Հիշել նախագիծը
«Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լաուրա Թումասյան 13.06.2025 23:22:09 | Պարտադիր գործնական-վերապատրաստման (ինտերնշիպի) բաղադրիչի ներդրում: Չնայած դասընթացի մեջ պրակտիկայի և հետազոտական աշխատանքի առկայությանը, կարևոր է, որ 20-կրեդիտանոց մոդուլը պարտադիր կերպով ներառի հստակ սահմանված ծավալով (օրինակ՝ նվազագույն ժամաքանակ) և փորձառու դաստիարակի կողմից վերահսկվող գործնական ինտերնշիպ (պրակտիկա) նախադպրոցական հաստատությունում։ Սա կապահովի դասընթացն ավարտած անձանց մոտ անհրաժեշտ գործնական հմտությունների ձեռքբերումը և կամրացնի տեսական գիտելիքների կիրառելիությունը իրական աշխատանքային միջավայրում։ Սա կօգնի ապահովել դաստիարակների պատրաստվածության պատշաճ որակը նույնիսկ համեմատաբար կարճ դասընթացի դեպքում։ Թիրախային, տեղայնացված անվճար վերապատրաստումների և խրախուսանքների ներդրում գյուղական բնակավայրերում աշխատելու համար: Հաշվի առնելով գյուղական բնակավայրերում մասնագետների բացակայության խնդիրը, առաջարկում եմ ներդնել թիրախային խրախուսանքներ՝ մոդուլն ավարտած մասնագետներին այդ համայնքներում աշխատելուն խթանելու համար: Մասնավորապես, նախագիծը պետք է հնարավորություն ստեղծի անվճար դասընթացներ կազմակերպելու հենց տվյալ գյուղում կամ հարակից գյուղերում` ցանկացող թեկնածուների համար։ Այս մոդելը կներառի․ 1․ Տեղական վերապատրաստման հանգույցների ստեղծում: Ուսումնական հաստատությունների կողմից երաշխավորված ծրագրի շրջանակներում տեսական դասընթացները կանցկացվեն տեղում՝ տվյալ համայնքի նախադպրոցական հաստատության կամ այլ հարմար բազայի վրա։ Սա զգալիորեն կհեշտացնի հասանելիությունը գյուղական բնակավայրերի պոտենցիալ թեկնածուների համար՝ կրճատելով նրանց ժամանակային և ֆինանսական ծախսերը։ 2․ Գործնական պրակտիկայի անմիջական համադրում տեսության հետ՝ տեղում: Դասընթացի գործնական բաղադրիչը կիրականացվի տվյալ գյուղի (կամ հարակից գյուղերի) նախադպրոցական հաստատություններում՝ այնտեղ աշխատող փորձառու և հմուտ մասնագետների անմիջական հսկողության ներքո։ Սա կապահովի գործնական հմտությունների ձեռքբերումը իրական աշխատանքային պայմաններում և կնպաստի տեսական գիտելիքների։ oԹեստավորման կազմակերպում դասընթացի ավարտին՝ տեղում: Մոդուլների շնորհման համար անհրաժեշտ թեստավորումը կիրականացվի դասընթացի ավարտին՝ հենց տեղում կամ մոտակա կենտրոնում, ինչը կհեշտացնի գործընթացը մասնակիցների համար և կբարձրացնի դրա հասանելիությունը։ oԱրագացված և արդյունավետ գործընթացի խթանում: Այս մոտեցումը կկրճատի ժամանակը՝ մասնագետներին նախապատրաստելու համար, կբարձրացնի դասընթացի արդյունավետությունը՝ գործնականի և տեսության անմիջական համադրման շնորհիվ, կլուծի գյուղում ապրողների զբաղվածության հարցը՝ խթանելով նոր հմտությունների ձեռքբերումը, և կնպաստի թափուր հաստիքների արագ համալրմանը։ oՄասնակի ֆինանսական աջակցություն տեղափոխության կամ կացության համար: Դիտարկել սահմանափակ ֆինանսական աջակցության տրամադրման հնարավորությունը հեռավոր գյուղական համայնքներ տեղափոխվող կամ այնտեղ բնակվող մասնագետներին, եթե տեղական կադրերով հնարավոր չի լինի լիովին համալրել հաստիքները։ Այս առաջարկները կօգնեն ապահովել, որ մոդուլը ոչ միայն լուծի մասնագետների քանակի, այլև նրանց պատրաստվածության որակի խնդիրը, ինչպես նաև հասցեական մոտեցում կցուցաբերի գյուղական համայնքների առանձնահատուկ կարիքներին՝ միաժամանակ խթանելով տեղական զարգացումը և զբաղվածությունը։ | Շնորհակալություն դիտարկումների համար: Հայտնում եմ, որ սույն նախագծի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց համար կազմակերպվող նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող 20 կրեդիտի տրամադրման դասընթացի երաշխավորման և կազմակերպման ընթացակարգը: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների խրախուսման մեխանիզմների վերաբերյալ դիտարկումները նախագծին վերաբերելի չեն: | |||
| 2 | Փառանձեմ Խանգելդյան 17.06.2025 12:24:57 | Բոլոր մարզերում կան միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ կամ քոլեջներ։Ավելի արդյունավետ կլինի ներդրումներ կատարել այդ ուսումնական հաստատությունների նախադպրոցական բաժինները հզորացնելու կամ նախադպրոցական բաժիններ բացելու ուղղությամբ, եթե դրանք չկան, և , օգտագործելով այդ տարածքներում գործող մանկապարտեզների հնարավորությունները որպես նախադպրոցական կրթության գործնական բաղադրիչի կարևոր ռեսուրս-կենտրոններ՝ երեխաների հետ անմիջական շփման ընթացքում ուսանողներին հնարավորություն տալ հասկանալու մասնագիտության գաղտնիքները։ 20 կրեդիտը առավելագունս պետք է ձեռք բերվի գործնական հմտությունների միջոցով՝ տեսականի զուգակցմամբ, բայց նաև տեսական գիտելիքների յուրացումը ողջ կյանքի ընթացքում է տեղի ունենում, իսկ երեխան պահանջում է գործնական հմտություններ՝ այսօր և այս պահին։ Կարևոր հանգամանք կլինի ոլորտի մասնագետների աշխատավարձի վերանայումը, տարակարգի տված էֆեկտը և ցածր աշխատավարձերը ևս չեն նպաստում մասնագիտության գրավչության բարձրացմանը։ Այլևս բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած մասնագետը չի ուզում մտնել մանկապարտեզ որպես դաստիարակ, այլ ոլորտ է ընտրում, իսկ մանկապարտեզի շարժիչ ուժը դաստիարակն է, նրան պետք է խրախուսել , նվազեցնել պարտադրանքը, որպեսզի նա իրեն արժևորված զգա և թևեր տա երեխաներին։ | Նախագծի շրջանառման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոքրաթիվ գյուղական բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: | |||
| 3 | Ալիսա Մարտիրոսյան 17.06.2025 23:48:54 | Կարծում եմ, որ նախագիծը շատ տեղին ու ընդունելի է, հատկապես, եթե հաշվի առնվի այն փաստը, որ առաջիկա տարիներին նախատեսվում է փոքրաթիվ գյուղական բնակավայրերի հանրակրթական ուսումնական երկու և ավելի հաստատությունների միավորում, միաձուլում, ինչի արդյունքում բարձրագույն մանկավարժական կրթությամբ շատ մասնագետներ կդառնան գործազուրկ: Առաջարկում եմ՝ դաստիարակի թափուր հաստիքի համալրման նպատակով մանկավարժական և հոգեբանական կրթություն ունեցող մասնագետների համար կազմակերպել և իրականացնել առանց 20 կրեդիտի տրամադրաման կամ առանց որևէ քննության, պարզապես գիտելիքները թարմացնող կարճատև դասընթացներ՝ ցուցաբերելով ուսումնամեթոդական աջակցություն: Կանխավ շնորհակալություն Հարգանքով՝ Ալիսա Մարտիրոսյան | Շնորհակալություն դիտարկման համար: Նախագծով սահմանվում է, որ դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն: Դասընթացը ներառելու է հետևյալ բաժինները՝ 1) «Նախադպրոցական մանկավարժություն», 2) «Մանկան հոգեբանություն», 3) «Նախադպրոցական կրթության օրենսդրություն, կրթական փաստաթղթեր», 4) «Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման ժամանակակից տեխնոլոգիաներ», 5) «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման տեսություն և մեթոդիկա»: | |||
| 4 | Տիգրան Բաբախանյան 20.06.2025 11:48:44 | Նախագիծն իմ համար ընդունելի է, քանի որ այս պահի դրությամբ ունենք նախադպրոցական մանկավարժություն կրթությամբ քիչ մասնագետներ, և բացը կարող են լրացնել մանկավարժական կրթություն ունեցող անձինք։ Ինձ մտահոգում է մեկ հանգամանք, արդյոք այս նախագծով չենք թուլացնի նախադպրոցական մանկավարժական կրթութություն ապահովող ԲՈՒՀ-երի աշխատանքը, և անհասկանալի է տևողության մասով, ի՞նչ ժամանակահատվածում է կազմակերպվելու այդ պրոցեսը։ | Հայտնում եմ, որ դասընթացի տևողությունը, կրեդիտների բաշխվածությունն ըստ բաժինների, պրակտիկայի և հետազոտական աշխատանքի կազմակերպման ընթացակարգը սահմանվում է հաստատության կողմից ներկայացված և նախարարի հրամանով երաշխավորված ծրագրում: Հավելեմ, որ նախագծի ընդունման հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ փոքրաթիվ գյուղական բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: | |||
| 5 | Աննա Անանյան 23.06.2025 18:17:18 | Առաջարկում եմ նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող ծրագրում ներառել «Էմոցիոնալ ինտելեկտ և հաղորդակցական հմտություններ» մոդուլը։ Այս մոդուլը կօգնի զարգացնել մասնակիցների հույզերի ճանաչման, ինքնակարգավորման, էմպատիկ արձագանքի, սթրեսի հաղթահարման և արդյունավետ հաղորդակցության կարողությունները։ Նման հմտությունները էական են մանկան էմոցիոնալ բարեկեցության ապահովման, ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության և դրական կրթադաստիարակչական միջավայրի ձևավորման համար։ Դասընթացի շրջանակում կքննարկվեն էմոցիոնալ ինտելեկտի տեսությունը, նախադպրոցական տարիքի երեխաների հուզական դրսևորումների առանձնահատկությունները, հաղորդակցման մեթոդները և կոնֆլիկտների խաղաղ կարգավորման տեխնիկաները։ Մասնակիցները ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ հուզական իրավիճակներին պատասխանելու համար։ Առաջարկվող մոդուլը կարող է ընդգրկվել որպես պարտադիր կամ ընտրովի բաղադրիչ։ Մոդուլը կնպաստի որակյալ, համակողմանիորեն պատրաստված դաստիարակների պատրաստմանը։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է դասավանդվել ինտենսիվ ձևաչափով։ | Շնորհակալություն դիտարկման համար: Հայտնում եմ, որ առանձին մոդուլի ավելացումը նպատակահարմար չէ, Ձեր կողմից առաջարկվող թեման կարող է ներառված լինել «Մանկան հոգեբանություն» բաժնում: |