ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում Վրաստանի մաքսային ծառայության կողմից անհիմն տևական ժամանակով բեռնատարները կանգնեցնելու պատճառով տնտեսավարողների մոտ առաջացած վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու համար ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
Ծրագրի շրջանակներում՝
- 2022 թվականին մինչև սեպտեմբերի 1-ը խաղողի մթերման նպատակով վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորվել է 10 տոկոսային կետը, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվել են մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը։ Բացի այդ, 2022 թվականին տրամադրված վարկերի համար հնարավորություն է տրվել մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգել մինչև 6 ամսով՝ պայմանով, որ վարկերի մարման ժամկետների փոփոխության դեպքում 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվելու,
- 2023 թվականին վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորվել է 9 տոկոսային կետը, իսկ սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը։
Ծրագրով սահմանվել է նաև, որ 2023 թվականին տրամադրված վարկերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում տրամադրված վարկերի) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները։
- խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը։
2025 թվականի ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայության կողմից անհիմն կանգնեցվել են հայկական ընկերությունների կողմից դեպի Ռուսաստան և Բելառուս արտահանվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով։
Բեռնատարներում առկա յուրաքանչյուր տեսականուց փորձաքննության նպատակով կատարվում է նմուշառում, իսկ բեռնատարները տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ։
Ոլորտի տնտեսվարողների կողմից տրամադրված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն 2025 թվականի հունիսի 10-ի դրությամբ Գեզի տերմինալում կուտակվել են շշալցված հայկական կոնյակով բարձված շուրջ 180 բեռնատար։
Մաքսային տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսավարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր (1 օրվա կտրվածքով շուրջ 100 ԱՄՆ դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը), չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումը առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, որի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խնբաքանակի արժեքի 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Բացի այդ, նման իրավիճակը կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսավարողների հետ մատակարարաման պայմանագրեր կնքելուց։ Այս դեպքում նվազում է նաև կոնյակի արտահանման ծավալները։
Ստեղծված իրավիճակում էականորեն կրճատվել են ընկերությունների ֆինանսական մուտքերը, լուրջ խնդիրներ են առաջացել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկային ու վարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու, հետագայում նաև խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու հարցերում։
- Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություն, ըստ որոնց՝ Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով՝
- 2025 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը,
- 2022 թվականին և Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները պայմանով, որ շահառուները ֆինանսական կառույցներին կներկայացնեն 2025 թվականի խաղողի մթերումների համար կնքված պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է վարկերի մայր գումարի մարման երկարաձգվող ամիսների համար գործող ժամանակացույցերով հաշվարկված մարումների գումարի հանրագումարի չափը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ոլորտի տնտեսավարողների առաջարկությունների հիման վրա։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
- Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողները հնարավություն կունենան Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով՝
- 2025 թվականին ներգրավվող վարկերի չափը հաշվարկվել այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը,
- 2022 թվականին և Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգել լրացուցիչ մինչև 6 ամիս ժամկետով և մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգել նաև վարկերի մայր գումարի և բյուջետային երաշխիքների մարման համար սահմանված ժամկետները՝ ֆինանսական կառույցների համաձայնությամբ,
- 2022 թվականին ներգրավված մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգել լրացուցիչ մինչև 6 ամիս ժամկետով և 6 ամիս ժամկետով երկարաձգել նաև վարկերի մայր գումարի և բյուջետային երաշխիքների մարման համար սահմանված ժամկետները՝ ֆինանսական կառույցների համաձայնությամբ,
Վարկերի մարման ժամկետների երկարաձգման արտոնության տրամադրումը կհանգեցնի 2025 թվականին խաղողի լրացուցիչ ծավալներ մթերելու նպատակով գնման պայմանագրերի կնքմանը։
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։ Նախագծի ընդունման և վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից բոլոր շահառուների օգտվելու դեպքում ըստ հաշվարկների 2025-2029 թվականներին կարող է առաջանալ շուրջ 834.4 մլն դրամի լրացուցիչ սուբսիդավորման գումար, որից շուրջ 47.9 մլն դրամ՝ 2025 թվականին, 520.4 մլն դրամ՝ 2026 թվականին, 147.8 մլն դրամ՝ 2027 թվականին, 108.8 մլն դրամ՝ 2028 թվականին և 9.5 մլն դրամ՝ 2029 թվականին ։ Ծրագրի գծով 2025 թվականի պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում և աջակցության տրամադրումը նախատեսվում է ապահովել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ կատարելով համապատասխան վերաբաշխումներ, իսկ 2026-2029 թվականների համար առաջացող պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գումարները կներառվեն ՄԺԾԾ համապատասխան թվականների պետական բյուջեի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։ Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։
-
Քննարկվել է
18.06.2025 - 03.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1807
Տպել