեպքում՝ երբ գործնականում հենց այդ անձինք են շատ հաճախ կապ պահում երեխայի հետ՝ առավել ևս ծնողներից որևէ մեկի բացակայության պայմաններում։ Այսինքն, ներկայացված Նախագծով հավասար երաշխիքներ կսահմանվեն երեխայի և մերձավոր այլ ազգականների հետ շփման առնչությամբ, կհստակեցվի Օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով «մերձավոր ազգական» հասկացությունը, կբացառվեն տարընթերցումները և կվերանա օրենսդրական բացը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև քրեական պատասխանատվություն երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելու համար՝ ապահովելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում ուղղակի ամրագրված նորմը:

Նախագծով սահմանվել է նաև առցանց սեռական բռնության կամ շահագործման և արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի կիրառմամբ երեխաների վտանգման դեպքերին համապատասխան կարգավորումներ:

  • Քննարկվել է

    29.09.2025 - 14.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1030

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

05.10.2025

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ Նախագծի 2-րդ հոդվածը շարադրված է հետևյալ խմբագրությամբ՝ << Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝ 1-ին մասում «իրականացմանը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը,» բառերը․․․>>։ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Եթե Նախագծով առաջարկվող լրացումը տեղայնացնենք գործող հոդվածի դիսպոզիցիայում, կստանանք հետևյալ պատկերը․ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը, մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Ակնհայտ է, որ շարահյուսության առումով Նախագիծը վերաշարադրման կարիք ունի, քանի որ առաջարկվող տեսքով լրացում կատարելուց հետո գործող նորմի իմաստը կխախտվի։ Մյուս կողմից, այս լրացման վերաբերյալ Նախագծի հիմնավորումներում նշված է, որ <<Օրենսգրքի 243-րդ հոդվածի կիրառման առնչությամբ առաջացել է որոշակի տարաձայնություն, ինչից ելնելով մեկնաբանող ձևակերպում է ավելացվել նաև քննարկվող հոդվածի 1-ին մասում, որտեղ որպես տեսակցությունների խոչընդոտում հատուկ շեշտվում է դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը: Օրինակ, եթե դատական ակտով սահմանված է տեսակցությանը կոնկրետ ծնողի մասնակցության բացառումը, կոնկրետ վայրում տեսակցությունների իրականացումը, կոնկրետ վայրից դուրս տեսակցությունների իրականացումը և այլն>>: Նախագծի հեղինակներն, ըստ էության, նպատակ են ունեցել քրեականացնել նոր արարք՝ դատական ակտով սահմանված՝ տեսակցության պայմանների խախտումը։ Կարծում եմ, որ առաջարկվող արարքն իր օբյեկտով և օբյեկտիվ կողմով նաև սուբյեկտով տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունից, առաջարկում եմ քննարկել այդ հանցանքը նոր լրացվող հոդվածով նախատեսելու հարցը։ Իսկ եթե Նախագծի հեղինակների նպատակը եղել է գործող հոդվածով նախատեսված <<խոչընդոտելու>> եղանակները մեկնաբանելը, ապա <<դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը>> առաջարկվող ձևակերպումն ավելի անորոշ կլինի, քանի որ դատական ակտը կարող է սահմանել տարատեսակ պահանջներ, որոնք կամ վերաբերելի չեն լինի տեսակցություններին, կամ վերաբերելի լինելով հանդերձ՝ էական նշանակություն չեն կարող ունենալ հատկապես տեսակցողների իրավունքների խախտումների համատեքստում։ 2․ Նախագծով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 245.1-ին հոդվածով, որի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը՝>>։ Քանի որ այս արարքի քրեականացմամբ լուծվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածով նշված արգելքի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու խնդիրը, ուստի կարծում եմ, որ նպատակահարմար կլինի տարընթերցումներից և տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար 245․1-ին հոդվածի դիսպոզիցիայում ամբողջությամբ ներկայացնել Ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի մեկնաբանությունը, այն է՝ դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ․ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված գործունեություն իրականացնելը՝>>։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Օրենսգրքում առաջարկվող նոր 245.1-ին հոդվածի շարադրանքը («Հոդված 245.1. Երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը) հստակեցման և որոշակիացման կարիք ունի։ Թվարկվում են տարբեր սանկցիաներ, սակայն հստակ չէ թե միջնորդական ո՞ր գործունեության համար ո՞ր պատժատեսակն է կիրաեռելի, մեկ անձի կողմից կատարված թե՞ մի խումբ անձանց կողմից։ Ըստ իս սա կարող է հանգեցնել իրավական որշակիության սկզբունքի խախտմանը։ Բացի այդ, օրենքի ոչ բավարար հստակությունն ու որոշակիությունը կարող է հանգեցնել տարաբնույթ ընկալման և յուրովի մեկնաբանման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզաբանման անհրաժեշտության:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածն է սահմանում, թե որն է համարվում միջնորդական գործունեություն, այն է՝ որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն, բայց այս գործողությունները կարող է կատարված լինի մեկ անձի կողմից կամ մի խումբ անձանց կողմից՝ շահադիտական նպատակներով կամ առանց որևէ շահ հետապնդելու։ Արդյո՞ք օրենսդիրը այս տարբերություններին չպետք է անդրադառնա և որոշակիացնի և հստակեցնի, որպեսզի տարաբնույթ ընկալման և մեկնաբանությունների տեղիք չտա կամ հետագայում այն ընդունելուց հետո անհրաժեշտություն չառաջանա վերախմբագրել։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: