Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 182-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006  ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2006  թվականի փետրվարի 16-ի «Վնասակար նյութերի սահմանաքանակները հաստատելու  մասին» N 182-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածով սահմանված են այն վնասակար նյութերի ցանկը և այդ նյութերի սահմանաքանակները, որոնց  գերազանցման դեպքում օբյեկտները, որտեղ մեկ օրվա ընթացքում արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են տվյալ նյութերը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում են վտանգավոր արդյունաբերական օբյեկտներ, և որոնց վրա տարածվում են նշված օրենքով սահմանված պահանջները։ Որոշման հավելվածում, որպես թունավոր նյութեր ներառված են նաև սնդիկը, երկվալենտ սնդիկի օքսիցիանիդը, սնդիկի դիքլորիդը և երկվալենտ սնդիկի ցիանիդը, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, ինչպես նաև վտանգ ներկայացնել շրջակա բնական միջավայրի համար։ Որոշման հավելվածում, որպես մեկ օրվա ընթացքում սնդիկի արտադրման, վերամշակման, պահման, փոխադրման, օգտագործման կամ ստացման սահմանաքանակ սահմանված է՝ 5 կիլոգրամը, ինչը գերազանցելու դեպքում օբյեկտը կհամարվի վտանգավոր արդյունաբերական օբյեկտ, իսկ երկվալենտ սնդիկի օքսիցիանիդի, սնդիկի դիքլորիդի և երկվալենտ սնդիկի ցիանիդի համար՝ յուրաքանչյուր նյութի դեպքում 2 կիլոգրամը։

Հաշվի առնելով սնդիկի և դրա միացությունների խիստ թունավոր հատկությունները ՀՀ կողմից 2017 թվականին վավերացվել է  «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (այսուհետ՝ կոնվենցիա), իսկ դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Ազգային ժողովի կողմից 2022 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Սնդիկի մասին» օրենքը:

«Սնդիկի մասին» օրենքով սահմանված է արգելք ՀՀ-ում  սնդիկի արդյունահանման համար և կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով ապրանքների արտադրության համար։

Ընդերքի մասին օրենսգրքով արգելվել է սնդիկ պարունակող հանքանյութի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը։

Սնդիկը, երկվալենտ սնդիկի օքսիցիանիդը, սնդիկի դիքլորիդը և երկվալենտ սնդիկի ցիանիդը ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի Ոչ սակագնային կարգավորման մասին» N30 որոշման 2.13-րդ բաժնում սահմանված ապրանքների ցանկում, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք թույլատրվում է լիազոր մարմնի կողմից տրամադրված միանգամյա լիցենզիայի հիման վրա, իսկ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով դրանց ներմուծումը ՀՀ և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների տարածք արգելված է։ Արտաքին առևտրի դեպքում վերը նշված թունավոր նյութերի ներմուծումը կարգավորվում է նաև ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշումներով, որոնց համաձայն ԵԱՏՄ, այդ թվում՝ ՀՀ տարածք այդ նյութերի ներմուծման համար անհրաժեշտ է ստանալ շրջակա միջավայրի նախարարության  կողմից տրամադրվող միանգամյա (մեկանգամյա)  լիցենզիա։

Երկվալենտ սնդիկի օքսիցիանիդը (սնդիկի օքսիցիանիդ), սնդիկի դիքլորիդը և երկվալենտ սնդիկի ցիանիդը (սնդիկի ցիանիդ) ներառված են Կառավարության 2025 թվականի  փետրվարի 13-ի N 139-Ն որոշման հավելվածով սահմանված ապրանքների ցանկում, որոնց ՀՀ-ից արտահանման և ՀՀ ներմուծման համար սահմանված է արգելք։  (ԵԱՏՄ օրենսդրությանը չհակասելու նպատակով արգելքը սահմանվում  է վեց ամիս ժամկետով)։

