ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2019 թվականից գործում է հարկային արտոնություն /ՀՀ հարկային օրենսգիրք 64-րդ հոդված/, համաձայն որի՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը (էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլետներ և մոպեդներ):
Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» N130 որոշման 7-րդ կետի 7.1.38-րդ ենթակետով սահմանվել են՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների /ըստ ԵԱՏՄ անդամ երկրների/ երրորդ երկրներից ներմուծման մասով սակագնային արտոնության /քվոտա/ չափաքանակները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է 2024թ․ և 2025թ․ համար տարեկան 8000 հատ քվոտայով։
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին N 267-Ն որոշման համաձայն՝ որպես վառելիք էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2025 թվականի՝ մեկ տարվա համար (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ ազատելով Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիների համար հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից։
Վերոնշյալ իրավական կարգավորումների արդյունքում՝ հանրապետությունում ստեղծվել է առավել բարենպաստ միջավայր նշյալ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը խթանելու համար:
Ըստ վիճակագրական տվյալների՝
Բարեփոխումների արդյունքում 2017-2024թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների դինամիկան ունի հետևյալ տեսքը:
|
ՀՀ
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը
|
2017
|
2018
|
2019
|
2020
|
2021
|
2022
|
2023
|
2024
|
Ընդամենը
|
|
1.
|
8702 40 000 (10 և ավելի ուղևոր)
|
X
|
X
|
0
|
40
|
0
|
0
|
15
|
24
|
39
|
|
2.
|
8703 80 000 (մինչև 10 ուղևոր), այդ թվում
|
29
|
12
|
145
|
315
|
1,893
|
2,663
|
6,631
|
9,527
|
11,688
|
|
3.
|
8711 60 (մոպեդ, մոտոցիկլ,
հեծանիվ ...)
|
X
|
X
|
523
|
1,797
|
4,747
|
2,823
|
2,989
|
2,242
|
12,879
|
|
Ընդամենը
|
29
|
12
|
668
|
2,152
|
6,640
|
5,486
|
9,635
|
11,793
|
24,606
|
2024թ. հունիս ամսվա դրությամբ Ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մասով ունենք հետևյալ ցուցանիշները․
թեթև մարդատար- 10,801
բեռնատար-94
ավտոբուս- 1
մոպեդ-13
մոտոցիկլետ-5
2024թ. հունիս ամսվա դրությամբ հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 55 %-ը կազմում են մինչև 3 տարեկան տրանսպորտային միջոցները, 4-10 տարեկան - 32%, իսկ 10 տարեկանից մեծ տրանսպորտային միջոցները` 13%-ը:
Հարկ է նշել, որ 2021-2024 թվականների ընթացքում /2024թ․ ապրիլի 1-ի դրությամբ/ տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում են 317 լիցքավորման կայաններ, որոնցից 177-ը Երևանում։ Նշենք, որ ՀՀ տարածքում գործող լիցքավորման կայանների տեղակայման վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ plugshare.com կայքում հասանելի քարտեզի միջոցով։
Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակների հետ։ Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի նվազում։
Վերոնշյալ դրական արդյունքներն ամրապնդելու և էլեկտրական տրանսպորտային միջոցների օգտագործման հետագա զարգացումն ապահովելու նպատակով նպատակահարմար է փոփոխություն իրականացնել ԱԱՀ մասով արտոնություն սահմանող ազգային օրենսդրական իրավական ակտում, համաձայն որի՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ավելացված արժեքի հարկից կազատվեն՝ համապատասխանաբար 2023թ-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված և 2024թ-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ ՀՀ տարածքում օտարումը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝
- 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող և 2023թ-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ ՀՀ տարածքում օտարումը։
- 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող և 2024թ-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ ՀՀ տարածքում օտարումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Հարկ է նաև նշել, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ վերջիններիս լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին:
Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) գյուղատնտեսության ու էկոզբոսաշրջության զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների (միջազգային և մասնավոր հատվածի կողմից) և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված «8.3 Էլեկտրամոբիլների և էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցների և հարակից ենթակառուցվածքների ներդրման ծրագրի իրականացում» միջոցառումը, որի կատարման շրջանակում, որպես ոլորտը խթանող գործողություն նախատեսվում է արտոնությունների ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության՝ համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում։
Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում՝ մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021-2025 թթ․ գործող Օրենսգրքի շրջանակներում ԱԱՀ-ի և նշված ապրանքատեսակների ներմուծումից ԱԱՀ չի գանձվել և ՀՀ պետական բյուջե գումար չի մուտքագրվել, ուստի պետական եկամուտներում հնարավոր կորուստներ չեն նախատեսվում։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ (այսուհետ՝ Օրենսգիրք) մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը: Վերոնշյալ իրավական կարգավորման արդյունքում՝ հանրապետությունում ստեղծվել է առավել բարենպաստ միջավայր նշյալ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար:
Միաժամանակ տվյալ արտոնությունից օգտվում են նաև այն անձինք, որոնք էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները ներմուծում են ոչ շահագործելու համար, այլ քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով: Արդյունքում ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնք ներմուծում են պահեստամասեր և վճարում օրենքով սահմանված հարկերը, գտնվում են անհավասար գնային պայմաններում, քան այն անձինք, որոնք, օգտվելով օրենսդրությամբ տրամադրված արտոնությունից, ներկրում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները հետագայում դրանք օգտագործելով քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով։
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի կողմից ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների շրջանառությունը խթանելու համար, մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ ազատ շուկայական տնտեսությամբ պետությունում անհատի ազատ զարգացումն անխուսափելիորեն կապված է հնարավոր անհավասարությունների հետ, կոչված է տարբեր միջոցառումներով մեղմելու այդ անհավասարությունը՝ իրականացնելով նպատակային քաղաքականություն։
Ներմուծված տրանսպորտային միջոցների պետական գրանցումը կկանխարգելի ներմուծողի կողմից զուտ միայն շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոց ներկրելու, ապակոմպլեկտավորելու կամ ապամոնտաժելու, մասնատելու և որպես պահեստամաս վաճառելու գործունեություն իրականացնելու և պարտադիր վճարներից խուսափելու միջոցով տրանսպորտային միջոցների ներմուծման ու մասնատման գործողության կատարումը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 13-րդ հոդվածի տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Միաժամանակ, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 123.4-րդ հոդվածի` Օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը առաջացնում են տուգանքի նշանակում:
Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծության համատեքստում հետևում է, որ ներմուծված տրանսպորտային միջոցների պետական գրանցումը կբացառի ներմուծողի կողմից զուտ միայն շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոց ներկրելու, ապակոմպլեկտավորելու կամ ապամոնտաժելու, մասնատելու և որպես պահեստամաս վաճառելու գործունեություն իրականացնելու և պարտադիր վճարներից խուսափելու միջոցով տրանսպորտային միջոցների ներմուծման ու մասնատման գործողության կատարումը:
Հարցի կարգավորման նպատակով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու համար սահմանել տուգանք՝ հայտարարագրված արժեքի 20% - ի չափով։
Ինչ վերաբերվում է տուգանքի գումարի համաչափությանը, նշենք, որ առաջարկվող տուգանքի գումարը համաչափ է անձի կողմից Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի համաձայն ստացված արտոնության գումարին։
Նշված մոտեցումը թույլ է տալիս արդարացի հավասարակշռություն ապահովել բոլոր անձանց միջև, սահմանելով պատասխանատվության միջոց յուրաքանչյուր անձի համար իր կողմից ստացված արտոնությանը համահավասար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանխարգելի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված արտոնությամբ ներկրման այն դեպքերը, երբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն հետագայում՝ հնարավոր անհավասար պայմաններում այն քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» բաժնի 3․3 կետով նախատեսված միջոցառման նպատակներից։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: