«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակաից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը հանդիսանում է խոչընդոտ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը, օրինակ՝ Դիլիջան համայնքում բազմաթիվ տարիներ գործող «Դիլի կաթ» ՍՊԸ-ն չի կարողանում ընդլայնել իր գործունեությունը և իրականացնել շուրջ 7 մլն․ ԱՄՆ դոլլարին համարժեք դրամի ներդրումային ծրագիր։ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ) գործող Օրենքով ներկայացվող համաձայնեցումները խաթարում են ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինթույլտվությունների և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի, կամ դրանց տրամադրման մերժելու ժամկետները, քանի որ խորհրդի նիստերն օրենքով պետք է անցկացվեն ամիսը մեկ անգամ։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի (ՀՕ-397-Ն) փոփոխություններով
թույլատրելի է համարվում մինչև 2022թ. հունվարի 6-ը կառուցված ինքնակամ շինությունների սահմանված
կարգով օրինական ճանաչելը:
Մինչդեռ, Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով արգելում է օրենքն ուժի մեջ մտնելուց (01.08.2015թ.) հետո ինքնակամ շինությունների օրինականացումը: Ինքնակամ շինությունների օրինականացման արգելքը խոչընդոտում է վերջիններիս կարգավիճակի հստակեցմանը և շինության հետագա տնօրինմանը: Նշված սահմանափակումը երկուստեք խնդիրներ է առաջացնում և համայնքի, և ինքնակամ շինարարություններն իրականացրած անձանց համար: Համայնքի բյուջե չեն գանձվում ինքնակամ շինությունների օրինականացման դիմաց օրենքով սահմանված վճարները (մոտ․ 200-300 մլն․ ՀՀ դրամ): Շինարարությունն իրականացրած անձիք չեն տնօրինում և, հետևաբար, լիարժեք չեն շահագործում նշված
շինությունները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում արգելվում են հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները. անասնաբուծություն, բուսաբուծություն, մշակող
արդյունաբերություն:
Նախագծով կրճատվում են Խորհդրի այն լիազորությունները, որոնք խոչընդոտում են ՏԻՄ-երի լիազորությունների իրականացմանը այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում: Բացի այդ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, որով նախատեսվում է, որ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (01.08.2015թ.) օրենքով սահմանված կարգով
քաղաքաշինական թույլտվություններ չստացած և առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է:
3. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում Դիլիջան քաղաքային բնակավայրի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում չեն արգելվի անասնաբուծությունը, բուսաբուծությունը, մշակող
արդյունաբերությունը, ՏԻՄ-երը իրենց լիազորություններն իրականացնելիս չեն խախտի ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինթույլտվությունների և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի, կամ դրանց տրամադրման մերժելու ժամկետները, հնարավորություն կընձեռնվի օրինականացնել համապատասխան գրանցում ստացած ինքնակամ շինությունները:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և
ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №1902-Լ որոշման Հավելված 1-ում Գյուղատնտեսության նախարարությանը վերապահված 9-րդ, Կադաստրի կոմիտեին վերապահված 10.3-րդ նպատակներից:
-
Քննարկվել է
21.05.2025 - 05.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1470
Տպել