  Սնդիկի արտահանման կամ ներմուծման դեպքում հնարավոր վնասակար ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով Կառավարության 2025 թվականի  փետրվարի 13-ի N 147-Ն որոշմամբ սահմանվել են պահանջներ նաև ՀՀ-ից սնդիկի արտահանման համար, իսկ ՀՀ սնդիկի ներմուծման սահմանված պահանջներին ավելացել են նաև կոնվենցիայով և վտանգավոր բեռների փոխադրման օրենսդրությամբ նախատեսված պահանջներ։ (ԵԱՏՄ օրենսդրությանը չհակասելու նպատակով կարգը սահմանվում  է վեց ամիս ժամկետով)։

ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 27-Ն հրամանով հաստատված հավելվածի աղյուսակ 5-ի համաձայն՝ սնդիկը և սնդիկի անօրգանական միացությունները հանդիսանում են վտանգավորության 1-ին դասի նյութեր։

Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։ Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի և միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար:

Սնդիկի ցիանիդը, օքսիցիանիդը, սնդիկի երկքլորիդը, հատկապես դրանցից անջատվող գոլորշիները՝ չափազանց թունավոր են, ունեն նեյրոտոքսիկ ազդեցություն՝ շատ մեծ վնաս են հասցնում կենտրոնական նյարդային համակարգի: Թունավորման պատկերը նման է մետաղական սնդիկի թունավորմանը: Սնդիկի օքսիցիանիդը շփման դեպքում նաև պայթունավտանգ է։

Հաշվի առնելով վերը նշված քիմիական նյութերի խիստ թունավոր հատկությունները, ինչը հավաստվում է վերը նշված և բազմաթիվ այլ իրավական ակտերով և նորմերով, անհրաժեշտություն է առաջացել առավել խիստ հսկողություն սահմանել այդ նյութերի գործածության, պահպանման և հաշվառման նկատմամբ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախորդ կետում ներկայացված հիմնավորմամբ սույն նախագծով առաջարկվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվելու համար Որոշման հավելվածով սնդիկի համար սահմանված՝ 5կգ, իսկ երկվալենտ սնդիկի օքսիցիանիդի, սնդիկի դիքլորիդի և երկվալենտ սնդիկի ցիանիդի համար՝ յուրաքանչյուրը 2կգ, շատ մեծ սահմանաքանակները փոխարինել և դրանք ներկայացնել Որոշման հավելվածի ցանկում ներառված պայթունավտանգ նյութերի համապատասխան տողերում կատարված «Առկայությունը» գրառմանը համանման՝ ցանկացած քանակությամբ սնդիկի և սնդիկի նշված միացությունների առկայության դեպքում տվյալ օբյեկտը դիտարկելով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ։  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախատեսվող փոփոխություննների շնորհիվ կապահովվի «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ ստանձնած պահանջների կատարումն՝ ուղղված սնդիկի և սնդիկ պարունակող խիստ թունավոր նյութերի շրջանառության սահմանափակմանը, դրանց առկա քանակների հաշվառմանը, այդ նյութերի օգտագործման դադարեցմանը, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Փոփոխության արդյունքում արտադրությունները կամ դրանց առանձին տեղամասերը, արտադրամասերը, արտադրական հրապարակները, պահեստարանները, տեղակայանքները, տեխնոլոգիական սարքավորումները կամ ցանկացած այլ օբյեկտները, որտեղ առկա կլինեն սնդիկի, երկվալենտ սնդիկի օքսիցիանիդի, սնդիկի դիքլորիդի կամ երկվալենտ սնդիկի ցիանիդի ցանկացած քանակություն կհամարվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ, ինչի շնորհիվ այդ օբյեկտներն ու դրանցում առկա թունավոր նյութերը կգտնվեն լիազոր պետական մարմինների հսկողության ներքո, կկանխվեն տեխնածին վթարները, կնվազի նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկը, իսկ այդ նյութերի հաշվառման տվյալները կօգտագործվեն դրանց վնասազերծման և անվտանգ հեռացման եղանակների ընտրության և կիրառման համար:  

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագծի մշակումը բխում  է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի 1-ին միջոցառման՝ «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»  կատարման անհրաժեշտությունից։                                         

 

 

  • Քննարկվել է

    24.07.2025 - 08.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Արտակարգ իրավիճակներ

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1663

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: