Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Ներկայումս «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետությունում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեն ՀՀ ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։

          Առկա օրենսդրական կարգավորումներով՝ ՀՀ ՆԳՆ-ը՝ որպես ոլորտի լիազոր մարմին, այդ թվում՝ տեխնիկական անվտանգության բնագավառում պետական քաղաքականություն մշակող պետական կառավարման լիազոր մարմին, կաշկանդված է իրականացնելու հսկողական գործողություններ մասնավոր կազմակերպությունների գործունեության նկատմամբ, ինչը խոչընդոտում է լիարժեք և  պատշաճ կարգով տիրապետել ոլորտային առկա խնդիրներին՝ ռազմավարությունը ճիշտ մշակելու և տեխնածին վթարների, այդ թվում արտադրական պատահարների հնարավոր առաջացման կանխարգելմանն ուղղված իրավական ակտերի մշակմանը:

Ներկայումս Օրենքով Հայաստանի Հանրապետությունում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը հավատարմագրման ենթակա գործունեություն է:

          Այսպիսով, ՀՀ ՆԳՆ-ն մշակել է ոլորտային ռազմավարություն՝ հավատարմագրումից անցում կատարել լիցենզավորման՝ տեխնիկական անվտանգության ոլորտի լավարկման նպատակով:

          2 Առաջարկվող կարգավորման բնույթը.

          Նախագծերի փաթեթով առաջարկվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու գործունեությունը հավատարմագրման փոխարեն դարձնել լիցենզավորման ենթակա գործունեություն:

Միաժամանակ, նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարությանը վերապահել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում մասնավոր կազմակերպությունների լիցենզավորման և նրանց գործունեության նկատմամբ մոնիթորինգի իրականացման լիարժեք գործառույթները։ Բացի այդ, առաջարկվում է նախատեսել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները խախտելու դեպքերում վարչական պատասխանատվություն՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի։

         

         3 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

          Նախագծերի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

         4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և 

նրանց դիրքորոշումը

          Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

           5Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի 

եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

          Նախագծերի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։ 

          6 Ակնկալվող արդյունքը.

          Նախագծերի ընդունման արդյունքում տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու գործունեությունը հավատարմագրման փոխարեն կդարձվի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ և լիցենզավորման գործառույթը կվերապահվի ՀՀ ՆԳՆ-ին, իսկ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարմամբ կբացառվի մասնավոր կազմակերպությունների և պետության շահերի հնարավոր բախումը:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    29.09.2025 - 14.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1052

Տպել

Առաջարկներ`

Արթուր Խաչիկյան

14.10.2025

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկում եմ՝ 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ 1) նախագիծը լրամշակել, հաշվի առնելով ՀՀ կառավարության ս/թ հոկտեմբերի 2-ի նիսստում արդեն իսկ հավանության արժանացած և այդ օրենսդրական նախաձեռնությունը անհետաձգելի համարված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, 2) նախագծում նախատեսել դրույթներ Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրին հավատարմագրված անձանց հասանելիության (մուտքի) վերաբերյալ, ինչի արդյունքում էապես կբարելավվի Օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննության անցկացման քանակը, կնվազեցվի փորձաքննություններից խուսափող շահագործողների և վթարների քանակները, 3) նախագծից հանել լիցենզավորման մասին դրույթները, ինչը հակասում է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությանը, Կառավարության 2021-2026թթ. Ծրագրին և այլն՝ տես սույն առաջարկությունների 3-րդ կետը․ 2. Միավորել և մեկ նախագծի տեսքով ներկայացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը․ 3. Քննարկումից հանել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որովհետև նախագծերի ընդունումը՝ 1) հակասում է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությանը, Կառավարության 2021-2026թթ. Ծրագրին և տնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրերին, «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքին ու այլ իրավական ակտերին․ 2) հակասում է տնտեսության զարգացմանը և ազատականացմանը, մենաշնորհների վերացմանն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեության խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին․ 3) ի չիք է դարձնում վերջին տասնամյակում ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հավատարմագրման մարմնի ջանքերը, ընդունված բազմաթիվ իրավական ակտերն ու ներդրված միջոցներն ու ջանքերը։ Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտ կլինի վերանայել ԵԱՏՄ և Եվրոմիության շրջանակներում ՀՀ որդեգրած քաղաքականությունը, կատարել բազմաթիվ իրավական ակտերի ու ստանդարտների փոփոխություններ, ընդունել նոր ակտեր։

Armen Avetisyan

30.09.2025

Ներկայացված փոփոխությունները նախատեսում են նոր լիցենզավորման, որը կարող են ավելորդ բեռ դառնալ փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Սա հակասում է կառավարության կողմից հռչակված «բիզնես միջավայրի բարելավման» քաղաքականությանը։ Վերահսկողության գործառույթների ընդլայնումը առանց թվայնացված և թափանցիկ մեխանիզմների բարձրացնում է կոռուպցիոն ռիսկերը։ Առաջարկվում է նախագծերում հստակ ամրագրել հակակոռուպցիոն ապահովիչ մեխանիզմներ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: