Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ OՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

2003 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից թիվ 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակվել է որպես Հանրային ծառայության օր: Նշված փաստաթուղթը կոչ է անում անդամ երկրներին հունիսի 23-ին անցկացնել հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում կլուսաբանվեն հասարակության շրջանում հանրային ծառայությունների արժեքի ու դերի կարևորությունը, կընդգծվեն վերջինիս ներդրումը  երկրների զարգացման գործընթացում՝ միաժամանակ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների հետաքրքրվածությունը՝ հանրային ծառայության ոլորտում աշխատելու առումով:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայումս ՀՀ-ում հանրային ծառայության կամ հանային ծառայողի հատուկ օր չի նշվում:

Հունիսի 23-ը ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշելու առաջարկը ներկայացվել է Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ վերոնշյալ նախաձեռնությունը և նախագիծը քննարկվել են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2018 թվականի մարտի 23-ի նիստում և հավանության արժանացել: Հանրապետական եռակողմ հանձնաժողովի որոշմամբ նախագիծը դրվել է շրջանառության:

Ըստ էության հանրային ծառայողը հանրային բարիք ստեղծող է, ում աշխատանքն ուղղված է ողջ հասարակության համար նոր արդյունքի ստեղծմանը: Հաշվի առնելով հանրային ծառայողի առաջնային դերը ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման գործում, ինչպես նաև հիմք ընդունելով այս առումով առկա միջազգային փորձը՝ սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:

Հարկ է ընդգծել նաև, որ մի շարք երկրներում հունիսի 23-ն արդեն իսկ նշվում է որպես պետական հատվածի աշխատողների օր: Օրինակ՝

  • Ղազախստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն՝ 2014 թվականից հունիսի 23-ը Ղազախստանում նշվում է որպես պետական ծառայողի օր:
  • Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 4-ի թիվ 1 որոշմամբ հունիսի 23-ը ընդունվել է որպես պետական և համայնքային ծառայողի օր: Այդ օրը, համաձայն Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 22-ի N 242 որոշման, նշվում էր նաև նախկինում, սակայն կոչվում էր պետական ծառայողի օր:
  • Ուկրաինայի նախագահի թիվ 291/2003 հրամանագրի համաձայն՝ 2003 թվականից հունիսի 23-ը Ուկրաինայում նշվում է որպես պետական ծառայության օր:

Չնայած ՄԱԿ-ի կողմից հունիսի 23-ը հռչակված է որպես հանրային ծառայության օր, որոշ երկրներում այն ընդունված է որպես հանրային կամ պետական ծառայողի օր: Նախագծով առաջարկվում է, որ այն ավելի հասցեավորված լինի և նշվի որպես հանրային ծառայողի օր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հասարակության մեջ հանրային ծառայողի դերն ու նշանակությունը կարևորելու ևս մեկ հնարավորություն կստեղծվի:

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.04.2018 - 07.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6765

Տպել

Առաջարկներ`

Արմեն Այվազյան

07.05.2018

Ողջունում եմ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ներկայացրած այս նախագիծը, որը հերթականն է` մեզ , հանրային ծառայողներիս իրավունքների պաշտպանության գործում` կատարված Պետհիմնարկների հանրապետական ճյուղային արհմիության ջանքերի շնորհիվ: Համամիտ եմ, ինչու ոչ, մանավանդ որ շատ երկրներում նշում են։ Հանրային ծառայողի օրը ևս մեկ անգամ հնարավորություն կտա բարձրացնելու հանրապետության աշխատող բնակչության մեծ տոկոս կազմող հանրային ծառայողների դերն ու նշանակությունը:

Անժելա Ստեփանյան

07.05.2018

Որպես հանրային ծառայող, ուրախ կլինեմ օրացույցում նման օր ունենալու համար

Մարգարիտա Պետրոսյան

07.05.2018

Ողջունում եմ, համամիտ եմ առաջարկի հետ:

Տեսնել ավելին