Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման նպատակն է` «հետվճար (cashback)» մեխանիզմի կիրառմամբ խթանել զբոսաշրջային այցելությունների թվի ավելացմանը, ինչպես նաև՝ ՀՀ-ում անցկացվող գիշերակացերի թվի երկարաձգմանը։ Նման մոդելը հնարավորություն է տալիս զբոսաշրջային ծառայություններ մատուցողներին (հյուրանոցներ, զբոսաշրջային գործունեության սուբյեկտներ) առաջարկել ավելի գրավիչ պայմաններ՝ նպաստելով առաջարկվող ծառայությունների արդյունավետ օգտագործմանը և ոլորտի ընդհանուր զարգացմանը։

Ակնհայտ է, որ ներկայիս բարդ տնտեսական պայմաններում զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները հանդիպում են տարբեր մարտահրավերների՝ պայմանավորված հարկային բեռի աճով, ընդհանուր գնաճով, շրջանառության հարկի կրկնապատկմամբ, ինչպես նաև ՀՀ դրամի արժևորմամբ, ինչի հետևանքով զբոսաշրջային փաթեթների արժեքը բարձրացել է շուրջ 50%-ով։ Բացի այդ՝ ըստ վերոհիշյալ խնդիրների, կարևոր է նշել, որ ներգնա զբոսաշրջային փաթեթներ առաջարկող սուբյեկտներն ազատված են ԱԱՀ-ից, սակայն հաշվանցման հնարավորության բացակայությունն ամբողջությամբ չի ապահովում արդարացի հարկային քաղաքակաության իրականացումը։ Այս ամենը, անշուշտ, բացասաբար է ազդել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի մրցունակության վրա, ինչը հաստատվում է վիճակագրական տվյալներով։ Արդյունքում՝ ՀՀ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը նվազում է։ Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2023 թվականին ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 2.3 միլիոն, իսկ 2024 թվականի ընթացքում, 2023 թվականի համեմատ, այս թիվը նվազել է՝ հասնելով շուրջ 2.2 միլիոնի։

2024 թվականին գրանցված ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-մարտ ամիսներին կազմել է 435,775 զբոսաշրջիկ, իսկ ահա 2025 թվականին նույն ժամանակահատվածում նվազելով մոտ  12.08%  կազմել է՝ 383,127 զբոսաշրջիկ։

Զբոսաշրջությունը, լինելով տնտեսության ամենազգայուն ճյուղերից մեկը, առաջինն է զգում տնտեսական և աշխարհաքաղաքական բարդ իրողությունների ծանր հետևանքները։ Զբոսաշրջությունը բացառիկ ոլորտ է, քանի որ, լինելով տնտեսության կարևոր բաղադրիչ, ոչ միայն նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը, այլ նաև ապահովում է Հայաստանի Հանրապետության ճանաչելիությունը և հանրահռչակումն ամբողջ աշխարհում։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողների համար առավել քան կարևոր է, որ ստեղծվի բարենպաստ միջավայր և տրամադրվեն համապատասխան տնտեսական գործիքակազմեր, որոնք կօգնեն նրանց ստեղծած զբոսաշրջային պրոդուկտը դարձնել ավելի գրավիչ և մրցունակ թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Զբոսաշրջության ոլորտում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար առաջարկվող ապրանքների և ծառայությունների վրա «cashback» մեխանիզմի կիրարկման ծրագրի միջոցով եռակողմ արդյունավետ մեխանիզմի ստեղծման նոր հարթակի անհրաժեշտությունը պայմանավորված է ամբողջ աշխարհում տարածում գտած «cashback» համակարգի դրական դինամիկայով և նրա ազդեցիկ արդյունքներով։

