«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի N 973-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 973-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի N 973-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թ. դեկտեմբերի 4-ի ՀՕ-475-Ն օրենքի ընդունմամբ։ Մասնավորապես՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքը, որով ի թիվս այլ փոփոխությունների՝ լրացում է կատարվել նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածում և Քաղաքացիական ծառայության գրասենյակին է վերապահվել համապատասխան մարմինների կողմից «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումները ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին առաջարկություն ներկայացնելու գործառույթը:
Միևնույն ժամանակ Քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործառույթների անխափան կատարումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը։
2.Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքով նախատեսված կարգավորման իրացումն է և հիշյալ օրենքից բխող փոփոխությունների իմպլեմենտացումը, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործառույթների անխափան կատարումն ապահովելն է:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կլրացվի Քաղաքացիական ծառայության գրասենյակի գործառույթների շրջանակը՝ այն համապատասխանեցնելով «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքի փոփոխությանը, ինչպես նաև կնախատեսվի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում նրան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկի կողմից փոխարինելու իրավական հնարավորություն:
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 1-ի N 973-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառումից, որի ակնկալվող արդյունքներից է հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավվումը՝ մասնավոր հատվածի լավագույն և միջազգային կիրառելի փորձի ներդրմամբ, ինչպես նաև հանրային ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու նպատակով մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում» ռազմավարական նպատակի «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4․3-րդ ենթակետով սահմանված միջոցառումներից։
-
Քննարկվել է
09.04.2025 - 24.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 2459
Տպել