ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայանացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ և այն հանգամանքի ուժով, որ 15.05.2025 թվականին ՀՀ կառավարությունը կառավարության նիստով հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին, որով սահմանվում են օրենսդրական հիմքեր թվային վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի համար, ավելին, ՀՀ կառավարությունն իր 15.05.2025 թվականի 572-Ա որոշմամբ օրենքների նախագիծը համարել է անհետաձգելի և ներկայացրել ՀՀ ԱԺ։
Այսպես, գործող իրավակարգավորումներով. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) և ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված է, որ նախ՝ տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված որակավորման քննությունները դրական հանձնած անձին հատկացվող (այդ թվում՝ փոխանակման կամ կրկնօրինակի տրամադրման) վարորդական վկայականը հանդիսանում է պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտ, և երկրորդ՝ տրանսպորտային միջոցի երթևեկության մեջ գտնվելու դրությամբ այդ վկայականը ֆիզիկապես պետք է գտնվի վարորդի մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու ծառայողի պահանջով ստուգման ներկայացնելու համար՝ նպատակ հետապնդելով հավաստիանալ վարորդի գործով վարելու իրավունքի վկայական ունենալու մեջ, իսկ վարորդական իրավունքի վկայականի ֆիզիկական բացակայությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված հիմքով առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Արդի ծրագրատեխնիկական զարգացման ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացու համար ՀՀ տարածքում վարորդական վկայականի ֆիզիկական առկայությունը կորցրել է իր արդիականությունը, քանի որ դրա ստուգման իրավասություն ունեցող պաշտոնատար անձիք ապահովված են տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ համակարգերին հասանելիության հնարավորություններով, ինչը լայն հնարավորություն է տալիս անձի վարորդական վկայականի հետ կապված հարցերը պարզել անմիջապես ցանցային ստուգման, իսկ ցանցային անհասանելիության դեպքում՝ այդ փաստաթղթը ՀՀ ՆԳՆ թվային հարթակի միջոցով արտացոլված տարբերակի ստուգման արդյունքում, եթե վարորդն ունենա այդ փաստաթղթերի թվային տարբերակը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակը, ինչը ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի կդարձվի՝
- վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարոդրական վկայական ստացող անձին,
- գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,
- այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում։
Առաջարկվում է վկայականի թվային տարբերակները հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով։
Նախագծով առաջարկվող կարգավորումները բոլորովին չեն սահմանափակի անձի կողմից ազգային վկայական ստանալու իրավունքը և անձը ցանկացած ժամանակ կարող է ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական գործառույթ իրականացնող քննական ցանկացած ստորաբաժանումից ստանալ Որոշման N 3-րդ հավելվածով սահմանված ազգային վարորդական վկայական։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը կապված է 2023-2025 թվականների հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության հետ:
ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայանացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտ ծրագրատեխնիկական լուծումները և այդ համակարգի սպասարկումը չի իրականացվի ծառայությունների գնման միջոցով, քանի որ այդ մասով գործընթացներն ապահովվելու են «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն»-յան և ՀՀ ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության ռեսուրսներով։
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անձնաց համար թվային հնարավորությունների կիրառմամբ պարզեցնել վարորդական վկայակնների ստացման, տիրապետման գործընթացը, ինչպես նաև ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչարարության կրճատումը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
05.08.2025 - 20.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1191
Տպել