Սույն որոշման նախագծի ընդունմամբ զբոսաշրջության ոլորտում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ստեղծվելու է լավ հնարավորություն՝ մրցունակ զբոսաշրջային արտադրանք առաջարկելով ամրապնդելու և ընդլայնելու Հայաստանի Հանրապետության դիրքերը տարածաշրջանում և համաշխարհային զբոսաշրջային շուկայում՝ միաժամանակ ապահովելով ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակական և որակական կայուն ու դինամիկ աճ։ Այսպիսով՝ առաջարկվող նախագիծը ենթադրում է ոչ միայն զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողների համար ուղղակի օժանդակության ծրագիր, այլ նաև եռակողմ հաջող համագործակցության մոդել, որտեղ շահառուներից մեկը պետությունն է, մյուսը տնտեսավարողը, իսկ երրորդը՝ զբոսաշրջիկը։ Սկզբունքները հետևյալն են՝

  • Զբոսաշրջիկը գնում է ծառայություն,
  • Զբոսաշրջիկի գնած ծառայության դիմաց հաշվարկվում և ետ վերադարձվում է որոշակի տոկոս գումար, եթե զբոսաշրջիկը անցկացնւմ է առնվազն 5 գիշերակաց (գիշերակացերի քանակը հնարավոր է ավելացնել ստացված առաջարկությունների հիման վրա․ ներկայացվել են հաշվարկներ թե՛ մինչև 5 գիշերակացի, թե՛ 5-ից ավել գիշերակացերի համար) Հայաստանի Հանրապետությունում և վերջինիս ծախսը (առանց ավիատոմսի) կազմում է առնվազն 150 հազար դրամ,
  • Ծառայությունների պահանջարկի մեծացմամբ աճում է սպառումն ու տնտեսավարողների ստացած եկամուտները, ինչի հետևանքով ապահովվում են լրացուցիչ հարկային մուտքեր։

Զբոսաշրջության ոլորտում հետվճարի մեխանիզմը կիրարկվելու է հետևյալ պայմաններով՝

  • Եթե զբոսաշրջիկները մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք են բերել տվյալ զբոսաշրջային ծառայությունը մատուցողից առնվազն 30,000 դրամի արժեքով ծառայություններ (ներառյալ ԱԱՀ), կամ զբոսաշրջիկների կողմից մեկ այլ ծառայություն մատուցողից ձեռք բերված ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 150,000 դրամ, կամ եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել զբոսաշրջային փաթեթ, որի արժեքը կազմում է առնվազն 200,000 դրամ։
  • Եթե զբոսաշրջիկը ՀՀ-ում անցկացրել է առնվազն հինգ գիշերակաց։
  • Եթե զբոսաշրջիկը ծառայությունները ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց առնվազն 10 օր առաջ։
  • Օժանդակությունը չի տրամադրվում, եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել ծառայություն, որի դիմաց սույն ծրագրի շրջանակում նախատեսված փոխհատուցման գումարը պակաս է 15,000 դրամից։
  • Զբոսաշրջիկին փոխհատուցման ենթակա գումարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել 20,000 դրամը, եթե նա ձեռք է բերել առանձին ծառայություններ, և չի կարող գերազանցել 30,000 դրամը, եթե ծառայությունները ձեռք է բերվել զբոսաշրջային փաթեթի շրջանակում։

Ներկայացված նախագծի նպատակն է զբոսաշրջիկների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայություն ձեռք բերելու կամ զբոսաշրջային փաթեթից օգտվելու դեպքում, նախատեսված հավելվածի միջոցով, սահմանված գումարի չափով վերականգնել այս գումարը զբոսաշրջիկի վճարային քարտին, իսկ դա կօգնի օժանդակելու զբոսաշրջության ոլորտում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեությանը, միաժամանակ խթանելով հարակից ծառայությունների սպառումը զբոսաշրջիկի կողմից։

Այս մեխանիզմի շնորհիվ կարելի է խրախուսել ավելի մեծ թվով զբոսաշրջային այցելություններ, քանի որ զբոսաշրջիկի կողմից ձեռք բերվող որոշակի ծառայությունների արժեքը նվազում է՝ նա ստանում է որոշակի գումարի վերադարձ: Այս մոտեցումը խթանում է զբոսաշրջիկի կողմից այլ ծառայությունների սպառումը, քանի որ, եթե հյուրանոցային ծախսերից 20,000 դրամ վերադարձ է ստացվում, այդ գումարը կարող է օգտագործվել այլ ծառայությունների համար՝ օրինակ՝ ռեստորաններում, թանգարաններում կամ էքսկուրսիաներում, ինչի արդյունքում էլ աջակցվում է տեղական բիզնեսի զարգացումը։

*2023 թվականին իրականացված միջազգային այցելուների հետազոտությունը ցույց է տալիս, որ «սնունդ և խմիչք» և «կեցություն» համարվում են ծախսերի ամենամեծ կատեգորիաները՝ համապատասխանաբար կազմելով 28% և 23% ընդհանուր ծախսերից: Բացի այդ, այցելուների ծախսերի 25%-ը դասակարգվում է որպես «այլ ծախսեր»: Մասնավորապես, ռուս զբոսաշրջիկները իրենց ծախսերի շուրջ 28%-ը ուղղում են «սնունդ և խմիչք», իսկ 23%-ը՝ «կեցություն» կատեգորիաներին, ինչը համընկնում է ընդհանուր միջինին։ Ի հավելումն, այլ շուկաներից (ԱՄԷ, Ֆրանսիա և Իրան) ժամանած այցելուները ծախսերի ավելի քան 30%-ը ուղղել են «սնունդ և խմիչք» կատեգորիային։ Իրանից ժամանած զբոսաշրջիկները ծախսերի 20%-ը ուղղել են գնումների (shopping) վրա, իսկ Գերմանիայից ժամանածները՝ 18%-ը։ Վրաստանից ժամանած այցելուների ծախսերի 36%-ը բաժին է ընկնում «այլ ծախսեր» կատեգորիային։ Միջին օրական ծախսը 51.9 ԱՄՆ դոլար է՝ սա դեռևս համարվում է ցածր ցուցանիշ, իսկ ոչ փաթեթային զբոսաշրջիկների համար՝ 49 ԱՄՆ դոլար/օր, ինչը ցույց է տալիս ավելի ցածր միջին ծախսեր։ Օրական ծախսերի աճը որոշիչ նշանակություն ունի զբոսաշրջության ընդհանուր եկամուտների խթանման համար։

Բարձր ծախսերով այցելուների մասնաբաժնի դինամիկան հուսադրող է, և այդ աճը պետք է համատեղվի նաև այցելության տևողությունը երկարացնելու և մարզային զբոսաշրջության խթանման միջոցառումների հետ։

Զբոսաշրջային այցելությունների միջին տևողության երկարաձգումը (առնվազն 5 գիշերակաց) խթանելու նպատակով, օրինակ, հյուրանոցային ծախսերից 10% վերադարձի դեպքում, զբոսաշրջիկը կարող է ընտրել ավելի երկարատև հանգիստ՝ գիտակցելով, որ իր ծախսերի մի մասը կփոխհատուցվի։ Արդյունքում, բարձրանում է հյուրանոցային ծառայությունների պահանջարկը։ Իսկ ճամփորդական փաթեթով Հայաստան ժամանող միջազգային այցելուները օրական շատ ավելի մեծ գումարներ են ծախսում, քան անկախ այցելուները՝ կազմելով 193 ԱՄՆ դոլար՝ անկախ այցելուների 48 ԱՄՆ դոլարի ծախսի դիմաց։ Ըստ կացության վայրի այցելուների ծախսային կարողությունների վերլուծության՝ ակնհայտ է, որ անհատական ամենաբարձր ծախսերը կապված են այցելության տևողության հետ։

Ծառայությունների հասանելիության բարձրացում- Ծառայությունների որակից ընդհանուր գոհունակությունը բարձր է, հատկապես տեսարժան վայրերի՝ 96% և սննդի որակի՝ 94.8% առումով: Գոհունակության ամենացածր գնահատականը ստացել է ճանապարհների որակի ցուցանիշը՝ 64.4%։ Բավականին բարձր է գնահատվել նաև ապագայում այցելուների Հայաստան վերադառնալու հավանականությունը։ Ինչ վերաբերում է ծառայությունների գնին, այցելուների 90%-ը դարձյալ բարձր է գնահատել տեսարժան վայրերը և հարակից ծառայությունները։ Կացարանի և սննդի գինը բարձր են գնահատել հարցվածների մոտ 73%-ը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
  • ՀՀ-ում զբոսաշրջային արդյունք և ծառայություններ առաջարկող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծառայությունների ու ապրանքների սպառման ծավալների ընդլայում․
  • Կրկնակի այցելությունների հավանականության բարձրացում․
  • Ծառայությունների գնի անուղղակի նվազեցում։

Այսպիսով զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակելու նպատակով քեշբեք մեխանիզմի ներդրմամբ ակնկալվում է ՀՀ-ում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճ, ինչպես նաև այցելությունների միջին տևողության երկարաձգում, ինչը, իր հերթին, կհանգեցնի սպառվող ապրանքների և ծառայությունների թվի ավելացման, և որպես արդյունք՝ զբոսաշրջիկի կողմից ծախսերի աճի։

Առաջարկվող որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք կբարձրացնեն իրենց առաջարկվող ծառայությունների մրցունակությունն ու գրավչությունը, ինչպես նաև կավելանա դրանց հասանելիությունը

  1. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ

 

Համաձայն 2023 թվականի  զբոսաշրջիկի ծախսային վերլուծության տվյալների`

*Հաշվարկը արված է 2024 թվականի տվյալների հիման վրա՝ 2,2 մլն զբոսաշրջիկների 55.7%-ի համար, որոնք ՀՀ-ում ունեցել են մինչև 5 գիշերակաց։

  • փաթեթով այցելուն ծախսում է 888 դոլար - 348,779 ՀՀ դրամ
  • անկախ այցելուն ծախսում է 770 դոլար - 302,432 ՀՀ դրամ

(25042025 ԿԲ տվյալներով 1 ԱՄՆ դոլարը փոխարժեքը հավասար է մոտ 392.77 ՀՀ դրամ)։

Այսպիսով՝  հաշվարկում ենք 2024 թվականի 2.2 միլիոն զբոսաշրջային այցելությունների միայն 55.7%-ը, որը կազմում է 1,225,400 զբոսաշրջիկ, որից էլ փաթեթով զբոսաշրջիկների թիվը 5.4%- է:

  • Փաթեթով զբոսաշրջիկ՝ 66,216,
  • Անկախ զբոսաշրջիկ՝ 1,159,184։

Ծախսային Հաշվարկ՝

Փաթեթով  այցելուների ծախս՝ 23,094,750,264 ՀՀ դրամ,

Անկախ այցելուի ծախս՝ 350,574,335,488 ՀՀ դրամ,

Ընդհանուր եկամուտը` 373,669,085,752 ՀՀ դրամ։

Փաթեթով զբոսաշրջիկին 30,000 ՀՀ դրամ վերադարձնելու դեպքում վերադարձի ենթակա գումարը կկազմի՝

1 միլիարդ 986 միլիոն 480 հազար (66,216 × 30,000 = 1,986,480,000) ՀՀ դրամ։

Անկախ զբոսաշրջիկին 20,000 ՀՀ դրամ վերադարձի ենթակա գումարը կկազմի`

23 միլիարդ 183 միլիոն 680 հազար (1,159,184 × 20,000 = 23,183,680,000) ՀՀ դրամ։

Ընդհանուր առմամբ զբոսաշրջիկին վերադարձման ենթակա գումարը 25,170,160,000 ՀՀ դրամ է, որը կազմում է ընդհանուր եկամտի շուրջ 7%-ը։

*Հաշվարկը արված է 2024 թվականի տվյալների հիման վրա՝ 2,2 մլն զբոսաշրջիկների 20.4%-ի համար, որոնք ՀՀ-ում անցկացրել են  6-ից մինչև 10 գիշերակաց։

Այսպիսով՝  հաշվարկում ենք 2024 թվականի 2.2 միլիոն զբոսաշրջային այցելությունների միայն 20.4%-ը, որը կազմում է 448,800 զբոսաշրջիկ, որից էլ փաթեթով զբոսաշրջիկների թիվը 5.4%- է:

  • Փաթեթով զբոսաշրջիկ՝ 24,235,
  • Անկախ զբոսաշրջիկ՝ 424,565։

Ծախսային Հաշվարկ՝

Փաթեթով  այցելուների ծախս՝ 8,452,659,065 ՀՀ դրամ

Անկախ այցելուի ծախս՝ 128,402,042,080 ՀՀ դրամ,

Ընդհանուր եկամուտը` 136,854,701,145 ՀՀ դրամ։

Փաթեթով զբոսաշրջիկին 30,000 ՀՀ դրամ վերադարձնելու դեպքում վերադարձի ենթակա գումարը կկազմի՝

727 միլիոն 50 հազար (24,235 × 30,000 = 727,050,000) ՀՀ դրամ։

Անկախ զբոսաշրջիկին 20,00 ՀՀ դրամ վերադարձի ենթակա գումարը կկազմի`

8 միլիարդ 491 միլիոն 300 հազար (424,656 × 20,000 =8,493,120,000) ՀՀ դրամ։

Ընդհանուր առմամբ զբոսաշրջիկին վերադարձման ենթակա գումարը 9,220,170,000 ՀՀ դրամ է, որը կազմում է կրկին ընդհանուր եկամտի շուրջ 7%-ը։

Համեմատություն իրականացնելու նպատակով հարկ է հիշատակել ԱԱՀ 0-ական դրույքաչափի կիրառման պարագայում պետական բյուջեի ծախսի հաշվարկը։

2,2 մլն զբոսաշրջիկների 5,4%-ը փաթեթով այցելուներն են։ Այսինքն՝ փաթեթով այցելուների քանակը կազմում է 118,800, որոնց 90%-է միայն օգտվել հյուրանոցային ծառայություններից, հետևաբար ԱԱՀ 0-ական դրույքաչափի սահմանման համար հիմք ենք ընդունում 106,920 զբոսաշրջիկի հաշվով իրականացված հաշվարկները։

Փաթեթով զբոսաշրիկի միջին ծախսը կազմել է շուրջ 888 ԱՄՆ դոլար համապատասխանաբար՝ 348,779 դրամ։ Նշված ծախսի 23 %-ը «կեցության» համար իրականացված ծախսն է, որը կազմում է շուրջ 80,000 ՀՀ դրամ։

Հետևաբար, փաթեթի մեջ հյուրանոցային ծախսը կազմում է շուրջ 80,000 ՀՀ դրամ։ Նշված ծախսի մեջ ԱԱՀ-ն կլինի յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար՝ 13,336 ՀՀ դրամի չափով։ Այսինքն՝ Պետական բյուջեից վերադարձը կկզամի առավելագույնը՝  1,4 մլրդ դրամ, ինչը կազմում է փաթեթով զբոսաշրջիկներից ստացված եկամուտի առավելագույնը 3,5%-ը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ-ի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը ՀՀ-ի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf , 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf , 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝   https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf  231-232-րդ էջ)։ 

 

 

 

  • Քննարկվել է

    21.05.2025 - 05.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1842

Տպել

Առաջարկներ`

Սեդա Աղբալյան

26.05.2025

Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, հարկային օրենսգրքին, բյուջետային հաակարգի մասին օրենքին, մրցակցության պաշտպանության մասին օրենքին: Սահմանադրություն (հոդված 29, 11) -- Խտրական մոտեցում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, սոցիալական հավասարության խախտում: Հարկային օրենսգիրք -- Եթե վերադարձը դիտարկվում է որպես հարկի փոխհատուցում՝ առանց օրենսդրական հիմքի: Բյուջետային համակարգի մասին -- Անարդյունավետ բյուջետային ծախսի ռիսկ, թափանցիկության բացակայություն: Մրցակցության մասին -- Որոշ բիզնեսներ արտոնյալ դիրքում են հայտնվում:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: