Հիշել նախագիծը

Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի՝

       1) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «2) հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումները, նրա գործունեության հիմնական սկզբունքները, նպատակները և խնդիրները, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու եղանակներն ու խնդիրները լուծելու ուղիները և միջոցները բովանդակող կուսակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) առնվազն երկու օրինակ.».

      2) 4-րդ մասի 5-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «և հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների» բառերով.

      3) 4-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

       Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1, 9.2, 9.3 հոդվածներով.

 

       «Հոդված 9.1 Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման կարգը

  1. Կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին է ներկայացնում՝

1)   դիմում.

2) կանոնադրության փոփոխությունը և (կամ) լրացումը հաստատելու և (կամ) ծրագրի փոփոխությունը և (կամ) լրացումը ընդունելու մասին իրավասու մարմնի որոշումը.

3) կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման առնվազն երկու օրինակ.

4) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

  1. Մինչև ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման համար դիմում ներկայացնելը (եթե փոփոխվել են ծրագրի հիմնական դրույթները) կուսակցությունը պարտավոր է փոփոխված և (կամ) լրացված ծրագրի հիմնական դրույթները (հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումները, նրա գործունեության հիմնական սկզբունքները, նպատակները և խնդիրները, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու եղանակներն ու խնդիրները լուծելու ուղիները և միջոցները) հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման համար սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը պետական լիազոր մարմին են ներկայացվում իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխությունը և (կամ) լրացումը կամ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը:

       Հոդված 9.2 Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը վերադարձնելը

  1. Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման համար սույն օրենքի 9.1-րդ հոդվածով նախատեսված պահանջների չպահպանման դեպքում պետական լիազոր մարմինը վերադարձնում է Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը: Կուսակցության կանոնադրության  և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը վերադարձնելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ նշում պարունակելով սույն օրենքի այն դրույթների վերաբերյալ, որոնց պահանջները չեն պահպանվել:
  2. Հայտնաբերված թերությունները շտկելու և կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լացման պետական գրանցման դիմումը կուսակցության իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կրկին պետական լիազոր մարմին ներկայացնելու դեպքում այն համարվում է ընդունված, և պետական տուրք կրկին չի գանձվում:
  3. Պետական գրանցման դիմումը վերադարձնելը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

       Հոդված 9.3 Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը մերժելը 

  1. Պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման  պետական գրանցումը, եթե՝

     1) կուսակցության կանոնադրության  և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման դրույթները ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը, կամ

    2) կուսակցության իրավասու մարմնի նիստում որոշում չի ընդունվել կուսակցության կանոնադրության փոփոխության և (կամ) լրացման հաստատման և ծրագրի ընդունման մասին, կամ

      3) կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից մեկ տարի անց:

  1. Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը մերժելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հղում պարունակելով սույն օրենքի այն դրույթներին, որոնք մերժման հիմք են հանդիսացել:
  2. Կուսակցության կանոնադրության  և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:»:

 

       Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

       Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը «կանոնադրությունում» բառից հետո լրացնել «, ծրագրում» բառով:

       Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «4) իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունում սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ կուսակցության կանոնադրության փոփոխության և (կամ) լրացման հաստատման, ինչպես նաև ծրագրի փոփոխության և (կամ) լրացման ընդունման մասին.»:

       Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    12.04.2018 - 28.04.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9116

Տպել