ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ նաև՝ Ճանապարհ) օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» N 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով (այսուհետ՝ Կարգ)։ Սույն որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհը տնօրինող մարմնի և գովազդակիր կազմակերպության միջև գովազդային վահանակի սպասարկման պայմանագրային հարաբերություններ սահմանելու միջոցով Ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների, պաստառների, գովազդային վահանակների պաշտպանիչ ինժեներական կառույցների արտաքին պատշաճ տեսքն ապահովելուն։
1․1․ Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կարգով սահմանված է գովազդակիր կազմակերպության պարտավորությունն առ այն, որ նա պարտավոր է ապահովել գովազդային վահանակի պատշաճ վիճակը, ժամանակին ներկել, փոխել պատռված պաստառը և այրված լամպերը։ Ուսումնասիրությունները վկայում են, որ Ճանապարհներին առկա են ոչ պատշաճ տեսքի, ժանգոտված և գունաթափված գովազդային վահանակներ, որոնք չեն սպասարկվում գովազդակիրների կողմից և խաթարում են վերանորոգված ճանապարհային համակարգերի արտաքին պատշաճ տեսքը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է գովազդատուի և ճանապարհը տնօրինող մարմնի միջև հարաբերությունները տեղափոխել պայմանագրային տիրույթ, որի միջոցով կանոնակարգել գովազդային վահանակի սպասարկմանը և նրա պատշաճ արտաքին տեսքի ապահովմանը վերաբերող պարտավորությունները:
2.Կարգավորման առարկան
Որոշման նախագծով գովազդատուի և ճանապարհը տնօրինող մարմնի միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորմամբ կանոնակարգվում են պետական ավտոմոբիլային ճանապարհներին օրենքով սահմանված կարգով տեղադրված գովազդային վահանակների, գովազդային պաստառի, ինչպես նաև՝ առկայության դեպքում գովազդային վահանակների պաշտպանական ինժեներական կառույցների պարբերական սպասարկման և գովազդային վահանակների արտաքին պատշաճ տեսքի ապահովման հետ կապված շահագրգիռ կողմերի պայմանագրային իրավահարաբերությունները:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման դեպքում՝
- Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելուն ուղղված գործողությունների, այդ թվում՝ պատադիր աշխատանքների (վահանակի և պաշտպանիչ ինժեներական կառույցների ներկում և այլ ընթացիկ գործողություններ) պարբերականություն, ինչպես նաև նշված պարբերականությունից դուրս՝ տարբեր պատճառներով գովազդային վահանակի, պաշտպանիչ ինժեներական կառույցների, գովազդային պաստառի և նրա լուսավորության տարրերի վնասվածքները նորոգելու ժամկետները սահմանվելու են ճանապարհը տնօրինող մարմնի և գովազդակիր կազմակերպության միջև կնքվող՝ գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագրով․
- գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագիրը ներառվելու է լիազոր մարմնի կողմից գովազդակրին տրամադրվող տեխնիկական պայմաններում․
- պայմանագիրը դառնում է պարտադիր պայման, և գովազդի (գովազդային վահանակի) սպասարկման պայմանագրի բացակայության դեպքում լիազոր մարմնի կողմից գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ չի տրամադրվում կամ մերժվում է գովազդակիր կազմակերպության՝ գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը մեկ տարի երկարաձգելու դիմումը:
Սույն իրավական ակտի կիրառմամբ ակնկալվում է Ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու համար ճանապարհը տնօրինող մարմնի և գովազդատուի միջև պայմանագրային պարտավորությունների կատարման և կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում բացառել ոչ պատշաճ տեսքի, ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների կամ պաստառների առկայությունը ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։
Որոշման նախագիծը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2024 թվականի օգոսոտոսի 2-3-ը ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ N Վ/87-2024 արձանագրության 1․14 կետով տրված հանձնարարականից։
-
Քննարկվել է
19.06.2025 - 04.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1175
Տպել