26.03.2025
ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի՝ 1. Հոդված 1-ում՝ գործող օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, լրացված է շահերի բախում և փոխկապակցված անձ եզրույթների սահմանումներով, որոնք իրենց բովանդակությամբ կրկնում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի 1-ին և 2-րդ մասերում տրված սահմանումները, իսկ փոխկապակցված անձանց շրջանակը ճշգրտված է առևտրային կազմակերպության մասնակցության 10 տոկոսի բաժնեմասով։ Օրենքի 2-րդ հոդվածում շահերի բախման սահմանումը ներկայացնելը չի հանգեցնում նախագծով սահմանվող գնումների գործընթացին պատվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց մասնակցությամբ ընկերությունների մասնակցության արգելքի սահմանմանը։ Շահերի բախման իրավիճակները նույն գնումների գործընթացում միշտ չէ, որ պետք է պայմանավորեն գնումների գործընթացին պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ընկերությունների մասնակցության արգելքով։ Շատ դեպքերում ի հայտ եկող շահերի բախումները կարող են լուծվել շահերի բախումների կառավարման այլ գործիքակազմերով՝ ինչպիսիք են՝ ինքնաբացարկը կամ վերապահված լիազորությունները այլ պաշտոնյային փոխանցելը։ Մինչդեռ, շահերի բախման այն իրավիճակների համար, որոնք կարող են հանգեցնել կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված հանցագործությունների, սահմանվում են կոնկրետ արգելքներ կամ սահմանափակումներ։ Գնումների գործընթացում պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ընկերությունների՝ տվյալ մարմնում գնումների գործընթացին մասնակցության արգելքի իմաստը հենց, այսպես կոչված, «իրենց ընկերություններին» պետական պատվերների կամ գնումների պայմանագրերի շնորհման կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է։ Նշված արգելքի համար կարևորվում է ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ առևտրային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց շրջանակի սահմանումը։ Այս տեսանկյունից օրենքի նախագծում պաշտոնատար անձի հետ «ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք» փոխկապակցվածությունը գնումների գործընթացին մասնակցության արգելքի համար գործնականում կիրառելի չէ, քանի որ նման շրջանակով փոխկապակցված ընկերությունների մասնակցության սահմանափակումը կարող է հանգեցնել գնումների գործընթացի կազմալուծմանը։ Բացի այդ, ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնային հարաբերությունների շրջանակը կարիք ունի հստակ սահմանման ու մեկնաբանության, որը հիմք չի կարող հանդիսանալ այս կամ այն ընկերության մասնակցությունը գնումների գործընթացին արգելելու համար։ Ելնելով վերոնշյալից՝ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ • «Գնումների մասին» օրենքում նպատակահարմար է հստակ սահմանել գնումների գործընթացում պատվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց ներկայացվող արգելքը պայմանավորող հիմնական հասկացությունները։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակ նշել պատվիրատու կազմակերպությունների այն պաշտոնատար անձանց խմբերը, պաշտոնների անվանումները, որոնց վրա պետք է տարածվի գնումների գործընթացին նրանց մասնակցությամբ ընկերությունների ներգրավվման արգելքը։ • Փոխկապակցված անձանց շրջանակի սահմանումից դուրս բերել « բ. հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք» ենթակետը։ • «Գնումների մասին» օրենքով պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց շրջանակը սահմանափակել նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամ հանդիսացող կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ ընկերություններով։ «Ընտանիքի անդամ»-ի և «մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց» հասկացությունները սահմանված են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 34-ով և 39-ով։ • Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերությանը պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցության շեմը նույնպես նպատակահարմար է սահմանել ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ, որի համար կիրառելի է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետով սահմանված իրական շահառուի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձանց շրջանակը։ Փոխկապակցված ընկերության մասնակցության մեկ այլ շեմ կարող է սահմանվել նաև ընկերությունում ունեցած բաժնեմասի մեծությամբ, օրինակ` նույն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրական շահառուի սահմանմամբ նշված՝ բաժնեմասի 20 տոկոս սահմանաչափով։