ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«___» «________» 2025 թվականի N --- Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված hավելված N 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 1.4 կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
---ի N ----Ն որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
- Սույն հավելվածով սահմանվում են արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման դեպքում, նախնական մաքրմանը ներկայացվող պահանջներ։
- Կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
- Արտադրական ձեռնարկությունների կեղտաջրերը կարող են պարունակել տվյալ արտադրությանը բնորոշ աղտոտիչներ, ինչի համար դրանց արտահոսքը կենտրոնացված ջրահեռացման համակարգ սահմանափակվում է։
- Նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների համաձայն՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ թափվող արտադրական կեղտաջրերը չպետք է պարունակեն 500 մգ/լ-ից ավել կախված և լողացող մասնիկներ, ունենան 40 °C-ից բարձր ջերմաստիճան, պարունակեն նյութեր, որոնք կարող են խցանել կոյուղու խողովակները կամ նստել խողովակների պատերին՝ խաթարելով ցանցերի և կառուցվածքների աշխատանքը, պարունակեն այրվող և լուծելի գազանման նյութեր, որոնք կարող են առաջացնել պայթունավտանգ խառնուրդներ կոյուղու ցանցերում և կառուցվածքներում, ունենան քայքայիչ ազդեցություն խողովակների նյութի և կոյուղու կառուցվածքների վրա, պարունակեն բարձր կոնցենտրացիայով վնասակար նյութեր, որոնք կխոչնդոտեն կեղտաջրերի կենսաբանական մաքրումը։
- Արտադրական կեղտաջրերի սույն հավելվածի 4-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողները մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը պետք է իրականացնեն դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ իրենց միջոցների հաշվին:
- Նախնական մաքրման աստիճանը պետք համաձայնեցվի տեղային մաքրման կառուցվածք նախագծող կազմակերպության հետ, իսկ բնակավայրի կեղտաջրերի մաքրման կայաններում մաքրում իրականացվելու դեպքում՝ դրանք շահագործող և սպասարկող կազմակերպությունների հետ:
- Մի քանի արտադրական ձեռնարկություններից կեղտաջրերի միախառնումը թույլատրվում է յուրաքանչյուր կազմակերպության հսկիչ դիտահորից հետո։
- Եթե արտադրական ձեռնարկությունները գտնվում են քաղաքներում կամ արդյունաբերական գոտում և առկա է մի խումբ ձեռնարկությունների միջև կեղտաջրերի համատեղ մաքրում իարկանացնելու համաձայնություն, ապա արտադրական կեղտաջրերի նախնական մաքրումը կարող է իրականացվել մեկ տեղային մաքրման կառուցվածքում, որից հետո դրանք կարող են թափվել կենտրոնացված ջրահեռացման համակարգ:
- Կեղտաջրերը, որոնք կարող են պարունակել ռադիոակտիվ, թունավոր և միկրոկենսաբանական աղտոտիչներ, պետք է վնասազերծվեն և վարակազերծվեն՝ նախքան կենտրոնացված ջրահեռացման համակարգ բաց թողնելը:
- Կոյուղու կոլեկտորների և կառուցվածքների կոռոզիայից կամ կենսաբանական մաքրման գործընթացի խաթարումից խուսափելու համար թթվային և հիմնային (ալկալիական) ռեակցիա ունցող արտադրական կեղտաջրերը, կենտրոնացված ջրահեռացման համակարգ բաց թողնելուց առաջ, պետք է կամ չեզոքացվեն կամ միջինացված լինեն:
- Չի թույլատրվում բարձր կոնցենտրացված արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրահեռացման համակարգ, եթե հնարավոր է քիմիական ռեակցիաների առաջացում՝ ուղեկցվող թունավոր կամ պայթունավտանգ գազերի արտանետմամբ, էմուլսիաների և մեծ քանակությամբ չլուծված նյութերի առաջացումով: Անհրաժեշտ է նախատեսել հավասարեցնող/միջինացնող ռեզերվուարներ, կեղտաջերերի հոմոգենացման համար։
- Պայթունավտանգ արտադրական կեղտաջրերի համար, ինչպես նաև արտադրական կեղտաջրերի քիմիական կամ ֆիզիկաքիմիական մաքրման անհրաժեշտության դեպքում, պետք է կիրառվի առանձին մեխանիկական մաքրում:
- Եթե արտադրական կեղտաջրերը պարունակում են միայն հանքային աղտոտիչներ, ապա դրանք կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը նպատակհարմար չէ, քանի որ տեղային (լոկալ) մաքրումից հետո այդ ջուրը կարող է օգտագործվել արտադրության մեջ։
- Ջրօգտագործողների կողմից կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի անհատական չափաքանակները սահմանվում են համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N464-Ն հրամանի պահանջների։
- Արտադրական և կենցաղային կեղտաջրերի ջրահեռացման կազմակերպումն իրականացվում է համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները սահմանելու մասին» N 1228-Ն որոշմամբ հաստատված պահանջների։
-
Քննարկվել է
16.06.2025 - 07.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Ջրային տնտեսություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1627
Տպել