Հիշել նախագիծը

Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-410-Ն, ընդունված` 03.07.2002թ., ուժի մեջ մտած` 15.11.2002թ., ուժը կորցրած` 01.04.2017թ.) 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կուսակցության կանոնադրությունում կատարված փոփոխությունները և լրացումները կուսակցության գրանցման համար սույն օրենքով սահմանված ժամկետում ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցության ծրագրում կատարված փոփոխությունները և լրացումները մեկամսյա ժամկետում ներկայացվում են գրանցման պետական լիազոր մարմին։

Ի տարբերություն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) չի պարունակում դրույթ առ այն, որ կուսակցության կանոնադրությունում և ծրագրում կատարվող փոփոխությունները և լրացումները ևս ենթակա են պետական գրանցման: Սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կուսակցության բարձրագույն մարմնին` համագումարին, տրվում է կուսակցության կանոնադրության հաստատման և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավասություն, սակայն Սահմանադրական օրենքը չի կարգավորում այդ փոփոխություններով պայմանավորված պետական գրանցման ոլորտի հարաբերությունները (պետական գրանցման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ժամկետները և այլն):

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել փոփոխությունների պետական գրանցման այլ ժամկետներ: Սահմանադրական օրենքը փոփոխությունների պետական գրանցման ժամկետի վերաբերյալ դրույթ չի պարունակում:

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Սահմանադրական օրենքում սահմանել, որ կուսակցության կանոնադրությունում և ծրագրում կատարվող փոփոխությունները և լրացումները ևս ենթակա են պետական գրանցման. ըստ այդմ նախագծով կարգավորվում են փոփոխություններով պայմանավորված պետական գրանցման ոլորտի հարաբերությունները (պետական գրանցման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը): Սահմանվում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխությունը և լրացումը կամ վերադարձնում է կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և լրացման պետական գրանցման դիմումը կամ մերժում է դրանց պետական գրանցումը: Միաժամանակ, նախագծով հստակ կարգավորվում են  պետական գրանցման, գրանցումը մերժելու և դիմումը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները.

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

          Նախագծի ընդունման արդյունքում կուսակցությունների պետական գրանցման գործընթացի համար կապահովվի առավել համապարփակ իրավական կարգավորում, կհստակեցվեն կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխության և լրացման պետական գրանցման, գրանցումը մերժելու և դիմումը վերադարձնելու հիմքերը, ինչն էլ, իր հերթին կերաշխավորվի իրավական որոշակիությունը:

 

 

 

  • Քննարկվել է

    12.04.2018 - 28.04.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9090

Տպել