Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ Կառավարության իրավասությունն է թափոնների հաշվառման, գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգի սահմանումը։ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ սահմանված է «թափոնների գործածություն» եզրույթը, համաձայն որի թափոնների գործածությունը դա այն գործողություններն են, որոնք ուղղված են թափոնների հավաքմանը, փոխադրմանը, տեղադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածով սահմանված է թափոնների հաշվառման կարգը, համաձայն որի թափոնների գործածության ոլորտում ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են սահմանված կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, հեռացվող` ոչնչացվող, վնասազերծվող, տեղադրվող, ինչպես նաև այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող թափոնների հաշվառում: Մշակվել է «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, ինչով ի թիվս այլ փոփոխությունների առաջարկվում է Որոշման վերնագրում թվարկված գործողությունները ներկայացնել Օրենքով սահմանված ընդհանրական՝ «թափոնների գործածություն» եզրույթով, ինչը հնարավորություն կտա մեկ միասնական ակտի շրջանակներում սահմանել տարբեր թափոնների (հիմնականում՝ վտանգավոր թափոնների) գործածության կանոններն ու պահանջները։
Կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1073-Ա որոշմամբ հավանություն է տվել «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին և որոշում է կայացրել նշված նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշմամբ սահմանված են ոչ պիտանի պեստիցիդների (գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների թափոնների) գործածության կանոնները։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշման ընդունման համար օրենքով Կառավարությանը լիազորող նորմ սահմանված չէ, և նշված որոշման մեջ անհրաժեշտության դեպքում հնարավոր չէ կատարել որևէ փոփոխություն և լրացում, ուստի առաջարկվում է այն ուժը կորցրած ճանաչել, իսկ պեստիցիդների թափոնների գործածության կանոններն ու պահանջները սահմանել սույն Որոշման մեջ լրացվող նոր (N 2) հավելվածում՝ այլ թափոնների տեսակների հետ մեկտեղված, բայց հավելվածի տարբեր բաժինների տեսքով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով առաջարկվում է՝
- Խմբագրել Որոշման վերնագիրը՝ ներկայացնելով «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով փոփոխվող՝ թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններն ու պահանջները սահմանելու Կառավարության իրավասությունը սահմանող դրույթին՝ Օրենքի փոփոխվող 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան.
- Որոշմամբ հաստատել նոր (N 2) հավելվածը, ինչով կսահմանվեն ՀՀ-ում գոյացող տարբեր թափոնների մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով գործածության կանոնները և պահանջները.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնները հաստատելու մասին» N 195-Ն որոշումը, միաժամանակ սույն նախագծով (այլ թափոնների հետ միասին) հաստատելով նշված որոշմամբ կարգավորվող թափոնների գործածության կանոններն ու պահանջները.
- ՀՀ օրենսդրությամբ վտանգավոր թափոնների գործածության համար սահմանված ընդհանուր պահանջներին զուգահեռ, «էլեկտրական ավտոմեքենաների լիթիում-իոնային մարտկոցների կամ կուտակիչների», «պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնների» և «պեստիցիդների թափոնների» համար Որոշմամբ սահմանել դրանց գործածությանը ներկայացվող հատուկ կանոններ ու պահանջներ, ինչի մշակման համար հիմք են հանդիսացել նաև թափոնների կառավարման ոլորտի կանոնակարգման այլ երկրների օրենսդրությունը, մասնավորպես Եվրոպական միության համապատասխան հրահանգներն ու արձանագրությունները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի մեկ ընդհանուր նորմատիվ իրավական ակտի շրջանակներում սահմանել թափոնների հաշվառման կարգը, ինչով սահմանվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ-ում գոյացող բոլոր թափոնների հաշվառման ընթացակարգը, ինչպես նաև ՀՀ-ում գոյացող տարբեր թափոնների (հիմնականում՝ վտանգավոր թափոնների) գործածության (հավաքման, փոխադրման, տեղադրման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման) կանոններն ու պահանջները, ինչը հնարավորություն կստեղծի՝
1) թափոններ առաջացնողներին և թափոնների գործածության մեջ ներգրավված անձանց, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմիններին, այլ կազմակերպություններին և շահագրգիռ անձանց ավելի արագ և մատչելի եղանակով ծանոթանալու իրենց հետաքրքրող թափոնի տեսակի գործածությանը վերաբերող կանոններին ու սահմանված պահանջներին.
2) գործածության հատուկ կանոններ պահանջող թափոնների տեսակների (օրինակ՝ անվադողերի, էլեկտրոնային սարքավորումների, շինարարական, էլեկտրական մարտկոցների, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող հանքային և սինթետիկ յուղերի, սնդիկ պարունակող թափոնների, և այլ թափոնների տեսակների) պահման, փոխադրման, օգտահանման կամ հեռացման կանոնները կսահմանվեն նշված իրավական ակտում (յուրաքանչյուր թափոնի տեսակի համար՝ Որոշման հավելվածի առանձին բաժնի տեսքով), այսինքն այլ թափոնատեսակների (իսկ դրանք բազմաթիվ են) գործածության կանոնները սահմանելիս, նոր իրավական ակտ ընդունելու՝ վերջինիս իրավական հիմքն ապահովելու (օրենքով Կառավարությանը լիազորող նորմ սահմանելու) համար յուրաքանչյուր անգամ Օրենքում նոր փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանա, ինչի շնորհիվ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները կընդուվեն ավելի արագ և առանց օրենսդիր մարմնի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելու,
3) ՀՀ-ում գոյացող տարբեր թափոնների գործածության կանոնների ու պահանջների սահմանումն ու դրանց կիրառումը կբերի այդ թափոնների՝ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար ազդեցության ռիսկի նվազմանը, ինչպես նաև երկրորդային ռեսուրս հանդիսացող բազմաթիվ թափոնների օգտահանմանը, շրջանաձև տնտեսության ներդրմանն ու զարգացմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագիծն ուղղված է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ամրագրված Կառավարության հնգամյա ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի 8-րդ և 14-րդ առաջնահերթ ուղղությունների, Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի, 8.3 միջոցառման կատարմանը։
-
Քննարկվել է
29.08.2025 - 13.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1762
Տպել