Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է բարելավել շահերի բախման գործիքակազմը:

  • Քննարկվել է

    11.03.2025 - 26.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2866

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

26.03.2025

ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի՝ 1. Հոդված 1-ում՝ գործող օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, լրացված է շահերի բախում և փոխկապակցված անձ եզրույթների սահմանումներով, որոնք իրենց բովանդակությամբ կրկնում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի 1-ին և 2-րդ մասերում տրված սահմանումները, իսկ փոխկապակցված անձանց շրջանակը ճշգրտված է առևտրային կազմակերպության մասնակցության 10 տոկոսի բաժնեմասով։ Օրենքի 2-րդ հոդվածում շահերի բախման սահմանումը ներկայացնելը չի հանգեցնում նախագծով սահմանվող գնումների գործընթացին պատվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց մասնակցությամբ ընկերությունների մասնակցության արգելքի սահմանմանը։ Շահերի բախման իրավիճակները նույն գնումների գործընթացում միշտ չէ, որ պետք է պայմանավորեն գնումների գործընթացին պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ընկերությունների մասնակցության արգելքով։ Շատ դեպքերում ի հայտ եկող շահերի բախումները կարող են լուծվել շահերի բախումների կառավարման այլ գործիքակազմերով՝ ինչպիսիք են՝ ինքնաբացարկը կամ վերապահված լիազորությունները այլ պաշտոնյային փոխանցելը։ Մինչդեռ, շահերի բախման այն իրավիճակների համար, որոնք կարող են հանգեցնել կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված հանցագործությունների, սահմանվում են կոնկրետ արգելքներ կամ սահմանափակումներ։ Գնումների գործընթացում պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ընկերությունների՝ տվյալ մարմնում գնումների գործընթացին մասնակցության արգելքի իմաստը հենց, այսպես կոչված, «իրենց ընկերություններին» պետական պատվերների կամ գնումների պայմանագրերի շնորհման կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է։ Նշված արգելքի համար կարևորվում է ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ առևտրային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց շրջանակի սահմանումը։ Այս տեսանկյունից օրենքի նախագծում պաշտոնատար անձի հետ «ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք» փոխկապակցվածությունը գնումների գործընթացին մասնակցության արգելքի համար գործնականում կիրառելի չէ, քանի որ նման շրջանակով փոխկապակցված ընկերությունների մասնակցության սահմանափակումը կարող է հանգեցնել գնումների գործընթացի կազմալուծմանը։ Բացի այդ, ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնային հարաբերությունների շրջանակը կարիք ունի հստակ սահմանման ու մեկնաբանության, որը հիմք չի կարող հանդիսանալ այս կամ այն ընկերության մասնակցությունը գնումների գործընթացին արգելելու համար։ Ելնելով վերոնշյալից՝ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ • «Գնումների մասին» օրենքում նպատակահարմար է հստակ սահմանել գնումների գործընթացում պատվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց ներկայացվող արգելքը պայմանավորող հիմնական հասկացությունները։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակ նշել պատվիրատու կազմակերպությունների այն պաշտոնատար անձանց խմբերը, պաշտոնների անվանումները, որոնց վրա պետք է տարածվի գնումների գործընթացին նրանց մասնակցությամբ ընկերությունների ներգրավվման արգելքը։ • Փոխկապակցված անձանց շրջանակի սահմանումից դուրս բերել « բ. հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք» ենթակետը։ • «Գնումների մասին» օրենքով պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց շրջանակը սահմանափակել նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամ հանդիսացող կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցությամբ ընկերություններով։ «Ընտանիքի անդամ»-ի և «մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց» հասկացությունները սահմանված են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 34-ով և 39-ով։ • Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերությանը պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամի կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց մասնակցության շեմը նույնպես նպատակահարմար է սահմանել ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ, որի համար կիրառելի է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետով սահմանված իրական շահառուի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձանց շրջանակը։ Փոխկապակցված ընկերության մասնակցության մեկ այլ շեմ կարող է սահմանվել նաև ընկերությունում ունեցած բաժնեմասի մեծությամբ, օրինակ` նույն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրական շահառուի սահմանմամբ նշված՝ բաժնեմասի 20 տոկոս սահմանաչափով։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

26.03.2025

2. Հոդված 2-ի` գործող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում, «անձանց» բառերը փոխարինել «մասնակիցների» բառերով փոփոխության արդյունքում «սույն օրենքով նախատեսված փոխկապակցված անձանց հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը» նախադասությունը կորցնում է իր իմաստը և վերածվում է նույնաբանության։ Երբ կատարենք նախատեսվող փոփոխությունը, ապա 12-րդ մասը պետք է կարդացվի, որ ՀՀ կառավարությունը սահմանում է «փոխկապակցված մասնակիցների հասկացությունը և այդ մասնակիցների կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակումը»։ Եթե կիրառենք «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5) -րդ կետի «մասնակից» հասկացության մեկնաբանությունը, ապա կստացվի, որ պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձը, հենց մասնակիցն է, և կառավարությանը վերապահում ենք փոխկապակցված մասնակիցների և մասնակիցների կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանումը, որը վերածվում է անձի կողմից գործընթացներին մասնակցության կրկնության։ Բացի այդ, օրենքի նախագծի առաջին հոդվածում արդեն իսկ տրվել է փոխկապակցված անձ շրջանակի սահմանումը, որը այլևս չի պահանջում ՀՀ կառավարության կողմից դրա սահմանման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, «անձանց» եզրույթի փոխարինումը «մասնակցություն» եզրույթով պետք է հանգեցնի օրենքի ողջ տեքստում համանման եզրույթների փոփոխության, որը տրամաբանական չէ, և կհանգեցնի օրենքի տեքստում «մասնակից» եզրույթի տարաբնույթ մեկնաբանությունների։ Ելնելով վերոնշյալից՝ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ • Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում «անձանց» բառերը «մասնակից» բառով փոխարինելը կարգավորող հոդված 2-ը հանել։ • Քննարկել փոխկապակցված անձանց հասկացության և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերի սահմանման լիազորությունը ՀՀ կառավարությանը վերապահելու նպատակահարմարության հարցը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

26.03.2025

3. Հոդված 3-ի՝ գործող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ կետից հետո «12.1) ) գնման գործընթացների վրա պաշտոնատար անձանց ազդեցության մակարդակները և շահերի բախմամբ պայմանավորված մասնակիցների՝ գործընթացներին մասնակցության սահմանափակման շրջանակը: Պաշտոնատար անձանց՝ սույն կետով սահմանված ազդեցության մակարդակներին պատկանելիությունը սահմանվում է ի պաշտոնե: Այն դեպքում, երբ ազդեցության մակարդակի պատկանելիություն սահմանված չէ, պաշտոնատար անձը համարվում է հինգերորդ մակարդակում ներառված: Ազդեցության առաջին մակարդակում պարտադիր ներառվում է լիազորված մարմնի գործառույթները համակարգող նախարարի տեղակալը: Ազդեցության մակարդակները թվով 5 են․․․» նախատեսվող օրենսդրական լրացումը չի կոնկրետացնում այն պաշտոնատար անձանց շրջանակը, որոնց մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ պետք է կիրառվի գնումների գործընթացին մասնակցության արգելքը։ Նշված պաշտոնատար անձանց շրջանակը և գնումների գործընթացի մասնակից ընկերությունների հետ փոխկապակցվածությունը վերապահված է սահմանելու կառավարությանը, որը վերջինիս կարգավորման առարկան չէ։ Առավելապես, գնումների գործընթացին մասնակցության արգելքը կառավարության որոշմամբ դժվար կլինի սահմանել, քանի որ այն սահմանափակում է ոչ միայն առևտրային կազմակերպության իրավունքները, այլև պետական, ՏԻ մարմինների և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների բարձրաստիճան և ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց, նրանց ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգակցությամբ ու խնամիությամբ կապված անձանց իրավունքները։ Ելնելով վերոնշյալից՝ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ • «Գնումների մասին» օրենքի նախագծով պատվիրատու բոլոր կազմակերպությունների պաշտոնատար անձանց և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատակիցների գնման գործընթացների վրա ազդեցության մակարդակները և շահերի բախմամբ պայմանավորված մասնակիցների գնումների գործընթացներին մասնակցության սահմանափակման պաշտոնների շրջանակի սահմանումը ոչ թե վերապահել ՀՀ կառավարությանը, այլ օրենքի նախագծում հստակ սահմանել այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կիրառելի պետք է լինի նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ընկերությունների գնումների գործընթացին մասնակցության արգելքը։ • «Գնումների մասին» օրենքով պատվիրատու կազմակերպությունների պաշտոնատար անձանց շրջանակը սահմանափակել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 25-րդ կետով սահմանված «քաղաքական ազդեցություն ունեցող անձանց» շրջանակով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: