Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • 12-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
  • 19-րդ պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․

3) լրացնել 20-րդ պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ՝

«լիցենզավորված անձ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիցենզավորման կարգին համապատասխան լիազոր մարմնի կողմից լիցենզավորված և հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։»։

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) վերնագրում և 1-ին մասում հանել «հաշվառում» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Տեխնիկական քննությունն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված հանձնախումբը: Տեխնիկական քննություն իրականացնող հանձնախմբում չի կարող ընդգրկվել այն փորձագետը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ:»:

 

Հոդված 3.  Օրենքի 11-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ)» բառերը փոխարինել «լիցենզավորված անձինք, ինչպես նաև հատուկ դեպքերում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում ընդգրկված փորձագետը (փորձագիտական խումբը): Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության հատուկ դեպքերը, փորձագետի (փորձագիտական խմբի) նշանակման կարգը և ռեեստրի վարման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը» բառերով․
  • 5-րդ մասում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «լիցենզավորված անձի կամ ղեկավարի կողմից: Հատուկ դեպքերով լիազոր մարմնի կողմից նշանակված փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից փորձաքննություն իրականացնելու դեպքում փորձաքննության եզրակացությունը ստորագրվում է փորձաքննությանը մասնակցած փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից:» բառերով, «մարմինները» բառից հետո լրացնել «, իսկ հատուկ դեպքերով լիազոր մարմնի կողմից նշանակված փորձագետը (փորձագիտական խումբը)» բառերը, «հաստատելուց» բառից հետո լրացնել «(հատուկ դեպքերում՝ ստորագրելուց)» բառերը, իսկ «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով․

3) լրացնել 8․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝

«8․1․ Փորձագետների ուսուցումն ու վերապատրաստումն իրականացվում են լիցենզավորված ուսումնական հաստատություններում։»։

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1․ Արտադրական վտանգավոր օբյեկտները, լիցենզավորված անձանց, սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերը հաշվառելու, ինչպես նաև հատուկ դեպքերում լիազոր մարմնի կողմից փորձագետ (փորձագիտական խումբ) նշանակելու նպատակով լիազոր մարմինը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների էլեկտրոնային ռեեստր (այսուհետ՝ Ռեեստր):»․

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

3) 3-րդ մասում՝

ա․ «է)» կետում «։» կետադրական նշանաը փոխարինել «․» կետադրական նշանով․

բ․ լրացնել «ը)» և «թ)» կետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«ը) լիցենզավորված անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը), պետական գրանցման, որակավորման տվյալները և հատուկ դեպքերում լիազոր մարմնի կողմից նշանակված փորձագետը (փորձագիտական խումբը)․

թ) տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերը և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը։»։

 

 Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասում «հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՝» բառերը փոխարինել «լիազոր մարմնին՝ Ռեեստրում հաշվառված փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «բ» կետը ուժը կորցրած ճանաչել.

2) «գ» կետում «հավատարմագրված» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները

  1. Լիազոր մարմնի իրավասություններն են`

ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը և ծրագրերի կատարման ապահովումը.

գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ.

ե) լիցենզավորված անձանց, տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, Ռեեստրի վարումը.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.

է) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը.

ը) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձևերի սահմանումը.

թ) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը.

ժ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում իրավական ակտերի ընդունումը.

ժա) սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականի ձևի հաստատումը.

ժբ) Ռեեստրի ձևի և վարման, ինչպես նաև լիցենզավորված անձանց հաշվառման կարգի հաստատումը.

ժգ) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական անվտանգության կանոնների, նորմերի և հրահանգների մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

ժդ) միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակման և իրագործման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով համագործակցությունը.

ժե) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.

ժզ) արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության հատուկ դեպքերի, փորձագետի (փորձագիտական խմբի) նշանակման կարգի և ռեեստրի վարման կարգի սահմանումը.

ժէ) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, փորձագետների որակավորման վկայականի տրամադրման  և որակավորումից զրկելու կարգի ու պայմանների սահմանումը.

ժը) սույն օրենի 10-րդ հոդվածով սահմանված տեխնիկական քննություն իրականացնող հանձնախմբի ձևավորման կարգի սահմանումը.

ժթ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանը առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում՝ նաև զանգվածային լրատվության միջոցներով.

իա) տեխնիկական անվտանգության փորձաքննության լիցենզիայի տրամադրումը.

իբ) լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը.

իգ) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»։

 

Հոդված 8 Օրենքի 20-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ մասերում «առանձնապես վտանգավոր արտադրական» բառերը փոխարինել «արտադրական վտանգավոր» բառերով։

 

Հոդված 9 Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 21 Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը

  1. 1. Լիազոր մարմինը տեխնիկական անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իր իրավասության սահմաններում իրականացնում է հսկողություն, իսկ համապատասխան տեսչական մարմինն իր իրավասության սահմաններում և գործիքակազմով՝ վերահսկողություն»։
  2. 2. Սույն օրենքի պահանջների խախտումներն առաջացնում են վարչական պատասխանատվություն՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի։»։

 

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 11.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրը։
  2. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լիցենզավորման կարգը:
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո հավատարմագրված անձինք իրավունք ունեն դիմելու լիազոր մարմնին՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության լիցենզիա ստանալու համար պարզեցված ընթացակարգով:

 

Հանրապետության նախագահ                                                                 Վ. Խաչատուրյան

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասում 1-ին նախադասությունից հետո լրացնել «Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու համար լիցենզիան տրվում է երեք տարի ժամկետով:» նախադասությունը:

 

        Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել 15-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«

15.

Տեխնիկական անվտանգության փորձաքննություն

ԿՄ

 

-

Փ

-

Ո

Հ

Վ

»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ                                                         Վ. Խաչատուրյան

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ բաժնից հետո լրացնել 20-րդ բաժին՝ հետևյալ բովանդակությամբ՝

«20 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

20․1․ Տեխնիկական անվտանգության փորձաքննություն

իրականացնելու համար լիցենզավորված

անհատ ձեռնարկատիրոջը լիցենզիա

տրամադրելու համար                                          բազային տուրքի 500-ապատիկի չափով

20․2․ Տեխնիկական անվտանգության փորձաքննություն

իրականացնելու համար լիցենզավորված

իրավաբանական անձին լիցենզիա

տրամադրելու համար                                             բազային տուրքի 1000-ապատիկի չափով»։

 

     Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ                                                                Վ. Խաչատուրյան

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 213.4-րդ հոդվածով.

«Հոդված 213.4.

«Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները խախտելը

1․ Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն անհարգելի պատճառով չիրականացնելը կամ իրականացնելուց հրաժարվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2․ Լիցենզավորված անձանց կողմից լիցենզիայի կարգի խախտումը, այդ թվում՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն  առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

  1. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված կարգադրագիրը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
  2. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված կարգադրագիրը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
  3. Օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
  4. Արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում լիազոր մարմնին չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
  5. Փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
  6. Օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
  7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետով նախատեսված պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության  Նախագահ

                                                 Վ. Խաչատուրյան

 

202 թ. ——— —— 

Երևան

ՀՕ-———-Ն

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-90-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածով օրենսգրքում լրացվող 244.25-րդ հոդվածի 1-ին մասում «հոդվածի 1-ին մասով» բառերից հետո լրացնել «և 213․4-րդ հոդվածով» բառերը։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «իսկ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ 213․4-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր կիրառելու դեպքերի մասով՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության  Նախագահ

                                                 Վ. Խաչատուրյան

 

 

 

 

 

 

202 թ. ——— —— 

Երևան

ՀՕ-———-Ն

         

  • Քննարկվել է

    29.09.2025 - 14.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1052

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արթուր Խաչիկյան

14.10.2025

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկում եմ՝ 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ 1) նախագիծը լրամշակել, հաշվի առնելով ՀՀ կառավարության ս/թ հոկտեմբերի 2-ի նիսստում արդեն իսկ հավանության արժանացած և այդ օրենսդրական նախաձեռնությունը անհետաձգելի համարված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, 2) նախագծում նախատեսել դրույթներ Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրին հավատարմագրված անձանց հասանելիության (մուտքի) վերաբերյալ, ինչի արդյունքում էապես կբարելավվի Օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննության անցկացման քանակը, կնվազեցվի փորձաքննություններից խուսափող շահագործողների և վթարների քանակները, 3) նախագծից հանել լիցենզավորման մասին դրույթները, ինչը հակասում է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությանը, Կառավարության 2021-2026թթ. Ծրագրին և այլն՝ տես սույն առաջարկությունների 3-րդ կետը․ 2. Միավորել և մեկ նախագծի տեսքով ներկայացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը․ 3. Քննարկումից հանել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որովհետև նախագծերի ընդունումը՝ 1) հակասում է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությանը, Կառավարության 2021-2026թթ. Ծրագրին և տնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրերին, «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքին ու այլ իրավական ակտերին․ 2) հակասում է տնտեսության զարգացմանը և ազատականացմանը, մենաշնորհների վերացմանն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեության խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին․ 3) ի չիք է դարձնում վերջին տասնամյակում ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հավատարմագրման մարմնի ջանքերը, ընդունված բազմաթիվ իրավական ակտերն ու ներդրված միջոցներն ու ջանքերը։ Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտ կլինի վերանայել ԵԱՏՄ և Եվրոմիության շրջանակներում ՀՀ որդեգրած քաղաքականությունը, կատարել բազմաթիվ իրավական ակտերի ու ստանդարտների փոփոխություններ, ընդունել նոր ակտեր։

Armen Avetisyan

30.09.2025

Ներկայացված փոփոխությունները նախատեսում են նոր լիցենզավորման, որը կարող են ավելորդ բեռ դառնալ փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Սա հակասում է կառավարության կողմից հռչակված «բիզնես միջավայրի բարելավման» քաղաքականությանը։ Վերահսկողության գործառույթների ընդլայնումը առանց թվայնացված և թափանցիկ մեխանիզմների բարձրացնում է կոռուպցիոն ռիսկերը։ Առաջարկվում է նախագծերում հստակ ամրագրել հակակոռուպցիոն ապահովիչ մեխանիզմներ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: