Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

««ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները և պայմանները: Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղևարափոխադրումները կարող են կազմակերպվել նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է, որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Բացի այդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման և գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Երևան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա նաև քաղաքացիներին վճարելով մեկ անգամ, օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝ իրենց հայեցողությամբ, արդյունքում՝ փոխադրվել առավել հարմարավետ և արագ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման և բացահայտման համար գործուն մեխանիզմներ:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.          

Նախագծերի փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղևարափոխադրումները հետ կապված հարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար:

Օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնելու Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներին:

Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Քննարկվել է

    10.03.2025 - 26.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5365

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

26.03.2025

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5 ի ՀՕ-233-Ն ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 11.1-ին հոդվածով, որի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանվում են ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման վերաբերյալ դրույթներ: Մասնավորապես, այդ հոդվածի 8-րդ մասով համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձին կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակցին իրավունք է վերապահվում իրականացնել տեսանկարահանում, լուսանկարահանում և ձայնագրում՝ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար: Հարկ է նկատի ունենալ, որ այդպիսի գործողությունների իրականացումը անմիջական առնչութուն ունի անձի անձնական տվյալների պաշտպանության ոլորտին: Սակայն Նախագծով որևէ կերպ չի հիշատակվում, որ տեղական վճարի գանձման նկատմամբ հստողությանն ուղղված գործողությունները կատարվելու են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Ավելին, սահմանված չէ նաև, թե լիազորությունների ի՞նչ շրջանակ են ունենալու այդ գործառույթն իրականացնող աշխատակիցները, և արդյո՞ք նրանք ունենալու են համապատասխան պատրաստվածություն թե ոչ: Նախագծում սահմանված չէ նաև թե ի՞նչ եղանակով են այդ աշխատակիցները ենթադրելու, որ ուղևորը չի իրականացրել վճարում կամ տոմսի վավերացում, որպեսզի ենթադրյալ իրավախախտի նկատմամբ իրականացնեն վարչական պատասխանատվության միջոցներ: Պարզ չէ նաև այն հարցը, թե արդյո՞ք բոլոր ուղևորներն են անցնելու վճարման ստուգում, թե այդպիսի ստուգումն իրականացվելու է հսկող աշխատակցի հայեցողությամբ: Այս հարցի կապակցությամբ էական է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում, երբ վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող աշխատակիցը առանց հիմնավոր կասկածի միջամտություն կիրականացնի անձի անձնական տվյալների նկատմամբ, ապա հիմքեր կստեղծի տվյալ ուղևորի կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար: Առաջարկում ենք Նախագծում ավելացնել առանձին դրույթ և սահմանել, որ տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

21.03.2025

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ունեմ հետևյալ առաջարկությունները. 1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետում միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների շահագործման տարիքը սահմանափակվել է օրենքով, միաժամանակ նախագծով առաջարկվում է ՀՀ Կառավարությանը վերապահել տրանսպորտային միջոցների շահագործման համար այլ ժամկետ սահմանելու իրավասություն։ Կարծում եմ, որ պետք է լինել «հզոր» իրավաբան, որպեսզի նման անհեթեթ լուծում առաջարկել, նույն սկզբունքով կարելի է նաև իրավասություն վերապահել համայնքի ղեկավարին և նախարարին։ Առաջարկում եմ, ավտոբուսների համար շահագործման ժամկետը ավելացնել, դարձնելով՝ մինչև 15 տարի, իսկ միկրոավտոբուսների համար կրճատել, դարձնելով առավելագույնը՝ 8 տարի։ Զուգահեռաբար խստացնել կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրաված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, միաժամանակ երթուղու սպասարկման ողջ ժամանակահատվածում որոշակի պարբերականությամբ (սկզբից ավելի երկար, հետագայում ավելի հաճախակի) իրականացնել երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցների գնահատում (անկախ՝ պատվիրակված են փոխադրումները թե համայնքային հիմնարկի միջոցով են իրականացվում)։ Համապատասխանելիության գնահատման իրականացման գործառույթները կարելի է վերապահել մրցութային հանձնաժողովներին։ Երթուղու սպասարկումը ներկայումս տրամադրվում է 10 տարի ժամկետով, կարծում եմ, որ փոխադրող կազմակերպությունները առանց համապատասխան պարտավորությունների շահագործման վերջին տարիների ընթացքում տրանսպորտային պարկի վերանորոգման նպատակով չեն կատարի համապատասխան ներդրումներ, որի արդյունքում կունենանք երթուղիներում շահագործվող տեխնիկապես ոչ բավարար և սպասարկման որակին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներ։ Առաջարկվող մեխանիզմներ կիրառվում են միջազգային պարակտիկայում։ Կանոնավոր ուղևորափոխադրումներում երթուղիների սպասարկման ժամկետի երկարացումը կխրախուսի ներդրումները, ավտոբուսային երթուղիների ձևավորումը, իսկ պարբերական գնահատումները կապահովեն կանոնավոր ուղևորափոխադրումների համապատասխան որակի ապահովումը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

21.03.2025

2. Օրենքով «կանգառասրահներ» հասկացություն չկա, 5-րդ կետում կամ փոխել «կանգառներ» կամ սահմանել «կանգառասրահ» հասկացությունը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: