Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

              1Կարգավորման ենթակա խնդիրը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մի շարք ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների մաքսային ընթացակարգով ոչնչացման նպատակով կազմվող եզրակացությունների տրամադրման նպատակով շահագրգիռ մի քանի կառույցների կարծիքների տրամադրման անհրաժեշտությունից։

2 Առկա իրավիճակը

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը, ոչնչացման ակտի ձևը, ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացությունը և նշված եզրակացության տրամադրման պետական լիազոր մարմինները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշմամբ  (այսուհետ Որոշում) սահմանված են իրավակարգավորումներ, որով Հանրապետությունում ապրանքների մաքսային ընթացակարգով ոչնչացման համար եզրակացություն տրամադրող պետական լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրանքների զգալի մասը վտանգավոր քիմիական հատկություններ ունեն, անհրաժեշտություն է առաջացել, ապրանքների ոչնչացման համար որպես եզրակացություն տրամադրող պետական լիազոր մարմին դիտարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

ԱՏԳ ԱԱ 28 ապրանքային խմբում ընդգրկված են քիմիական տարրեր մաքուր տեսքով կամ դրանց միացությունները, անօրգանական քիմիական այլ նյութեր, լուսարձակող նյութեր, ռադիոակտիվ տարրերի կամ իզոտոպների հիմքով մետաղներ, որոնք թունավոր են, ունեն ռեակտիվ օքսիդացնող և ռադեոակտիվ հատկություններ, (օրինակ՝ ուրանի միացություններ), շատերը քայքայում են մաշկը, աչքերը, շնչուղիները (օրինակ՝ ամոնիումի նիտրատ)։

ԱՏԳ ԱԱ 29 ապրանքային խմբում ընդգրկված են հիմնականում օրգանական քիմիական նյութեր՝ քիմիական այնպիսի նյութեր, որոնք ընկած են պեստիցիդների, ներկերի և այլ քիմիական նյութերի ստեղծման հիմքում, օրգանական թթուներ, ածխաջրածնային միացություններ և այլն (օրինակ՝ էթանոլ, ացետոն, բենզոլ, որոնցից շատերը դյուրավառ են, թունավոր են ներշնչման կամ մաշկի հետ շփման դեպքում)։

ԱՏԳ ԱԱ 31 ապրանքային խմբում ընդգրկված օրգանական կամ անօրգանական  պարարտանյութեր, համակցված/կոմպլեքս պարարտանյութեր (օրինակ՝ ամոնիումի աղեր, սուպերֆոսֆատներ, կալիումական աղեր, հեղուկ կամ հատիկավոր պարարտանյութեր՝ ջրալույծ), որոնցից շատերը թեև օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, սակայն հաճախ օքսիդացնող հատկություններով, ինչը կարող է բարձրացնել հրդեհի վտանգը, մեկուսացված պահման դեպքում (օրինակ՝ ամուր փաթեթում կամ տաք միջավայրում) կարող են պայթել։ Միաժամանակ այս նյութերը խառնման ժամանակ առաջացնում են գազեր, ամոնիումի աղերն ու նիտրատները կարող են բռնկվել կամ պայթել սխալ պահման դեպքում։

ԱՏԳ ԱԱ 38 ապրանքային խմբում ընդգրկված են բազմապիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են պեստիցիդները, ներկերը, ախտահանիչները, արդյունաբերական օժանդակ նյութերը, կրակմարիչ միջոցները, տեխնիկական սոսինձները և այլն, որոնք ունեն բարձր ռեակտիվություն և տոքսիկություն։ Հատկապես պեստիցիդները ունեն մի շարք վտանգավոր հատկություններ (օրինակ՝ թունավոր են մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի համար, էկոլոգիական վտանգ են ներկայացնում, պայթյունավտանգ են)՝ հատկապես այն դեպքում, երբ վերջիններիս ժամկետն անցնում է և այն ենթակա և ոչնչացման կամ հատուկ պայմաններում պահպանման։ Այս ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների օգտագործման ոլորտները շատ տարբեր են, օրինակ՝ գյուղատնտեսության, առողջապահության, սանիտարական ծառայությունների մատուցման, ինպես նաև կենցաղում օգտագործման։

Միաժամանակ այս ապրանքների ոչնչացման եզրակցության տրամադրումը բազմակողմանի ուսումնասիրման կարիք ունի, հատկապես՝ կան միջազգային փորձից մի քանի օրինակներ․

ԵՄ Reach կարգավորումը (Regulation (EC) No 1907/2006) պարտադրում է, որ քիմիական նյութերի ոչնչացումը պետք է գնահատվի շրջակա միջավայրի տեսանկյունից, ոչնչացման նախնական փուլում անհրաժեշտ է թունավորության, ռեակտիվության, հնարավոր արտահոսքի, թափոնների դասակարգման գնահատում, որը տրվում է բնապահպանական հիմնավորումով՝ պայմանավորված վերջիններիս հողի, ջրի, բնության վրա ազդեցությամբ։

EPA (Environmental Protection Agency)՝ ամեն ապրանք ոչնչացնելուց առաջ պահանջվում է իրականացնել գնահատում՝ ինչպես այն կարող է ազդել ջրի, օդի, հողի և մարդու առողջության վրա և քիմիական նյութերի ոչնչացման ուղիները (օրինակ՝ այրում, թաղում, նեյտրալիզացիա) հաստատվում են էկոլոգիական հիմքերով։

Բազելի կոնվենցիա (Basel Convention)՝ վերահսկում է վտանգավոր թափոնների միջազգային տեղափոխումը և վերացումն այնպես, որ շրջակա միջավայրը չվնասվի։

Այսպիսով, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Եվրոպական միության անդամ բոլոր պետություններում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Ռուսաստանի Դաշնությունում և մի շարք այլ պետություններում վտանգավոր թափոնների ոչնչացման թույլտվությունները տրամադրվում են բնապահպանական գնահատումից հետո։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախագծով առաջարկվում է օրգանական քիմիական միացությունների, ոչ օրգանական քիմիական նյութեր, պարարտանյութերի ոչնչացման եզրակացության տրամադրումը վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը՝  հաշվի առնելով ապրանքների վտանգավորության աստիճանը շրջակա միջավայրի համար և նկատի ունենալով, որ Նախարարությունը հանդիսանում է քիմիական նյութերի, թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականության մշակող ու իրականացնող լիազոր մարմինը՝ ստանալով Միջուկին անվտանգության կարգավորման կոմիտեի, Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունների կարծիքներն իրենց լիազորությւնների մասով։

Միևնույն ժամանակ, ելնելով պայթուցիկ նյութերի, հրատեխնիկական արտադրատեսակների, հրակիր համահալվածքների և որոշ դյուրավառ նյութերի ոչնչացման անվտանգությունն ապահովման և վերահսկման անհրաժեշտությունից՝ առաջարկվում է ստանալ.

- ԱՏԳ ԱԱ 36 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների ոչնչացման համար՝  Ներքին գործերի նախարարության կարծիքը,

- ռադիոակտիվ էլեմենտների, միջուկային ռեակտորների և դրանց տարրերի ոչնչացման համար՝ Միջուկին անվտանգության կարգավորման կոմիտեի կարծիքը,

- եթերայուղերի, ռետինանյութերի, օծանելիքային, կոսմետիկական կամ հարդարման միջոցների ոչնչացման համար՝ առողջապահության նախարարության կարծիքը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի Որոշման մեջ կատարելով անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ՝ ապահովել վերոնշյալ ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների ոչնչացման վերաբերյալ համակողմանի ուսումնասիրումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և լիազոր  մարմինների կողմից եզրակացության տրամադրումը։ Ներկայումս վերոնշյալ ապրանքների ոչնչացման գնահատումը հիմնականում կենտրոնացած է տնտեսական և գյուղատնտեսական գերատեսչություններում, իսկ բնապահպանական ռիսկերն ամբողջությամբ չեն գնահատվում։

Սույն կարգավորման նպատակն է քիմիական, պայթուցիկ, հրատեխնիկական նյութերի, կոսմետիկական, հարդարման միջոցների ոչնչացման գործընթացի ընթացքում շրջակա միջավայրի և բնակչության առողջության անվտանգության երաշխավորումը՝ ապահովելով մասնագիտական գնահատման հիման վրա կայացվող եզրակացությունների տրամադրումը։

Կարգավորումը միտված է ապահովել նաև ՀՀ միջազգային պարտավորությունների (Բազելի կոնվենցիա, REACH, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներ) կատարումն ու ազգային օրենսդրության ներդաշնակեցումը առաջատար երկրների փորձին։ Նպատակն է բարելավել և ուժեղացնել քիմիական նյութերի ոչնչացման գործընթացի անվտանգությունն ու վերահսկելիությունը՝ ապահովելով դրա համապատասխանությունը շրջակա միջավայրի պաշտպանության, հանրային առողջության և միջազգային ստանդարտների պահանջներին։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է  Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 4․10-րդ կետից՝

«-Քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգի ստեղծումը»,

«-թափոնների այդ թվում` ընդերքօգտագործման, կառավարման համակարգի կատարելագործումը,   https://www.gov.am/files/docs/4586.pdf ։

Նախագծի ընդունումը թույլ կտա ապրանքների ոչնչացման եզրակացությունները կազմելիս փոխլրացնող մասնագիտական հմտություններ կիրառել՝ բացառելով միակողմանի գնահատականը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների ներգրավումը կստեղծի հնարավորություն նվազեցնել շրջակա միջավայրում առաջացող աղետների հավանականությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Այս կարգավորումը թույլ կտա բարձրացնել հանրային անվտանգության մակարդակը՝ բնապահպանական ռիսկերը առավել ամբողջական գնահատելով, նվազեցնել քիմիական նյութերի ոչ պատշաճ ոչնչացման հետևանքով հնարավոր վնասները՝ մարդու առողջությանը և շրջակա միջավայրին։ Կարգավորման արդյունքում կհստակեցվի լիազորությունների բաշխումը՝ զերծ մնալով իրավական երկիմաստություններից, ապահովելով պետական մարմինների համագործակցությամբ հիմնված մոտեցում՝ քիմիական նյութերի անվտանգ տնօրինման հարցում։ Որոշման ընդունմամբ կապահովվի աղետների ռիսկերի նվազեցումը, թունավոր արտահոսքերի կանխումը, սանիտարահիգիենիկ անվտանգությունը։

Միաժամանակ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային պահանջներին՝ ապահովելով բազմաչափ վիճակագրություն քիմիական նյութերի տեսակների, ռիսկայնության, ոչնչացման եղանակների և տեղի վերաբերյալ։

  • Քննարկվել է

    15.09.2025 - 03.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1212

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: