Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի­_________N  __–Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

   1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

   2․ Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում․

   1) 1-ի կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «1. Սույն կարգով սահմանվում են անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեավորման ու հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի հետ կապված հարաբերությունները:»,

   2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «կառուցապատված» բառից հետո լրացնել «կամ կառուցապատվող» բառերը,

   3) 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «7) հասցե` վավերապայմանների (ռեկվիզիտ) որոշակիորեն համակարգված համախումբ, որը միանշանակ որոշում է հասցեավորման օբյեկտի տեղը բնակավայրում և որը պարունակում է առնվազն հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, բնակավայր, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցուղի, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի հերթական համար, բացառությամբ սույն որոշման 39-րդ կետով սահմանված դեպքերի։ Հասցեն կարող է ներառել նաև անշարժ գույքի անվանում (հողամաս, շենք, շինություն, բնակարան, ավտոկայանատեղի և այլն) և փոստային դասիչ.»,

   4) 2-րդ կետի 12-րդ ենթակետում «հասցեների» բառից հետո հանել «միասնական» բառը, իսկ «շտեմարան» բառը փոխարինել «համակարգ» բառով,

   5) 2-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

   «13) հասցեների ռեեստրի էլեկտրոնային հարթակ՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում ներդրված առցանց էլեկտրոնային հարթակ, որի միջոցով իրականացվում է ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման, ինչպես նաև անշարժ գույքի միավորման և բաժանման դեպքերում հասցեավորման հայտերի համաձայնեցում․»,

   6) 2-րդ կետի 14-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

   7) 2-րդ կետը լրացնել նոր 15-րդ և 16-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ․

   «15) հասցեների ռեեստրի տեղեկատվական բազա` հասցեների ռեեստրում առկա հաստատված ստանդարտներին համապատասխան հասցեների վերաբերյալ տվյալների համախումբ․

   16) հասցեների ռեեստրի քարտեզագրական բաղադրիչ` բազային տարածական տվյալների (անշարժ գույք (կադաստրային քարտեզ), հասցե, աշխարհագրական անվանումներ, ճանապարհատրանսպորտային ցանց, օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ և այլն) հիման վրա ստեղծված առցանց քարտեզագրական միջավայր։»,

   8) 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«II. ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄԸ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ»,

   9) 6․1-ին կետում «հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ» բառերը փոխարինել «հասցեների ռեեստրի էլեկտրոնային հարթակ» բառերով,

   10) 8-րդ կետում «հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ» բառերը փոխարինել «հասցեների ռեեստրի էլեկտրոնային հարթակ» բառերով,

   11) 3-րդ գլխի վերնագրում «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ՝ ԸՍՏ ԴՐԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ» բառերով,

   12) 9-րդ կետում՝ «Մեսրոպ» բառը փոխարինել «Մ․» տառով և կետադրական նշանով, «Պուշկինի» բառից առաջ լրացնել «Ա․» տառը և կետադրական նշանը, «Եղիշե» բառը փոխարինել «Ե․» տառով և կետադրական նշանով, «Հրաչյա» բառը փոխարինել «Հ․» տառով և կետադրական նշանով, «Գարեգին» բառը փոխարինել «Գ․» տառով և կետադրական նշանով,

   13) 10-րդ կետում՝ «Աբովյան» բառից առաջ լրացնել «Խ․» տառը և կետադրական նշանը, «Թումանյան» բառից առաջ լրացնել «Հ․» տառը և կետադրական նշանը, «Սուրենյանց փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Հակոբ Պարոնյան փողոց,» բառերը հանել, «Շահումյան» բառից առաջ լրացնել «Ս․» տառը և կետադրական նշանը,

   14) 12-րդ կետում «Պռոշյան» բառից առաջ լրացնել «Պ․» տառը և կետադրական նշանը,

   15) 13-րդ կետից հանել «միայն» բառը, իսկ «Պռոշյան» բառից առաջ լրացնել «Պ․» տառը և կետադրական նշանը,

   16) 4-րդ գլխի վերնագրում «ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ» բառերով,

   17) լրացնել նոր 27․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

   «27․1․ Սույն բաժնով սահմանված դրույթները կիրառելի չեն այն անշարժ գույքերի համարակալման ժամանակ, որոնք գտնվում են այլ տրամաբանական հաջորդականությամբ կամ օրինաչափությամբ համարակալված անշարժ գույքերի հարևանությամբ, ինչպես նաև ունեն տվյալ գույքային միավոր(ներ)ին բնորոշ առանձնահատկություններ (պատմական, մշակութային, ժամանակագրական, աշխարհագրական)։»,

   18) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «29. Հասցեավորման ենթակա են՝

   1) գոյություն ունեցող և նոր առաջացած (ստեղծված) հողամասերը, (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շենքերը և շինությունները.

   2) հասցեավորված օբյեկտի՝ նոր օբյեկտների բաժանման, ինչպես նաև երկու և ավելի օբյեկտների միավորման դեպքում առաջացած օբյեկտները.

   3) նախկինում չհասցեավորված օբյեկտները։»,

   19) 31-րդ և 32-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

   20) 33-րդ կետում բոլոր «Արշակունյաց» բառերից հետո լրացնել «պողոտա» բառը, իսկ «հասցեն։» բառից և կետադրական նշանից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ․

«Սույն կետով սահմանված դրույթները կիրառելի չեն այն դեպքերում, երբ անշարժ գույքի բաժանման արդյունքում առանձնացվող միավորի հասցեավորումը նպատակահարմար է իրականացնել այլ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի նկատմամբ։»,

   21) 34-րդ կետում բոլոր «Կոմիտասի» բառերից հետո լրացնել «պողոտա» բառը, հանել բոլոր «շ․» տառերը և կետադրական նշանները, իսկ «37» թվերից հետո լրացնել «հասցեների» բառը,

   22) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «35. Հասցե ունեցող 2 կամ մի քանի անշարժ գույքի միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտի հասցեն ձևավորվում է միավորվող օբյեկտների հասցեներից` դրանց առաջին և վերջին համարներն իրարից անջատելով գծիկով, եթե համարներն իրար հաջորդող են, իսկ հակառակ դեպքում` ստորակետով։ Սույն կետով սահմանված դեպքերում, եթե միավորվող օբյեկտների հասցեների համարներից առնվազն մեկը բնական թիվ է, ապա նոր գույքային միավորի հասցեում նշվում է բացառապես բնական թվի/թվերի համար(ներ)ը, իսկ եթե բոլոր միավորվող օբյեկտների հասցեների համարները արտահայտված են կոտորակով, ապա նոր գույքային միավորի հասցեում համարը նշվում է կոտորակներից որևէ մեկը․ օրինակ` Հ․ Թումանյան փողոց 21, Հ․ Թումանյան փողոց 23 և Հ․ Թումանյան փողոց 25 հասցեների միավորման դեպքում նոր հասցեավորման օբյեկտին տրվում է
Հ․ Թումանյան փողոց 21-25 հասցեն, Հ․ Թումանյան փողոց 21, Հ․ Թումանյան փողոց 21/1 և Հ․ Թումանյան փողոց 23 հասցեների միավորման դեպքում` Հ․ Թումանյան փողոց 21, 23, իսկ Հ․ Թումանյան փողոց 21/1, Հ․ Թումանյան 21/3 և Հ․ Թումանյան փողոց 21/7 հասցեների միավորման դեպքում` Հ․ Թումանյան փողոց 21/1։»,

   23) 37-րդ և 38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «37. Մայրուղիներին կից անշարժ գույքը հասցեավորելիս նշվում է անշարժ գույքի գտնվելու վայրը՝ մարզը, համայնքը, բնակավայրը, մայրուղու անվանումը, անշարժ գույքի տեղադիրքը մայրուղու նկատմամբ՝ արտահայտված կիլոմետրերով և անշարժ գույքի համարը՝ իրարից անջատելով գծիկով, անշարժ գույքի անվանումը, օրինակ՝ Երևան-Սևան մայրուղու 54-55 կմ հատվածում գտնվող թիվ 10 շինության հասցեն կլինի Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Սևան քաղաք, Երևան-Սևան մայրուղի 54-10 շինություն։

   38. Մայրուղիներին կից անշարժ գույքը համարակալվում է մայրուղու ձախ կողմից` կենտ համարներով, իսկ աջից` զույգ համարներով. համարակալումն իրականացվում է տվյալ բնակավայրի սահմաններում գտվող մայրուղու սկզբից:»,

   24) 39-րդ կետում՝ «փողոցի» բառը փոխարինել «ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի» բառերով, «անվանումն ու» բառերը հանել, «համարը» բառից հետո լրացնել «և անվանումը» բառերը, «10-րդ» թիվը փոխարինել «Առինջ բնակավայր, 10» բառերով, կետադրական նշանով և թվով,

   25) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «41․ Անշարժ գույքի հասցեավորման աշխատանքներն իրականացվում են հասցեների ռեեստրի քարտեզագրական բաղադրիչի միջոցով։»,

   26) 43-րդ և 44-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

   27) 45-րդ կետում «բնակարանի կամ շինության հերթական համարը և «բնակարան» կամ «շինություն» բառը» բառերը փոխարինել «անշարժ գույքի հերթական համարը և անվանումը» բառերով,

   28) 47-49-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

   29) 7-8-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«VII. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

   50. Անշարժ գույքի օբյեկտի հասցեավորումն իրականացվում է Կադաստրի կոմիտեի կողմից, բացառությամբ սույն կարգի 52-րդ կետով սահմանված դեպքերի:

   51. Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի օբյեկտի հասցեավորումն իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթի շրջանակներում, ինչպես նաև իր նախաձեռնությամբ՝ հասցեների ռեեստրի տեղեկատվական բազայի ամբողջականությունը, ճշգրտությունը և ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու, չհասցեավորված կամ սխալ հասցեավորված անշարժ գույքի միավորները հասցեավորելու նպատակով:

   52. Համայնքների տարածքում տեղակայված անշարժ գույքերի միավորման կամ բաժանման դեպքերում հասցեները տրամադրում են համայնքի ղեկավարները:

   53. Հասցեի տրամադրումը վճարովի է անշարժ գույքերի բաժանման կամ միավորման պարագայում:

   54. Սույն կարգի 50-րդ կետով սահմանված դեպքում` անշարժ գույքին հասցե տրամադրելու համար գույքի սեփականատերը կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի իմաստով՝ իրավատերը դիմում է ներկայացնում համատասխան համայնքին: Դիմումին կցվում է նաև անշարժ գույքի բաժանմանը կամ միավորմանը վերաբերող հատակագիծը:Դիմումում նշվում են սեփականատիրոջ կամ իրավատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, անշարժ գույքի գտնվելու վայրը։ Դիմումի ձևը տեղադրվում է տվյալ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում):

   55. Համայնքի ղեկավարն առավելագույնը 6 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ անշարժ գույքին հասցե տրամադրելու կամ հասցե տրամադրելը մերժելու մասին:

   56. Անշարժ գույքի հասցեի տրամադրումը կարող է մերժվել, եթե`

   1) անշարժ գույքի բաժանումը կամ միավորումը թույլատրված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

   2) օբյեկտն ինքնուրույն գույքային միավոր չէ:

   57. Համայնքի ղեկավարն անշարժ գույքի հասցեավորման հայտը ստանալուց հետո, նախքան համապատասխան որոշում ընդունելը անշարժ գույքի հասցեավորման հայտը մուտքագրում է Կադաստրի կոմիտեի հասցեների ռեեստրի էլեկտրոնային հարթակ։ Կադաստրի կոմիտեի կողմից ուսումնասիրվում է հայտը, որի հաստատումից հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հասցեի հայտի քաղվածքը։ Հայտի ձևը սահմանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

   58. Հասցեավորման հայտը կարող է մերժվել, եթե`

   1) հայտով ներկայացված հասցեն չի համապատասխանում սույն կարգի պահանջներին․

   2) հասցեն գրանցված է որպես անշարժ գույքի այլ միավորի հասցե:

   59. Անշարժ գույքի հասցեավորման հայտը հաստատվելուց (բավարարվելուց) հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը, որից հետո համայնքի ղեկավարը կայացնում է անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում՝ որոշման մեջ ներառելով Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը։

   60. Հասցե տրամադրելու մասին որոշում կայացնելուց հետո համայնքի ղեկավարը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներբեռնում է Կադաստրի կոմիտեի հասցեների ռեեստրի տեղեկատվական համակարգ և ուղարկում է դիմումատուի՝ սույն կարգի 52-րդ կետով սահմանված կարգով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ սույն կարգի 59-րդ կետով սահմանված կարգով հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը կարճ հաղորդագրության (sms) միջոցով ուղարկվում է դիմումատուի՝ սույն կարգի 52-րդ կետով սահմանված կարգով ներկայացված հեռախոսահամարին:

   61․ Հասցեավորման հայտը մերժվելու դեպքում մերժված հայտում նշված հասցեով անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում չի կարող ընդունվել։

   62․ Սույն կարգի 60-րդ կետով սահմանված հասցե տրամադրելու մասին որոշումը էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտեի հասցեների ռեեստրի էլեկտրոնային հարթակ ներբեռնելու արդյունքում անշարժ գույքի նոր հասցեն անմիջապես արտացոլվում է հասցեների ռեեստրում:

   63․ Հասցե տրամադրելու որոշման մեջ կարող են ներառվել անշարժ գույքի փոստային դասիչի վերաբերյալ տվյալներ։

   64․ Հասցեավորման հայտը մերժվելու դեպքում համայնքի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում վերանայում է հասցեավորման հայտը և օբյեկտին այլ հասցե տրամադրելու նոր հասցեավորման հայտ է ներկայացնում:

 

VIII. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄԸ (ՀԱՍՑԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ) ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

    65. Անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման համար կարող են հիմք հանդիսանալ բնակավայրերի կամ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխությունը, որոշակի տարածքում հասցեավորումը սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անշարժ գույքի հասցեավորման կանոնակարգումը (վերահամարակալումը), գրանցում իրականացնող լիազոր մարմնի կողմից հասցեավորման վրիպակներն ուղղելը, հասցեավորման առաջարկությունները և հասցեի փոփոխության այլ դեպքերը:

   66. Բնակավայրերի, թաղամասերի, պողոտաների և փողոցների անվանափոխության, շենքերի, շինությունների հասցեների համարների կարգավորման (վերահամարակալման) հետևանքով առաջացած անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման հետ կապված բոլոր փոփոխություններն արտացոլվում են հասցեների ռեեստրում՝ անվանափոխության կամ անվանակոչման մասին որոշումների հիման վրա:

   67. Անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման դեպքում օբյեկտի հին հասցեն չեղյալ է համարվում, ընդ որում՝ հնարավոր է չեղյալ համարված հասցեն տրամադրել այլ գույքի:

   68․ Անշարժ գույքը վերահասցեավորվում է սույն կարգի VII-րդ բաժնով սահմանված կարգով, բացառությամբ բնակավայրերի կամ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխության կամ անվանակոչման դեպքում:

   69. Բնակավայրերի կամ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխության կամ անվանակոչման դեպքում, անշարժ գույքերի հասցեները համարվում են փոփոխված (վերահասցեավորված) և արտացոլվում են հասցեների ռեեստրում։»,

   30) 9-րդ և 10-րդ գլուխներն ուժը կորցրած ճանաչել,

   31) լրացնել նոր 11-րդ գլուխ հետևյալ բովանդակությամբ․

«XI. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

   70․ Անշարժ գույքի հասցեների ռեեստրը ստեղծում և վարում է Կադաստրի կոմիտեն:

   71․ Հասցեների ռեեստրի ստեղծման հիմնական նպատակը միասնական, ստանդարտացված, ամբողջական, հավաստի և տարածական կապակցվածությամբ հասցեների տեղեկատվական բազա ունենալն է, որն ապահովվելու է տվյալների հասանելիությունը շահագրգիռ մարմիններին՝ առցանց ծառայությունների միջոցով։

   72. Հասցեների ռեեստրում սահմանված ստանդարտներին համապատասխան տվյալների մուտքագրումը կարող է իրականացվել սույն որոշման 60-րդ կետով սահմանված` հասցե տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումն էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտեի հասցեների ռեեստրի տեղեկատվական համակարգ ներբեռնելու միջոցով:

   73․ Հասցեների ռեեստրում սահմանված ստանդարտներին համապատասխան տվյալների մուտքագրումը և խմբագրումն իրականացվում է Կադաստրի կոմիտեի կողմից:

   74․ Հասցեների ռեեստրի տեղեկատվական բազայի ամբողջականությունն ապահովելու նպատակով պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ այլ շահագրգիռ անձինք կարող են Կադաստրի կոմիտե ներկայացնել առաջարկություններ՝ չհասցեավորված կամ սխալ հասցեավորված անշարժ գույքի միավորների հասցեավորման վերաբերյալ։

   75․ Հասցեավորման առաջարկությունները ստանալուց հետո Կադաստրի կոմիտեն ուսումնասիրում և ըստ անհրաժեշտության ներառում է հասցեների ռեեստրում:

   76․ Հասցեների ռեեստրի տվյալները պահպանվում են անժամկետ` էլեկտրոնային եղանակով:»։

   3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

               Հայաստանի Հանրապետության                                                      Ն. Փաշինյան

                              վարչապետ

                           Երևան, 2025 թ.

  • Քննարկվել է

    23.06.2025 - 11.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1447

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: