ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈւԽ 1․
ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքով սահմանվում են գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության նպատակները և սկզբունքները, ինչպես նաև կարգավորվում են գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության, ֆերմերային տնտեսության վարմանն առնչվող իրավահարաբերությունները:
Հոդված 2. Գյուղատնտեսության մասին օրենսդրությունը
- Գյուղատնտեսության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, գյուղատնտեսության առանձին ոլորտները կարգավորող այլ օրենքներից և իրավական այլ ակտերից։
- Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․
- անձ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ․
- գյուղատնտեսություն` Հայաստանի Հանրապետության տնտեսության հատված, որում իրականացվում է գյուղատնտեսական գործունեություն․
- գյուղատնտեսական գործունեություն` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից իր արտադրանքի տեսակավորում, փաթեթավորում (տարայավորում), պահեստավորում (պահպանում), տեղափոխում, շուկայահանում կամ դրանց առնչվող աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում․
- գյուղատնտեսական արտադրանք` բույսերի մշակության կամ գյուղատնտեսական կենդանիների բուծման արդյունքում՝ վերջնական սպառման, մշակման կամ վերամշակման համար ստացված գյուղատնտեսական առաջնային արտադրանք․
- ֆերմեր՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձ, որը հաշվառված է գյուղատնտեսական ռեեստրում․
- ֆերմերային տնտեսություն՝ մեկ կամ ընդհանուր կառավարման ներքո գտնվող տնտեսական միավոր (անկախ իրավական կարգավիճակից), որում գյուղատնտեսական գործունեությունն իրականացվում է ֆերմերի կողմից․
- գյուղատնտեսական ռեեստր (ռեեստր)՝ էլեկտրոնային հաշվառման համակարգ, որտեղ ինքնուրույն հաշվառվում (ինքնահաշվառվում) է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձը՝ ֆերմերի կարգավիճակ ստանալու նպատակով․
- գյուղատնտեսական հայտարարագիր՝ ֆերմերային տնտեսության վարման արդյունքների մասին տվյալներ պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ․
- լիազոր մարմին՝ գյուղատնտեսության ոլորտի քաղաքականությունը մշակող և դրա իրականացումն ապահովող պետական կառավարման համակարգի մարմին․
- պետական աջակցություն՝ պետական մարմնի կողմից օրենքի համաձայն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվող ցանկացած աջակցություն (ներառյալ` գույք, արտոնություններ, խորհրդատվություն, սուբսիդիա, դրամաշնորհ, ֆինանսավորման այլ եղանակներ կամ պայմաններ)։
ԳԼՈւԽ 2
ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԱՋԱԿՑՈւԹՅՈւՆԸ
Հոդված 4. Գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության նպատակները
- Գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության հիմնական նպատակներն են.
- արտադրողականության (այդ թվում՝ գյուղատնտեսական հողերի օգտագործման) արդյունավետության բարձրացում և գյուղատնտեսության ոլորտում եկամտաբերության ավելացում․
- պարենային անվտանգության ապահովում.
- գյուղատնտեսական արտադրանքի արտահանման բազմազանեցում և արտաքին շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացում.
- օրգանական գյուղատնտեսության խթանում․
- գյուղական բնակավայրերի կայուն սոցիալ-տնտեսական զարգացում, ներառյալ՝ գյուղատնտեսությանը նպաստող ոչ գյուղատնտեսական գործունեության զարգացում․
- գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների միջև համագործակցության ապահովում․
- գյուղատնտեսության առանձին ոլորտները կարգավորող օրենքներում ամրագրված ոլորտային նպատակների իրականացման ապահովում։
Հոդված 5. Գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները
- Գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության սկզբունքներն են`
- գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բարեփոխումների շարունակականություն և այդ նպատակով բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովում․
- ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի թիրախավորվածություն և հասանելիություն․
- պետական աջակցության թիրախային ծրագրերի մշակմանը ֆերմերների մասնակցություն և այդ ծրագրերի մասին տեղեկատվության մատչելիություն․
- գյուղատնտեսական արտադրանքի տեսակների, քանակի և որակի մշտադիտարկում և շարունակական բարելավում․
- գյուղատնտեսության ոլորտում գործունեության իրականացման ռիսկերի բացահայտում և կառավարում.
- բնական ռեսուրսների կայուն ու արդյունավետ օգտագործում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանում, վերականգնում և դրա դիմացկունության խթանում․
- կլիմայի փոփոխություններին գյուղատնտեսության հարմարվողականությունը և դիմադրողականությունը խթանող միջոցառումների կիրառում․
- էներգաարդյունավետ և էներգախնայող համակարգերի կիրառում․
- երիտասարդության ներգրավվածության բարձրացում․
- գյուղատնտեսության թվայնացում, գիտակրթական առաջընթացի ապահովում և տեխնոլոգիական նորարարությունների ներդնում․
- մասնագիտական և խորհրդատվական ծառայությունների մատուցման համակարգի բարելավում․
- ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական բարելավում․
- միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված աջակցության և նրանց հետ աշխատանքների համակարգման արդյունավետություն։
Հոդված 6. Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցությունը
- Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցությունն իրականացվում է Կառավարության սահմանած թիրախային ուղղություններով՝ ելնելով՝
- գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունում նշված առաջնահերթություններից․
- գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման կամ զարգացման նպատակներից:
- Պետական աջակցության թիրախային ծրագրին կարող է մասնակցել միայն ֆերմերը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նպատակներով իրականացվող պետական աջակցության ծրագրին՝ նաև ցանկացած այլ անձ՝ ըստ տվյալ ծրագրի պայմանների։
- Բացի սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ուղղություններից, պետական աջակցության ծրագիր կարող է իրականացվել նաև ըստ անհրաժեշտության։ Այս պարագայում պետական աջակցության ծրագրին կարող են մասնակցել տվյալ ծրագրով սահմանված անձինք՝ անկախ գյուղատնտեսական ռեեստրում հաշվառված լինելու հանգամանքից։
- Գյուղատնտեսական զարգացման պետական աջակցության շահառու է հանդիսանում ֆիզիկական անձ հանդիսացող ֆերմերը (ներառյալ՝ ընտանեկան և գործընկերային ֆերմերային տնտեսության մասնակիցը), իրավաբանական անձ հանդիսացող ֆերմերը, իրավաբանական անձ հանդիսացող ֆերմերի մասնակիցը (բաժնետերը, անդամը), ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում՝ համապատասխան անձը։ Գյուղատնտեսության զարգացման պետական նույն ծրագրի շրջանակում միևնույն անձը չի կարող մեկից ավելի անգամ հանդես գալ որպես շահառու:
- Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որի մեջ կարող է ներառվել նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ներգրավված ֆինանսական ռեսուրսներ։
- Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունը ֆինանսական ձևով տրամադրելու դեպքում այդ ֆինանսական միջոցները փոխանցվում են գյուղատնտեսական պետական աջակցության հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։
Հոդված 7. Կառավարության լիազորությունները
- Կառավարությունը՝
- գյուղատնտեսության զարգացման ռազմավարությամբ սահմանում է գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականությունը․
- հաստատում է գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության թիրախային ուղղությունները․
- հաստատում է գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության թիրախային ծրագրերի, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված հայեցակարգերի և այլ միջոցառումների նախագծեր․
- հաստատում է ֆերմերային տնտեսությունների սահմանաչափերը․
- հաստատում է գյուղատնտեսական ռեեստրի գործունեության կարգը․
- իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
Հոդված 8. Լիազոր մարմնի լիազորությունները
- Լիազոր մարմինը՝
- մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում գյուղատնտեսության զարգացման ռազմավարության նախագիծը, որը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության հիմնական նպատակների իրականացմանը․
- մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության թիրախային ուղղությունների, այդ ուղղություններով պետական աջակցության ծրագրերի, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված հայեցակարգերի և այլ միջոցառումների նախագծեր․
- մշակում և Կառավարությանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող և Կառավարության հաստատում պահանջող՝ գյուղատնտեսության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը․
- գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության մշակմանը, գնահատմանը և իրականացմանը ներգրավում է տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, ֆերմերների, գյուղատնտեսության ոլորտում գործող գիտական և կրթական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի փորձագետների և առաջատար գիտնականների․
- իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է գյուղատնտեսության ոլորտում Կառավարության պետական քաղաքականությունը, Կառավարության սահմանած պետական աջակցության թիրախային ծրագրերը և այլ միջոցառումները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ․
- իրականացնում է գյուղատնտեսության զարգացման ընթացքի վերաբերյալ տվյալահեն կանխատեսումներ․
- մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում ֆերմերային տնտեսությունների սահմանաչափերը, որոնք կարող են վերաբերել օգտագործվող հողամասի մակերեսին, անասնագլխաքանակին, արտադրության ծավալներին կամ այլ չափանիշներին․
- մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում գյուղատնտեսական ռեեստրի գործունեության կարգը, որը ներառում է՝
ա․ ռեեստրում հաշվառման ենթակա տվյալները․
բ․ գյուղատնտեսական հայտարարագիրը ռեեստրում ներկայացնելու կարգը և պարբերականությունը․
գ․ ռեեստրում հաշվառման կարգը, ինչպես նաև դրա համար պահանջվող տվյալների և փաստաթղթերի ցանկը և դրանց ստացման կարգը,
դ․ ռեեստրից ֆերմերների հաշվառումից դուրս գալու դեպքերը և կարգը, ինչպես նաև դրա համար պահանջվող տվյալների կամ փաստաթղթերի ցանկը և դրանց ստացման կարգը,
ե․ պետական մարմինների ցանկը, որոնց տրվում է հասանելիություն ռեեստրում առկա տվյալներին, ինչպես նաև կարգը, որով սահմանված պետական մարմինները ստանում են տվյալները,
զ․ այլ անձանց՝ ռեեստրից տեղեկություններ և քաղվածքներ տրամադրելու կարգը․
- ապահովում է գյուղատնտեսական ռեեստրի տեխնիկական ապահովվածությունը և տեխնիկական սպասարկումը․
- իրականացնում է գյուղատնտեսական ռեեստրում ներբեռնված տվյալների ուսումնասիրում, գնահատում և վերլուծություն․
- սահմանում է գյուղատնտեսական հայտարարագրի ձևը, դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը և լրացման ուղեցույցը․
- գյուղատնտեսական ռեեստրում հաշվառված տվյալների արդիականության, ինչպես նաև հավաստիության ստուգման նպատակով սահմանում է ընտրանքային մշտադիտարկման կարգը և այդ կարգի համաձայն համայնքի ղեկավարի հետ համատեղ իրականացնում է ընտրանքային մշտադիտարկում․
- իրականացնում է գյուղատնտեսության ոլորտի վարչական վիճակագրության վարումը․
- իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
ԳԼՈւԽ 3
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՎԱՐՈւՄԸ
Հոդված 9. Ֆերմերային տնտեսության վարման ձևերը
- Ֆերմերը կարող է վարել ֆերմերային տնտեսություն՝ լինելով՝
- իրավաբանական անձ, ներառյալ՝ գյուղատնտեսական կոոպերատիվ․
- անհատ ձեռնարկատեր․
- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆերմեր)։
- Իրավաբանական անձ (ներառյալ՝ գյուղատնտեսական կոոպերատիվ) և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆերմերը ֆերմերային տնտեսություն վարելու նպատակով առաջնորդվում է իրավաբանական անձանց (ներառյալ՝ գյուղատնտեսական կոոպերատիվների) և անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Հոդված 10. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆերմերի կողմից ֆերմերային տնտեսության վարման եղանակները
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆերմերը ֆերմերային տնտեսություն կարող է վարել հետևյալ եղանակներից որևէ մեկով․
- միանձնյա(այսուհետ՝ անհատական ֆերմերային տնտեսություն)․
- միայն իր ընտանիքի անդամի հետ միասին (այսուհետ՝ ընտանեկան ֆերմերային տնտեսություն)․
- գործընկերոջ հետ միասին կամ գործընկերոջ և ընտանիքի անդամի հետ միասին՝ գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի հիման վրա (այսուհետ՝ գործընկերային ֆերմերային տնտեսություն)։
- Ընտանեկան ֆերմերային տնտեսությունում ֆերմերի ընտանիքի անդամ է համարվում ֆերմերի ամուսինը, ծնողը (որդեգրողը), տասնվեց տարեկան կամ դրանից բարձր տարիքի զավակը (որդեգրվածը), մերձավոր ազգականը (ուղիղ վերընթաց ու վարընթաց ազգականը՝ պապը, տատը ու տասնվեց տարեկան կամ դրանից բարձր տարիքի թոռը, իսկ վերջինների հետ համատեղ բնակվելու դեպքում նաև՝ հարազատ և համահայր կամ համամայր եղբայրը ու քույրը, մորաքույրը, հորաքույրը, մորեղբայրը, հորեղբայրը, ինչպես նաև մորեղբոր, հորեղբոր, մորաքրոջ կամ հորաքրոջ զավակը)։
- Գործընկերային ֆերմերային տնտեսությունում ֆերմերի գործընկեր է համարվում՝
- ֆերմերի ընտանիքի անդամ չհամարվող ցանկացած այլ չափահաս ֆիզիկական անձ․
- ֆերմերի ընտանիքի անդամը՝ այն դեպքում, երբ մասնակցում է ֆերմերի ընտանիքի անդամ չհամարվող անձի մասնակցությամբ ֆերմերային տնտեսությանը։
- Ընտանեկան կամ գործընկերային ֆերմերային տնտեսության վարման մեջ մասնակցող յուրաքանչյուր անձ համարվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ-ֆերմեր։ Ֆերմերային տնտեսության վարման ընթացքում անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքում, տվյալ անձը դադարում է լինել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ-ֆերմեր և գյուղանտեսական ռեեստրում տվյալ ֆերմերային տնտեսության տակ հաշվառված մասնակիցների ցանկից հանվում է։
Հոդված 11. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆերմերի կողմից ֆերմերային տնտեսության կազմակերպումը
- Ընտանեկան ֆերմերային տնտեսության և գործընկերային ֆերմերային տնտեսության դեպքում տվյալ ֆերմերային տնտեսության ֆերմերները պարտավոր են իրենցից որևէ մեկին ընտրել տվյալ ֆերմերային տնտեսության կոնտակտային անձ (այսուհետ՝ կոնտակտային անձ)։
- Կոնտակտային անձը պարտավոր է՝
- հաշվառել ֆերմերային տնտեսության մեջ մասնակցող ֆերմերներին գյուղատնտեսական ռեեստրում՝ անհրաժեշտության դեպքում հաշվառման համար դիմելով համայնքի ղեկավարի աջակցությանը և վերջինիս ներկայացնելով պահանջվող տվյալները և փաստաթղթերը․
- գյուղատնտեսական ռեեստրում արդիականացնել ֆերմերային տնտեսությանն առնչվող՝ Կառավարության սահմանած կարգով պահանջվող բոլոր տվյալները․
- վարել ֆերմերային տնտեսության ներտնտեսային հաշվառումը,
- գյուղատնտեսական ռեեստր ներկայացնել (վերբեռնել) իր ֆերմերային տնտեսության գյուղատնտեսական հայտարարագիրը․
- ներկայացնել ֆերմերային տնտեսությունը և դրա ֆերմերների անունից առանց լիազորագրի հանդես գալ պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններում։
- Ընտանեկան ֆերմերային տնտեսության ֆերմերների միջև փոխհարաբերությունները կարող են կարգավորվել գրավոր փոխհամաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ։
- Գործընկերային ֆերմերային տնտեսությունը վարվում է գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի հիման վրա։ Գործընկերային ֆերմերային տնտեսության ֆերմերների միջև հարաբերությունները կարգավորվում են գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով։ Գործընկերային ֆերմերային տնտեսությունում ֆերմերների քանակը չի կարող լինել տասից ավելին։ Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագիրը ենթակա է հաշվառման գյուղատնտեսական ռեեստրում։
- Ֆերմերային տնտեսության համար գյուղատնտեսական պետական աջակցության հաշիվը բացվում է կոնտակտային անձի անունով։
- Անհատական ֆերմերային տնտեսության դեպքում սույն օրենքով սահմանված կոնտակտային անձի պարտականությունները կատարում է միանձնյա ֆերմերը։
Հոդված 12. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆերմերի ֆերմերային տնտեսության աշխատուժը
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆերմերի ֆերմերային տնտեսությունում կիրառվում է դրա մասնակից ֆերմերների աշխատուժը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։
- Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սեզոնային աշխատանքների կատարման նպատակով ֆերմերային տնտեսության կոնտակտային անձը կարող է ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված սեզոնային աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Ֆերմերային տնտեսության վարման նպատակով ֆերմերային տնտեսության ֆերմերները միմյանց հետ չեն կնքում աշխատանքային, ծառայությունների վճարովի մատուցման կամ կապալի պայմանագիր։
- Ընտանեկան ֆերմերային տնտեսությունում մինչև տասնութ տարեկան անձի կողմից աշխատանքի կատարումը չպետք է վտանգի նրա առողջությունը (այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր զարգացումը), բարոյականությունը, չպետք է սպառնա նրա անվտանգությանը և չպետք է խոչընդոտի նրա պարտադիր կրթությանը:
Հոդված 13. Գյուղատնտեսական ռեեստրում հաշվառումը
- Ֆերմերի կարգավիճակ ստանալու համար գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձը Կառավարության սահմանած կարգի համաձայն հաշվառվում է գյուղատնտեսական ռեեստրում։ Հաշվառման համար չի գանձվում պետական տուրք կամ որևէ այլ վճար։
- Գյուղատնտեսական ռեեստրում հաշվառված ֆերմերների տվյալները լիազոր մարմինն օգտագործում է միայն գյուղատնտեսության ոլորտում ֆերմերային տնտեսությունների վարչական հաշվառման, վարչական վիճակագրության վարման և պետական քաղաքականության մշակման նպատակով։ Ռեեստրում անձնական տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն։
- Համայնքի ղեկավարը՝
- դիմումի առկայության դեպքում՝ աջակցում է տվյալ համայնքում հաշվառված (գրանցված) գյուղատնտեսական գործունեություն իրականցնող անձին ռեեստրում հաշվառվելու գործընթացն իրականացնելու համար․
- լիազոր մարմնի սահմանած կարգով և վերջինի հետ համատեղ իրականացնում է ընտրանքային մշտադիտարկում ռեեստրում հաշվառված տվյալների արդիականության, ինչպես նաև հավաստիության ստուգման նպատակով։
- Ֆերմերը պարտավոր է ռեեստրում հաշվառած տվյալներն արդիականացնել՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն։ Տվյալների արդիականացումը ներառում է նաև որևէ տվյալի անփոփոխ լինելու դեպքում այդ մասին ռեեստրում համապատասխան նշում կատարելը։
- Գյուղատնտեսական ռեեստրում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆերմերի փաստացի հաշվառված ժամանակահատվածը հաշվառվում է որպես տվյալ ֆերմերի՝ կենսաթոշակ նշանակելու համար հաշվառվող աշխատանքային ստաժ՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի իմաստով։
- Ռեեստրում հաշվառումը և ռեեստրում հաշվառած տվյալների արդիականացումն անհրաժեշտ է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող այն անձանց համար, ովքեր ցանկանում են՝
- օգտվել գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության թիրախային ծրագրերից.
- ջրօգտագործողների ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր, կամ որպեսզի արդեն կնքված պայմանագրով ջրօգտագործողների ընկերության կողմից ոռոգման ջուր մատակարարելու պարտավորությունը չկասեցվի։
- Ռեեստրում տվյալները չարդիականացվելու կամ թերի կամ կեղծ տեղեկություններ լրացված լինելու դեպքում՝ համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է ֆերմերին լիազոր մրմնի սահմանած ընտրանքային մշտադիտարկման կարգի համաձայն։ Լիազոր մարմնի սահմանած ընտրանքային մշտադիտարկման կարգով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի արձանագրած թերությունը չշտկելու պարագայում, մինչև տվյալներն արդիականացնելը կամ ներկայացված թերի կամ կեղծ տեղեկությունների շտկումը, ֆերմերի հաշվառումը ռեեստրում կասեցվում է, ինչի հետևանքով՝
- կասեցված ժամանակահատվածը չի հաշվառվում որպես տվյալ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆերմերի՝ կենսաթոշակ նշանակելու համար հաշվառվող աշխատանքային ստաժ․
- նույնքան ժամանակով ինքնաբերաբար կասեցվում է՝
ա․ ֆերմերի մասնակցությունը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության թիրախային այն ծրագրերին, որոնց համար անհրաժեշտ է հաշվառումը ռեեստրում․
բ․ ջրօգտագործող ընկերության հետ ֆերմերի կնքած ոռոջման ջրի մատակարարման պայմանագիրը։
ԳԼՈւԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈւՄԱՅԻՆ ԴՐՈւՅԹՆԵՐ
Հոդված 14. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆերմերի մասով) և 6-րդ մասի, և 3-րդ գլխի, որոնք ուժի մեջ են մտնում գյուղատնտեսական ռեեստրը գործարկման մեջ դնելու մասին լիազոր մարմնի կողմից ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման օրվան հաջորդող չորրորդ ամսվա առաջին օրը։
- Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված դրույթներն ուժի մեջ մտնելը սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝ պետական աջակցության թիրախային ծրագրին կարող է մասնակցել տվյալ ծրագրով նախատեսված՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձը։
- Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
(հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծեր)
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ մասի՝
- 2-րդ նախադասությունում «գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով» բառերը փոխարինել «գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով այլ անձանց հետ» բառերով, իսկ «պայմանագիր» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագիր)» բառերով․
- 3-րդ նախադասությունում «Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող» բառերը փոխարինել «Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող (ֆերմերային տնտեսություն վարող)» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում «686» թվից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «959 հոդվածներով» թվից և բառից հետո լրացնել «կամ 1038․2-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 1026-րդ հոդվածի 2-րդ մասում «գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները» բառերը փոխարինել «գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձինք (այդ թվում՝ ֆերմերը)» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 1029-րդ հոդվածի 1-ին մասում «բոլորը` համատեղ» բառերից հետո լրացնել «, կամ եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 10381-ին հոդվածում՝
- վերնագրում և 1-ին մասում «արտադրությամբ» բառը փոխարինել «գործունեությամբ» բառով, իսկ «քաղաքացիների» բառը փոխարինել «անձանց» բառով․
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ-ֆերմերների միջև պայմանագրային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի գլուխ 55.1-ով։»:
Հոդված 6. Օրենսգրքի 7-րդ բաժնի 6-րդ ենթաբաժինը լրացնել նոր գլխով՝ հետևյալ խմբագրությամբ․
«ԳԼՈՒԽ 55.1. ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄ
|
Հոդված 1038.2. |
Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագիր |
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագիրը որոշակի կամ անորոշ ժամկետով և գրավոր ձևով կնքվող համատեղ գործունեության պայմանագրի տեսակ է, որով մինչև տասը ֆիզիկական անձ պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու և իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ՝ «Գյուղատնտեսության մասին» օրենքի իմաստով գործընկերային ֆերմերային տնտեսության վարման նպատակով:
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագիրը ենթակա է հաշվառման գյուղատնտեսական ռեեստրում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։ Գյուղատնտեսական ռեեստրում պայմանագիրը չհաշվառելու դեպքում այդ պայմանագիրը համարվում է առոչինչ։
- Եթե պայմանագրի որևէ կողմ ներդնում է անշարժ գույք, ապա գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են պետական գրանցման պահից։
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրում պարտադիր պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները․
- պայմանագրի կողմերը (այսուհետ սույն գլխում՝ ֆերմերներ),
- ֆերմերների իրավունքներն ու պարտականությունները,
- գործընկերային ֆերմերային տնտեսության կոնտակտային անձը և նրա անձը նույնականացնող տվյալները,
- ֆերմերների կողմից ներդրվող ավանդի տեսակները (ըստ սույն օրենսգրքի 1027-րդ հոդվածի, բացառությամբ՝ գույքային իրավունքների), դրանց արժեքը, դրանց դրամական գնահատման չափը,
- ներդրված ավանդի օգտագործման կարգը,
- շահույթի, ինչպես նաև ստացված գյուղատնտեսական արտադրանքի բնեղենով բաշխման կարգը:
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի, դրան միանալու և դրանից հրաժարվելու դիմումների օրինակելի ձևերը (բացառությամբ սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված օրինակելի ձևից) հաստատում է գյուղատնտեսության բնագավառում Կառավարության սահմանած լիազոր մարմինը:
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման վերաբերյալ որոշումները ֆերմերների կողմից կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։
Հոդված 1038.3. Գործընկերային ֆերմերային տնտեսության կոնտակտային անձը
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագիր կնքելիս բոլոր ֆերմերները միաձայն ընտրում են տվյալ տնտեսության ֆերմերներից որևէ մեկին՝ որպես գործընկերային ֆերմերային տնտեսության կոնտակտային անձ (այսուհետ՝ կոնտակտային անձ)։
- Կոնտակտային անձը՝
- առանց լիազորագրի հանդես է գալիս գործընկերային ֆերմերային տնտեսության բոլոր ֆերմերների անունից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ հարաբերություններում․
- լիազորում է գործընկերային ֆերմերային տնտեսության այլ ֆերմերի հանդես գալ գործընկերային ֆերմերային տնտեսության անունից մասնավոր անձանց հետ հարաբերություններում․
- կնքում է գործարքներ գործընկերային ֆերմերային տնտեսության վարման նպատակով․
- վարում է գործընկերային ֆերմերային տնտեսության ներտնտեսային հաշվառումը և այլ գործերը՝ բարեխղճորեն, ողջամտորեն և ի շահ գործընկերային ֆերմերային տնտեսության․
- իրականացնում է գործընկերային ֆերմերային պայմանագրում և օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
- Կոնտակտային անձի փոփոխությունն իրականցվում է ֆերմերների կողմից միաձայն որոշմամբ։ Կոնտակտային անձը չի կարող ընտրվել գործընկերային ֆերմերային տնտեսության ֆերմեր չհանդիսացող անձը։
- Կոնտակտային անձի փոփոխությունը ամրագրվում է գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրով, որը ստորագրում են տվյալ գործընկերային ֆերմերային տնտեսության բոլոր ֆերմերները։ Համաձայնագիրը պայմանագրի անբաժանելի մասն է և ենթակա է հաշվառման գյուղատնտեսական ռեեստրում։
- Կոնտակտային անձի փոփոխությունը չի առաջացնում այդ անձի մասնակցության դադարեցում գործընկերային ֆերմերային տնտեսությունում։
Հոդված 1038.4. Գործընկերային ֆերմերային տնտեսության գույքը
- Գործընկերային ֆերմերային տնտեսության գույքը կազմավորվում է՝
- ֆերմերների կողմից ներդրված գույքից․
- կոնտակտային անձի կողմից գործարքների կնքմամբ սեփականության իրավունքով կամ այլ օգտագործման իրավունքով ձեռքբերված գույքից.
- գործընկերային ֆերմերային տնտեսության վարման արդյունքում արտադրված արտադրանքից կամ եկամուտից։
- Գույքը, որին ֆերմերը տիրապետում է սեփականության իրավունքով կամ սեփականության իրավունքից տարբերվող այլ օրինական հիմքով, չի հանդիսանում գործընկերային ֆերմերային տնտեսության մասնակիցների ընդհանուր սեփականությունը, այլ՝ գործընկերային ֆերմերային տնտեսության բոլոր մասնակիցների կողմից միայն համատեղ և անհատույց օգտագործվում է ի շահ գործընկերային ֆերմերային տնտեսության։ Սույն մասի և գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի հիմքով՝ գործընկերային ֆերմերային տնտեսության գույքի նկատմամբ գործընկերային ֆերմերային տնտեսության մյուս ֆերմերները (բացի տվյալ գույքը ներդրած ֆերմերի) ձեռք են բերում գույքի համատեղ և անհատույց օգտագործման իրավունք։ Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ համատեղ և անհատույց օգտագործման իրավունքի նկատմամբ կիրառելի չեն սույն օրենսգրքի 685-699 հոդվածները։
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման արդյունքում արտադրված արտադրանքը, եկամուտները, ինչպես նաև ձեռքբերված գույքը համարվում են ֆերմերների ընդհանուր բաժնային սեփականությունը՝ իրենց կողմից ներդրված ավանդին համամասնորեն, եթե այլ բան որոշված չէ պայմանագրով։ Կոնտակատային անձի կողմից գործընկերային ֆերմերային տնտեսության վարման նպատակով կնքված գործարքով ձեռքբերված անշարժ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքը գրանցվում է գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի բոլոր մասնակիցների համար։
- Գործընկերային ֆերմերային տնտեսության գործունեությանն առնչվող պարտավորությունների մասով բոլոր ֆերմերները կրում են համապարտ պատասխանատվություն, եթե այլ բան նախատեսված չէ գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրով։
- Գործընկերային ֆերմերային տնտեսության ֆերմերը պատասխանատվություն չի կրում նույն տնտեսության այլ ֆերմերի այն պարտավորությունների համար, որոնք չեն առնչվում գործընկերային ֆերմերային տնտեսության գործունեության հետ:
Հոդված 1038.5. Գույքը գործընկերային ֆերմերային տնտեսությանը համատեղ և անհատույց օգտագործման հանձնելը և չհանձնելու հետևանքները
- Ֆերմերը պարտավոր է գույքը հանձնել գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխանող վիճակում: Գույքը համատեղ և անհատույց օգտագործման հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը, սեփականության իրավունքից տարբերվող այլ օրինական հիմքով այն տիրապետողին կամ օգտագործողին կամ վերջինների կողմից կամ օրենքով դրա համար լիազորված այլ անձանց:
- Գույքը համատեղ և անհատույց օգտագործման է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (օգտագործման հրահանգով, տեխնիկական անձնագրով և այլն)՝ առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Եթե նման պատկանելիքները և փաստաթղթերը չեն հանձնվել, իսկ առանց դրանց գույքը չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան կամ դրա օգտագործումը գործընկերային ֆերմերային տնտեսության համար նշանակալից չափով կորցրել է իր արժեքը, կոնտակտային անձը իրավունք ունի`
- պահանջել տրամադրելու այդպիսի պատկանելիքներն ու փաստաթղթերը,
- կատարել այլ ավանդի ներդրում, կամ
- դադարեցնել տվյալ ֆերմերի մասնակցությունը գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրին և հատուցելու գործընկերային ֆերմերային տնտեսության կրած իրական վնասը:
- Եթե ֆերմերը գույքը չի հանձնում գործընկերային ֆերմերային տնտեսությանը, կոնտակտային անձը իրավունք ունի`
- պահանջել կատարել այլ ավանդի ներդրում, կամ
- դադարեցնել տվյալ ֆերմերի մասնակցությունը գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրին և հատուցելու գործընկերային ֆերմերային տնտեսության կրած իրական վնասը:
Հոդված 1038.6. Պատասխանատվությունը ներդրված գույքի թերությունների համար
- Ֆերմերը պատասխանատվություն է կրում գույքի այն թերությունների համար, որոնք նա դիտավորությամբ չի մատնանշելգույքը գործընկերային ֆերմերային տնտեսության կողմից համատեղ և անհատույց օգտագործման հանձնելիս: Նման թերություններ հայտնաբերելիս կոնտակտային անձն իրավունք ունի ֆերմերից իր ընտրությամբ պահանջել`
- անհատույց վերացնելու գույքի թերությունները,
- հատուցել գույքի թերությունները վերացնելու համար գործընկերային ֆերմերային տնտեսության հաշվին կատարված ծախսերը,
- փոխարինել գույքը այլ ավանդով, կամ
- դադարեցնել տվյալ ֆերմերի մասնակցությունը գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրին և հատուցելու գործընկերային ֆերմերային տնտեսության կրած իրական վնասը:
- Ֆերմերը պատասխանատվություն չի կրում գույքի այն թերությունների համար, որոնք ինքը նշել է պայմանագիրը կնքելիս, կամ որոնք նախապես հայտնի են եղել գործընկերային ֆերմերային տնտեսության մյուս ֆերմերներին կամ կոնտակտային անձին կամ պետք է հայտնաբերվեին ֆերմերի կողմից պայմանագիրը կնքելիս կամ գույքը հանձնելիս, այն զննելիս կամ դրա սարքին լինելն ստուգելիս:
Հոդված 1038.7. Ներդրված գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները
- Պայմանագիրը կնքելիս ֆերմերը պարտավոր է գործընկերային ֆերմերային տնտեսության մյուս բոլոր ֆերմերներին, իսկ պայմանագրին միանալու դիմում ներկայացնելիս՝ կոնտակտային անձին գրավոր տեղեկացնել այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) առկայության կամ բացակայության մասին: Այդ պարտականությունը չկատարելը կոնտակտային անձին իրավունք է տալիս դադարեցնել տվյալ ֆերմերի մասնակցությունը գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրին և հատուցելու գործընկերային ֆերմերային տնտեսության կրած իրական վնասը:
- Գույքը գործընկերային ֆերմերային տնտեսությանը համատեղ և անհատույց օգտագործման հանձնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները փոփոխելու կամ դադարելու համար:
Հոդված 1038.8. Ներդրված գույքը պահպանելու պարտականությունը և ֆերմերների պատասխանատվությունը
- Գործընկերային ֆերմերային տնտեսության բոլոր ֆերմերները պարտավոր են համատեղ և անհատույց օգտագործման համար ստացված գույքը պահպանել սարքին և պատշաճ վիճակում: Այդ պարտականությունները ներառում են ընթացիկ և հիմնական վերանորոգումը և պահպանման բոլոր ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
- Գործընկերային ֆերմերային տնտեսության ֆերմերներն իրավունք չունեն համատեղ և անհատույց օգտագործման համար ստացված գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը:
- Գործընկերային ֆերմերային տնտեսության բոլոր ֆերմերները կրում են համապարտ պատասխանատվություն համատեղ և անհատույց օգտագործման հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկի դեպքում, եթե գույքը ոչնչացվել կամ վնասվել է պայմանագրին կամ գույքի նշանակությանն անհամապատասխան օգտագործելու հետևանքով, կամ այն հանձնվել է երրորդ անձի: Այն դեպքում, որբ գույքի կորուստը, վնասվածքը կամ երրորդ անձին հանձնումը տեղի է ունեցել կոնտակտային անձի կողմից կայացրած որոշմանն արդյունքում, ապա դրա համար պատասխամատվությունը կրում է միայն կոնտակտային անձը։
- Գործընկերային ֆերմերային տնտեսության մասնակիցները համապարտ պատասխանատվություն են կրում իրենց կողմից գույքի օգտագործման հետևանքով երրորդ անձին պատճառված վնասի համար:
Հոդված 1038.9. Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրին միանալը կամ դրանից հրաժարվելը
- Անձը գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրին կարող է միանալ դրա կնքումից հետո՝ կոնտակտային անձին ներկայացնելով համապատասխան գրավոր դիմում, որում ներառվում է նաև ներդրվող ավանդի տեսակները, արժեքը, դրա դրամական գնահատման չափը, ինչպես նաև պայմանագրի բոլոր պայմաններին համաձայնությունը։ Մյուս ֆերմերների կողմից առարկության բացակայության դեպքում, դիմումը բավարարվում է և դառնում է պայմանագրի անբաժանելի մասը։
- Գործընկերային ֆերմերային տնտեսության ֆերմերը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրում իր մասնակցությունից (գործընկերային ֆերմերային տնտեսության մեջ մասնակցությունից)՝ այդ մասին պայմանագրով նախատեսված ժամկետում, սակայն ոչ պակաս քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցելով կոնտակտային անձին։ Կոնտակտային անձի կողմից գործընկերային ֆերմերային տնտեսությունից դուրս գալու ցանկության պարագայում կոնտակտային անձն այդ մասին պետք է սույն մասում սահմանված ժամկետում գրավոր ծանուցի գործընկերային ֆերմերային տնտեսության բոլոր մասնակից ֆերմերներին։ Սույն մասում նշված գրավոր ծանուցումը դառնում է պայմանագրի անբաժանելի մասը։
- Պայմանագրից հրաժարվելու կամ պայմանագրին մասնակցությունն այլ կերպ դադարեցվելու դեպքում՝
- ֆերմերի կողմից ներդրված գույքի նկատմամբ մյուս բոլոր ֆերմերների օգտագործման իրավունքը դադարեցվում է,
- ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից ֆերմերի բաժինն առանձնացվում է սույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան։
Հոդված 1038.10. Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի դադարումը
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրին ֆերմերի մասնակցությունը դադարեցվում է եթե վերջինը, լինելով նշված պայմանագրի կողմ, հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Մասնակցությունը կարող է դադարեցվել նաև սույն գլխով նախատեսված այլ դեպքերում, կամ ցանկացած դեպքում՝ ֆերմերների ձայների պարզ մեծամասնությամբ։
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի գործունեությունն ինքնըստինքյան դադարում է հետևյալ դեպքերում․
- գործընկերային ֆերմերային տնտեսության գործունեությունը դադարեցնելու մասին բոլոր ֆերմերների միաձայն որոշման առկայության դեպքում․
- ֆերմերներից որևէ մեկը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող, սնանկ կամ ֆերմերի մահվան դեպքում, եթե արդյունքում գործընկերային ֆերմերային տնտեսությունում մնացած ֆերմերների քանակը պակասում է երկուսից․
- գործընկերային ֆերմերային տնտեսության ամբողջ գույքի օգտագործմամբ և բոլոր ֆերմերների համաձայնությամբ գյուղատնտեսական կոոպերատիվ կամ առևտրային ընկերություն ստեղծելու դեպքում,
- յոթ օրում նոր կոնտակտային անձ չընտրելու և գյուղատնտեսական ռեեստրում նոր կոնտակտային անձի տվյալնեը չարդիականացնելու դեպքում։
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի դադարման վերաբերյալ կամ դադարման հետևանքով առաջացած վեճերը ենթակա են լուծման դատական կարգով:
|
Հոդված 1038.11. |
Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի կողմ հանդիսացող ֆերմերի գույքի ժառանգումը |
- Ֆերմերի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են դառնալ պայմանագրի կողմ:
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի շրջանակներում ֆերմերին պատկանող գույքը և գույքային իրավունքները չեն կարող կտակով ժառանգվել իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին։
- Այն դեպքում, երբ անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը, նշված գույքի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները։
|
Հոդված 1038.12. |
Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման իրավական կարգավորումը |
- Գործընկերային ֆերմերային տնտեսության վարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1026-1038-րդ հոդվածների դրույթները, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքի 1038.2-1038.11 հոդվածներին, ինչպես նաև գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի առանձնահատկություններին:»:
Հոդված 7. Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 1-ին մասում «սոցիալական ապահովության հաշիվը,» բառերից հետո լրացնել «գյուղատնտեսական պետական աջակցության հաշիվը,» բառերը։
Հոդված 8. Օրենսգրքի 50.1-ին գլուխը լրացնել նոր հոդվածով՝ հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 928.10. Գյուղատնտեսական պետական աջակցության հաշվի պայմանագիր
- Գյուղատնտեսական պետական աջակցության հաշվի պայմանագիր է համարվում Կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (գյուղատնտեսական պետական աջակցության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն պետական բյուջեից վճարվող` գյուղատնտեսության ոլորտում պետական օժանակության թիրախային ծրագրերով նախատեսված ֆինանսական աջակցության գումարները:
- Գյուղատնտեսական պետական աջակցության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և գյուղատնտեսական պետական աջակցության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը։
- Անձը հաճախորդի (գյուղատնտեսական պետական աջակցության հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում գումարը այդ հաշվին մուտքագրվելու պահից:
- Գյուղատնտեսական պետական աջակցության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:»։
Հոդված 9. Օրենսգրքի 1195-րդ հոդվածի 1-ին մասում «այլ անձանց» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով» բառերը։
Հոդված 10. Սույն օրենքի 1-9-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում «Գյուղատնտեսության մասին» օրենքում նշված գյուղատնտեսական ռեեստրը գործարկման մեջ դնելու մասին լիազոր մարմնի կողմից ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման օրվան հաջորդող չորրորդ ամսվա առաջին օրը օրը։
Հոդված 11. Սույն օրենքն ընդունվելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
- Կառավարությունը սահմանում է նոտարական վավերացում չպահանջող գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև այդ պայմանագրին միանալու և այդ պայմանագրից հրաժարվելու դիմումների օրինակելի ձևերը․
- Կառավարությունը սահմանում է գյուղատնտեսական պետական աջակցության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և գյուղատնտեսական պետական աջակցության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը․
- գյուղատնտեսության ոլորտում լիազոր մարմինը սահմանում է գործընկերային ֆերմերային տնտեսության վարման պայմանագրի օրինակելի ձևը, այդ պայմանագրին միանալու և այդ պայմանագրից հրաժարվելու դիմումների օրինակելի ձևերը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 9-րդ պարբերությունում «յուրաքանչյուր» բառը փոխարիել «ֆերմեր` ըստ «Գյուղատնտեսության մասին» օրենքի սահմանման, կամ գյուղատնտեսական գործունեություն չիրականացնող» բառերով։
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ պարբերությամբ․
«Ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով ջրօգտագործողների ընկերության կողմից՝ ֆերմեր հանդիսացող ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու պարտավորության կատարումը կասեցվում է «Գյուղատնտեսության մասին» օրենքով նախատեսված դեպքերում։»։
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Գյուղատնտեսության մասին» օրենքում նշված գյուղատնտեսական ռեեստրը գործարկման մեջ դնելու մասին լիազոր մարմնի կողմից ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման օրվան հաջորդող չորրորդ ամսվա առաջին օրը օրը։
- Ջրօգտագործող ընկերության և ոռոգման ոլորտում ջրօգտագործի միջև՝ նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետի մասով օրենսդրությամբ ինքնաբերաբար երկարացվելու հնարավորություն նախատեսված լինելու դեպքում այդ պայմանագիրը ենթակա է ինքնաբերաբար երկարացման ոռոգման ոլորտում ջրօգտագործի՝ սույն օրենքի պահանջներին համապատասխանելու պարագայում։ Սույն մասի պահանջի չբավարարման հետևանքով ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի ինքնաբերաբար չերկարացումը, այսինքն՝ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագիրը խախտելու համար պատասխանատվությունից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«5) գյուղատնտեսական ռեեստրում որպես անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆերմեր հաշվառված լինելու ժամանակահատվածը՝ «Գյուղատնտեսության մասին» օրենքի համաձայն։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Գյուղատնտեսության մասին» օրենքում նշված գյուղատնտեսական ռեեստրը գործարկման մեջ դնելու մասին լիազոր մարմնի կողմից ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման օրվան հաջորդող չորրորդ ամսվա առաջին օրը օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 49-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2․ Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) դիմումի առկայության դեպքում՝ աջակցում է տվյալ համայնքում հաշվառված (գրանցված) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձին գյուղատնտեսական ռեեստրում հաշվառվելու գործընթացն իրականացնելու համար․
2) գյուղատնտեսության բնագավառի լիազոր մարմնի սահմանած կարգով և վերջինի հետ համատեղ իրականացնում է ընտրանքային մշտադիտարկում գյուղատնտեսական ռեեստրում հաշվառված տվյալների արդիականության, ինչպես նաև հավաստիության ստուգման նպատակով:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Գյուղատնտեսության մասին» օրենքում նշված գյուղատնտեսական ռեեստրը գործարկման մեջ դնելու մասին լիազոր մարմնի կողմից ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման օրվան հաջորդող չորրորդ ամսվա առաջին օրը օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» 2015 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-190-Ն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) գյուղատնտեսական գործունեություն` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից իր արտադրանքի տեսակավորում, փաթեթավորում (տարայավորում), պահեստավորում (պահպանում), տեղափոխում, շուկայահանում կամ դրանց առնչվող աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում.
5) գյուղատնտեսական արտադրանք` բույսերի մշակության կամ գյուղատնտեսական կենդանիների բուծման արդյունքում՝ վերջնական սպառման, մշակման կամ վերամշակման համար ստացված գյուղատնտեսական առաջնային արտադրանք․»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
-
Քննարկվել է
13.06.2025 - 28.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1985
Տպել