Նախագծով սահմանված են անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող մարմինները՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ՀՀ ազգային տեղեկատվական կենտրոնը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը։
Նախագծի 9-րդ հոդվածի համաձայն՝ անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է, որին վերապահված է անհայտ կորած անձանց հետախուզման համակարգումը և դրա հետ կապված այլ հարցերի կարգավորումը։
Նախագծի 12-րդ հոդվածով սահմանված՝ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական խնդիրները՝ ի թիվս այլ սուբյեկտների՝ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց որոնողական ու վերադարձման աշխատանքներին իր իրավասության սահմաններում աջակցելն է և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց ընտանիքների անդամների ու հարազատների, ինչպես նաև շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ մշտական կապ պահպանելը:
Այսպիսով, ստացվում է, որ Նախագծի հեղինակներն առաջարկում են անհայտ կորած անձանց հարցերի լուծումը կամ դրանց շուրջ միջոցառումների իրականացումը վերապահել մի շարք մարմիններին, որոնց լիազորությունները և գործառույթները հստակ սահմանված չեն, իսկ որոշ հարցերում անգամ տեղի է ունենում գործառույթների կրկնություն, ի թիվս այլ խնդիրների՝ բացակայում է նաև մեկ միասնական համակարգող մեխանիզմ, որը կհամապատասխաներ միջազգային չափորոշիչներին։
ԿԽՄԿ-ի անհայտ կորած անձանց որոնման ազգային մեխանիզմների վերաբերյալ ուղեցույցում նշվում է, որ անհայտ կորած անձանց որոնումը և նույնականացումը, նրանց ընտանիքների կարիքների բավարարումը բարդ գործընթացներ են, որոնք կարող են պահանջել գաղտնիություն, ինչպես նաև դատական, քննչական և դատաբժշկական մարմինների և այլ հաստատությունների ու շահագրգիռ կողմերի մասնակցությունն ու փոխգործակցությունը: Այս գործընթացներում կարող են ներգրավվել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ոչ կառավարական կառույցներ, որոնք ունեն հատուկ ռեսուրսներ և փորձ, որոնք կարող են օգտագործվել մեխանիզմի աշխատանքում: Վերոնշյալ նպատակներին հասնելու համար պետք է իրականացվի առկա կառույցների և գործընթացների ներուժի գնահատում ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից (ներառյալ դրանց վստահելիությունը և անկախությունը) :
Ուսումնասիրելով միջազգային կառույցների կողմից մշակված ուղեցույցները, ձևավորված մոտեցումները, պետություններին ուղղված առաջարկությունները, ինչպես նաև այլ երկրների փորձը, Կազմակերպությունը նախագծով առաջարկվող անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքների ու օրինական շահերի ապահովմանն ուղղված մեխանիզմը գնահատում է խնդրահարույց, ոչ արդյունավետ և միջազգային չափորոշիչներին հակասող։ Ստորև ներկայացվում են անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող ազգային մեխանիզմի ձևավորման և աշխատանքի հիմնական հայեցակարգային մոտեցումները՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան։
ԿԽՄԿ-ի կողմից մշակված մոդուլային օրենքը նախատեսում է երկու մարմինների ստեղծում. առաջինը՝ անհայտ կորած անձանց հետախուզման իրավասու պետական մարմին, որ լիազորված է լինելու օրենքի համաձայն անհայտ կորած անձանց որոնման և այլ գործառույթների իրականացնելու համար, և երկրորդը՝ ազգային տեղեկատվական բյուրո։
Մոդուլային օրենքը սահմանում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 60-օրյա ժամկետում ստեղծվում է անհայտ կորածների որոնողական աշխատանքների անկախ և անաչառ իրավասու պետական մարմին։ Չնայած նրան, որ նշվում է, որ այն կարող է լինել գոյություն ունեցող մարմնի ստորաբաժանում կամ հատուկ ստեղծված հաստատություն, որոշ երկրներ ունեն փորձ՝ ստեղծելու մասնագիտացված անկախ մարմիններ կամ հանձնաժողովներ, որոնք զբաղվում են անհայտ կորած անձանց հարցերով։
Մասնավորապես, անհայտ կորածների որոնումների գործընթացը բարելավելու և անհայտ կորածների աճյունների նույնականացումն արագացնելու նպատակով Բոսնիա և Հերցեգովինայի անհայտ կորածների ինստիտուտը (Missing Persons Institute) ստեղծվել է որպես Բոսնիա և Հերցեգովինայում անհայտ կորածների որոնման անկախ հաստատություն ։
Մարդու իրավունքների խորհրդի խորհրդատվական կոմիտեի՝ անհայտ կորածների վերաբերյալ լավագույն փորձի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ անկախ և անաչառ ազգային մարմինը կարող է առանցքային դեր խաղալ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման գործում։ Պետությունները պետք է ապահովեն նման հաստատության (անհայտ կորածների կոմիտեի կամ հանձնաժողովի) ստեղծումը և գործառնական գործունեությունը համապատասխան կառույցների միջոցով, ինչպիսիք են՝ աշխատանքային խմբերը կամ համապատասխան մեխանիզմները:
Անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը կամ կոմիտեն պետք է ունենա հստակ սահմանված լիազորություններ, որոնք կենտրոնացած են զինված հակամարտության հետևանքով անհայտ կորածներին գտնելու վրա, և պետք է ունենա հստակ սահմանված մարդասիրական և օրենսդրական մանդատ, որն ուղղված է զինված հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների որոնմանը։ Այն պետք է ունենա իր մանդատն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու լիազորությունները ։
Անհրաժեշտ է, որ այդ ինստիտուտները հնարավորինս ապաքաղաքականացվեն, իրենց աշխատանքը կատարեն բաց և թափանցիկ ձևով, ու իրենց կազմում ընդգրկեն ոչ միայն պետական պաշտոնյաներին, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև անհայտ կորածների հարազատներին, որպեսզի ապահովվի դրանց անկախությունը և արդյունավետությունը։
Առանձին մարմինների կամ հանձնաժողովների ստեղծումը հաճախ պայմանավորված է լինում գործող պետական հաստատությունների նկատմամբ վստահության ցածր մակարդակով, ինչպես նաև տվյալ հաստատություններում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներով։ Հանրային վստահության գործոնը էական նշանակություն ունի ապահովելու համար անհայտ կորածների ընտանիքների մասնակցությունն անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող կառույցների աշխատանքներում։
Միջազգային հարթակներում մշտապես ընդգծվել է անհայտ կորածների ընտանիքների արդյունավետ մասնակցության ապահովման խնդիրը ինչպես մեխանիզմի/կառույցի ստեղծման գործընթացին, այնպես էլ դրա գործունեության ընթացքում։
Անհայտ կորածների ընտանիքների ներգրավումը կարևոր դեր ունի անհայտ կորածների ցուցակը կազմելու և այլ տեղեկություններ հավաքագրելու գործում, ինչպիսիք են անհետացման հանգամանքները կամ հնարավոր հուղարկավորման վայրը։ ։
Հետևաբար, ձևավորվող կառույցը կամ մեխանիզմը պետք է ունենա այն ընտանիքների և համայնքների վստահությունը, որոնց համար այն ստեղծվել կամ գործում է: Ընթացիկ կամ հետկոնֆլիկտային իրավիճակներում և բռնության այլ դեպքերի պայմաններում մեխանիզմը կարող է պահանջել ավելի անկախ լինել այլ պետական կառույցներից՝ արդյունավետությունը ապահովելու համար:
ԵԽ մարդու իրավունքների հանձակատարի զեկույցում նշվում է, որ թեև անհայտ կորածների որոնումը համակարգող ազգային հանձնաժողովների կամ կենտրոնացված հաստատությունների ստեղծումը դրական քայլ է, փորձը ցույց է տալիս, որ նման մեխանիզմներն ապահովված չեն բավարար մարդկային և ֆինանսական ռեսուրսներով: Եվ եթե դրանք չգործեն լիակատար թափանցիկությամբ և անկախությամբ, ինչպես նաև չհամագործակցեն դատական փորձագետների, ՀԿ-ների և անհայտ կորածների հարազատների ասոցիացիաների հետ, ապա դրանք դատապարտված են ձախողման ։
ՄԻԵԴ-ը Ասլախանովա և այլք ընդդեմ Ռուսաստանի Դաշնություն գործով (2012, պարագրաֆ 225) ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել «տարածաշրջանում անհետացումները հետաքննող միասնական, բարձրաստիճան մարմին, որին կտրամադրվի անսահմանափակ հասանելիություն բոլոր անհրաժեշտ տեղեկատվությանը, և որի աշխատանքը կկառուցվի անհայտ կորածների հարազատների հետ վստահության և գործընկերության հիման վրա» :
Անհայտ կորած անձանց որոնումը, նույնականացումը, նրանց ընտանիքների կարիքների բավարարումը և իրավաբանական կարգավիճակի որոշումը պահանջում են համապարփակ մոտեցում, որը ներառում է մի քանի ոլորտների համագործակցություն՝ իրավապահ համակարգ, զինված ուժեր, դատաբժշկական փորձագետներ, հասարակական և միջազգային կառույցներ։
Բացի այդ, ՀՀ գործող մարմինների պարագայում շատ վիճելի է որևէ կառույցին վերապահել անհայտ կորած անձանց որոնման իրավասու պետական մարմնի լիազորությունները, քանի որ այս գործընթացը, ինչպես արդեն նշվեց, պահանջում է բազմամասնագիտական մոտեցում և համապարփակ կառավարման մեխանիզմ, որը կաշկանդված չի լինելու այլ մարմինների նկտամամբ վերահսկողություն իրականացնելուց և ունենալու է բավար մակարդակի անկախություն և հանրային վստահություն։
Մինչ որևէ մարմնին անհատ կորած անձանց հարցերով լիազորությունների վերապահումը, անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք ՀՀ գործող մարմիններն ունակ են ապահովելու անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող մեխանիզմի արդյունավետ և համակարգված աշխատանքը, ունեն բավարար չափի անկախություն իրականացնելու ուսումնասիրություններ և քննություններ, ունեն բավարար չափի հանրային վստահություն, անհայտ կորած անձանց հարազատների հետ արդյունավետ աշխատելու համար, բավարար կարողություններ՝ աշխատելու միջազգային և այլ շահագրգիր կառույցների հետ։
Սրանք հարցեր են, որոնք պահանջում են խորը վերլուծություն և գնահատում։