ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող փաթեթի հիմնական նախագծի՝ «Գյուղատնտեսության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում հիմնական (հովանոցային) նորմատիվ իրավական ակտի առկայության անհրաժեշտությամբ, որը իրավական հիմք կստեղծի գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության և պետական աջակցության ծրագրերի մշակման համար, ինչպես նաև կկարգավորի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների վարումը։
Նախագծային փաթեթում ընդգրված մյուս՝ հարակից օրենքներում լրացումների և փոփոխությունների մասին նախագծերն ամբողջականացնում են հիմնական նախագծով առաջարկվող կարգավորումները։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս գյուղատնտեսության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը կարգավորում են միայն գյուղատնտեսության կոնկրետ ճյուղեր կամ ոլորտ (օրինակ՝ «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը, «Բուսասանիտարիայի մասին» օրենքը, «Սննդամթերքի անվտնագության մասին» օրենքը, «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքը, և այլն), և առկա չէ գյուղատնտեսության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտ, որը օրենսդրական մակարդակով կկարգավորի ընդհանուր գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության ուղղությունները, սկզբունքները, քաղաքականության մշակման համար նախատեսվող պահանջները, պետական աջակցության թիրախային ծրագրեր մշակելու և իրականացնելու, ինչպես նաև ֆերմերային տնտեսություն վարելու օրենսդրական հիմքերը։ Նշված իրավական բացի հետևանքով վերոնշյալ գործողությունները պրակտիկայում կատարվում են ոչ միասնական կարգով, և շատ հաճախ խոչընդոտում են գյուղատնտեսության ոլորտում Կառավարության լիազորած մարմնին իրականացնել իր գործառույթները։
Միաժամանակ, կարգավորված չէ ֆերմերային տնտեսության վարումը։ Հայաստանի Հանրապետության ներկայիս օրենսդրությունը չի բացահայտում «ֆերմեր» հասկացությունը, ֆերմերային տնտեսություն վարելու տարբեր ձևերը, ներառյալ՝ ընտանեկան ֆերմերային տնտեսությունը (family farm), ինչպես նաև չի նախատեսում ֆերմերային տնտեսությունների հաշվառման կազմակերպման համար իրավական հիմքեր։ Այս իրավական բացերը պրակտիկայում Կառավարության համար ստեղծում են խնդիրներ՝ գյուղատնտեսության ոլորտում տվյալահեն և թիրախավորված քաղաքականություն մշակելու և վարելու համար, և դրա հետևանքով չեն նպաստում գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական գործունեության զարգացմանը։[1]
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Ներկայացված խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է ընդունել «Գյուղատնտեսության մասին» հովանոցային օրենքի նախագիծը և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կունենա գյուղատնտեսական ոլորտի ընդհանրական կարգավորումն ապահովող օրենսդրական հիմք։
- Կարգավորման առարկան
Առաջարկվող նախագծային փաթեթով մասնավորապես կարգավորվում է գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության նպատակները, սկզբունքները, գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության թիրախային ուղղությունների որոշման չափանիշները և այդ ուղղություններով թիրախային ծրագրերի մշակման և իրականացման հիմնարար դրույթները։ Միաժամանակ, Նախագծով ամրագրվում է գյուղատնտեսության ոլորտում Կառավարության և Կառավարության լիազորած մարմնի իրավասությունների շրջանակը։
Նախագծով, ի թիվս այլնի, նաև սահմանվում են «ֆերմեր» և «ֆերմերային տնտեսություն» հասկացությունները, նախատեսվում են ֆերմերային տնտեսության վարման ձևերը (անհատական, ընտանեկան, գործընկերային)։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը (Ուկրաինա, Սերբիա, Մոլդովա, Լիտվա, Հունգարիա), ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեթոդական ուղեցույցները (հատկապես ընտանեկան ֆերմերային տնտեսության մասով[2]) ցույց է տվել, որ չկա «ֆերմեր»-ի մեկ ունիվերսալ հասկացություն, ուստի «ֆերմեր» և «ֆերմերային տնտեսություն» հասկացությունը մշակվել է ելնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններից և այս ոլորտում լիազոր մարմնի կողմից արդյունավետ քաղաքականության հետագա մշակման նպատակահարմարությունից։ Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է՝
- տարանջատել «գյուղատնտեսական գործունեության» իրականացումը «ֆերմերային տնտեսություն» վարելուց՝ դրանք սահմանելով հետևյալ կերպ՝
ա․«գյուղատնտեսական գործունեություն` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից իր արտադրանքի տեսակավորում, փաթեթավորում (տարայավորում), պահեստավորում (պահպանում), տեղափոխում, շուկայահանում կամ դրանց առնչվող աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում․»
բ․ «ֆերմերային տնտեսություն՝ մեկ կամ ընդհանուր կառավարման ներքո գտնվող տնտեսական միավոր (անկախ իրավական կարգավիճակից), որում գյուղատնտեսական գործունեությունն իրականացվում է ֆերմերի կողմից»։
- սահմանել «ֆերմեր»-ի հետևյալ հասկացությունը․ «ֆերմեր՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձ, որը հաշվառված է գյուղատնտեսական ռեեստրում»։
Նախագիծը նաև դնում է իրավական հիմքեր գյուղատնտեսական ռեեստրի ստեղծման համար։ Ըստ Նախագծի՝ «գյուղատնտեսական ռեեստրը (ռեեստր) էլեկտրոնային հաշվառման համակարգ է, որտեղ ինքնուրույն հաշվառվում (ինքնահաշվառվում) է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձը՝ ֆերմերի կարգավիճակ ստանալու նպատակով»։ Գյուղատնտեսական ռեեստրի ներդրման նպատակն է, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց որպես ֆերմեր հաշվառելու միջոցով, հավաքել անհրաժեշտ տվյալներ հաշվառված անձանց մասին, ստեղծել նրանց կողմից վարած գյուղատնտեսական գործունեության մասին անհրաժեշտ տվյալների մեկ միասնական բազա, որպեսզի հետագայում ոլորտի լիազոր մարմնի համար հնարավորություն ստեղծվի մշակել գյուղատնտեսության ոլորտի տվյալահեն և արդյունավետ քաղաքականություն։ Նման բազա բացակայում է այս պահին։ Ռեեստրում ինքնահաշվառումը կամավոր է, բացի հետևյալ դեպքերի․ միայն ռեեստրում հաշվառված լինելու դեպքում անձը կկարողանա՝
- օգտվել գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության թիրախային ծրագրերից.
- ջրօգտագործողների ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր։
Որպես խրախուսող միջոց փաթեթով նաև սահմանված է, որ գյուղատնտեսական ռեեստրում փաստացի հաշվառված ժամանակահատվածը կհաշվառվի որպես տվյալ ֆերմերի՝ կենսաթոշակ նշանակելու համար հաշվառվող աշխատանքային ստաժ։
Նախագծով առաջարկվող նոր կարգավորումներից է նաև անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից ֆերմերային տնտեսության վարման ձևերի կարգավորում։ Մասնավորապես, նախատեսվում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ-ֆերմերը ֆերմերային տնտեսություն կարող է վարել հետևյալ եղանակներից որևէ մեկով․
- միանձնյա (անհատական ֆերմերային տնտեսություն)․
- միայն իր ընտանիքի անդամի հետ միասին (ընտանեկան ֆերմերային տնտեսություն (family farm))․
- գործընկերոջ հետ միասին կամ գործընկերոջ և ընտանիքի անդամի հետ միասին՝ գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի հիման վրա (գործընկերային ֆերմերային տնտեսություն)։
Ընտանեկան ֆերմերային տնտեսության վարման կազմակերպման հիմնական դրույթները սահմանված են Նախագծով, իսկ գործընկերային ֆերմերային տնտեսության վարման նվազագույն դրույթները՝ նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, որն ընդգրկված է սույն նախագծային փաթեթի մեջ։
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ համայնքային ծառայողների զգալի մի մասը, աշխատանքից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին այս կամ այն չափով զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ՝ փորձելով նաև այդ կերպ հոգալ իրենց ընտանիքների ծախսերը՝ նախագծային փաթեթով նաև առաջարկվում է համայնքային ծառայողներին հնարավորություն տալ գյուղատնտեսական ռեեստրում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ-ֆերմեր և վարել ֆերմերային տնտեսություն, և դրա արդյունքում եկամտի ստացումը չհամարել ձեռնարկատիրության գործունեության իրականացում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի կիրառման արդյունքում կկարգավորվեն գյուղատնտեսական քաղաքականության մշակման հիմքերը, ինչպես նաև կհստակեցվեն գյուղատնտեսական գործունեության իրականացման ձևերը, մասնավորապես՝ ֆերմերային տնտեսության վարման միջոցով, իսկ գյուղատնտեսական ռեեստրում հաշվառումը Կառավարության լիազորած մարմնի համար կստեղծի տվյալահեն քաղաքականության մշակման համար նպաստավոր հիմքեր։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) կատարմանն ուղղված 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի 3.18 ենթակետում նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությունից։
Մասնավորապես, Ռազմավարությունը նշում է գյուղատնտեսության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման անհրաժեշտության մասին, ի թիվս այլ օրենքների նաև առանձնացնելով «Գյուղատնտեսության մասին» օրենքի մշակումն ու ընդունումը (տես՝ Ռազմավարության էջ 34, և Ռազմավարության կատարմանն ուղղված՝ 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի 3.18 ենթակետ)։[3]
[1] FAO. 2020. Smallholders and family farms in Armenia. Country study report 2019. Budapest. p. 86; https://doi.org/10.4060/ca9823en
[2] Blondeau, S. 2023. Enhancing the livelihoods of family farmers with the law. FAO Legal Papers, No. 112. Rome, FAO. https://doi.org/10.4060/cc7076en
[3] ՀՀ կառավարության 19.12.2019 թվականի թիվ 1886-Լ որոշումը ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը եվ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը եվ ժամանակացույցը հաստատելու մասին, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=180657
-
Քննարկվել է
13.06.2025 - 28.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1991
Տպել