Հիշել նախագիծը

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5‑ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11.

Կանոնավոր փոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

 

  1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը, որն ընտրվում է մրցութային եղանակով, բացառությամբ սույն օրենքի 11.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
  2. Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում են լիազոր մարմնի, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը՝ համապատասխան համայնքի ղեկավարի կազմած մրցութային հանձնաժողովները՝ մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:
  3. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելուկարգը, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է ունենան 10-ից ոչ ավելի տարիք և պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար: Ներհամայնքային (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև) կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային, ներմարզային և բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  5. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ ուղևորների անվտանգությունը ապահովելու նպատակով ավտոբուսի սրահը և դրսի հատվածը, կանգառասրահները կարող են լուսանկարահանվել և տեսանկահանվել օրենքով սահմանված կարգին համապատասխան:
  6. Բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային երթուղային ցանցն սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կարող է կազմակերպել լիազոր մարմինը՝ համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա։
  7. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով, որի պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  8. Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման կարգով: Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  9. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միջոցով: Էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերն ստեղծում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր փոխադրումների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունն ստանում է էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերի տեղեկատվական շտեմարաններից։ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  10. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, որը գանձում է օպերատորը:
  11. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն), ինչպես նաև մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական երթուղիների սպասարկման համար օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվում է տվյալ երթուղիներն սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Կանոնավոր փոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները, բացառությամբ սույն օրենքի 11.1-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 11.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 11.1.

Կանոնավոր փոխադրումների կազմակերպումը գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի միջոցով

 

  1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված մրցույթային կարգից բացի, համայնքի ղեկավարի որոշմամբ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաև «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով կամ առանց մրցույթի և առանց գնման գործընթացի կազմակերպման՝ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով: Համայնքի ղեկավարի սույն մասում նշված որոշումը փոփոխման ենթակա չէ մրցույթի կազմակերպման կամ գնման ողջ գործընթացում։
  2. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ծառայության կազմակերպման տեղական վճարը սահմանվում է տվյալ համայնքի ավագանու կողմից:
  3. Համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն և այլ) իրականացվելու դեպքում տվյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող է ներդրվել համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն և սահմանվել նշված միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարը, այն վճարելու եղանակը և տրանսպորտային միջոցում վավերացնելու կարգը:
  4. Սույն հոդվածով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների և համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության տեղական վճարները գանձում է համայնքը՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ օրենսդրությամբ նախատեսված վճարումն ընդունող այլ միջոցներով: Օպերատորին և մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով համայնքին ծառայություններ մատուցած կազմակերպություններին ծառայությունների համար վճարումը իրականացվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորին և մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով համայնքին ծառայություններ մատուցած պետական և համայնքային կազմակերպություններին՝ յուրաքանչյուր տարի հաստատվող տարեկան եկամուտների և ծախսերի հաստատված նախահաշվով:
  5. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում օպերատորի և համայնքի ղեկավարի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով՝ 5-10 տարի ժամկետով, որի ձևը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքով պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները:
  6. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  7. Ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները:
  8. Տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման նպատակով սույն հոդվածի 7-րդ մասով նշված անձինք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար:
  9. Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը և այլն) և մինչև ուղևորության ավարտը իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն տեղական վճարի վճարումը և վավերացում կատարված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

10․ Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավունք ունեն տեղական վճարի վճարման միջոց չունեցող անձին շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ դիմապատկերով նույնականացնելու նպատակով բնակչության պետական ռեգիստրից ստանալ տեղեկատվություն և սույն մասում նշված անձանց կողմից նույնականացումից հրաժարվելու դեպքում դիմել ոստիկանություն՝ սույն մասում նշված անձանց նույնականացնելուն կամ իրենց լիազորություններն իրականացնելուն աջակցելու, իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝ այդ անձանց ոստիկանություն տեղափոխելու նպատակով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 137-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 137.8-րդ հոդվածից հետո լրացնել նոր 137.9-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 137.9.

Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը կամ փոխադրավարձը չվճարելը

  1. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ միասնական ծառայության տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման կրիչը վավերացում կատարելու օգտվելը.

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

  1. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը.

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

  1. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունների համար նախատեսված միասնական ծառայության տեղական վճարը որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու կամ տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում առանց տրանսպորտային միջոցում վավերացում կատարելու օգտվելը.

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 3-րդ մասում «114-րդ,» բառերից հետո լրացնել «137.9-րդ,» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «137.9-րդ,» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին մասում «անձը պարզելու,» բառերը փոխարինել «անձը պարզելու կամ» բառերով, իսկ «թույլատրվում են» բառերը փոխարինել «թույլատրվում է կատարել անձի նույնացում կամ» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել նոր 7-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն օրենսգրքի  137.9-րդ  հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են և որոշում է ընդունվում իրավախախտման հայտնաբերման պահին՝ առանց լսումներ հրավիրելու:»:

Հոդված 7.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 22-րդ, 23‑րդ և 24-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«22) «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու համար.

23) Համայնքի վարչական տարածքում տրոլեյբուսով կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու համար.

24) Համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«22) «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու դիմաց փոխհատուցման վճար.

23) Համայնքի վարչական տարածքում տրոլեյբուսով կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու դիմաց փոխհատուցման վճար.

24) Համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) իրականացնելու դեպքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու դիմաց փոխհատուցման վճար:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքի և տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված տեղական վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտում համապատասխան լրացումները կատարվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում:

  • Քննարկվել է

    10.03.2025 - 26.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2048

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

26.03.2025

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5 ի ՀՕ-233-Ն ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 11.1-ին հոդվածով, որի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանվում են ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման վերաբերյալ դրույթներ: Մասնավորապես, այդ հոդվածի 8-րդ մասով համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձին կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակցին իրավունք է վերապահվում իրականացնել տեսանկարահանում, լուսանկարահանում և ձայնագրում՝ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար: Հարկ է նկատի ունենալ, որ այդպիսի գործողությունների իրականացումը անմիջական առնչութուն ունի անձի անձնական տվյալների պաշտպանության ոլորտին: Սակայն Նախագծով որևէ կերպ չի հիշատակվում, որ տեղական վճարի գանձման նկատմամբ հստողությանն ուղղված գործողությունները կատարվելու են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Ավելին, սահմանված չէ նաև, թե լիազորությունների ի՞նչ շրջանակ են ունենալու այդ գործառույթն իրականացնող աշխատակիցները, և արդյո՞ք նրանք ունենալու են համապատասխան պատրաստվածություն թե ոչ: Նախագծում սահմանված չէ նաև թե ի՞նչ եղանակով են այդ աշխատակիցները ենթադրելու, որ ուղևորը չի իրականացրել վճարում կամ տոմսի վավերացում, որպեսզի ենթադրյալ իրավախախտի նկատմամբ իրականացնեն վարչական պատասխանատվության միջոցներ: Պարզ չէ նաև այն հարցը, թե արդյո՞ք բոլոր ուղևորներն են անցնելու վճարման ստուգում, թե այդպիսի ստուգումն իրականացվելու է հսկող աշխատակցի հայեցողությամբ: Այս հարցի կապակցությամբ էական է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում, երբ վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող աշխատակիցը առանց հիմնավոր կասկածի միջամտություն կիրականացնի անձի անձնական տվյալների նկատմամբ, ապա հիմքեր կստեղծի տվյալ ուղևորի կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար: Առաջարկում ենք Նախագծում ավելացնել առանձին դրույթ և սահմանել, որ տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

21.03.2025

Սույն օրենքների նախագծերի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտ է որոշ ենթաօրենսդրական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

21.03.2025

13. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց փոխադրավարձը վճարելու կամ տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից կամ տրանսպորտային միջոցում առանց վավերացում կատարելու օգտվելու տուգանքի չափը համեմատած տոմսի արժեքի հետ բավականին բարձր է։ Պետք է հաշվի առնել նաև, որ հանրապետության այլ համայնքներում փոխադրավարձի գնի բարձրացում չի եղել։ Միաժամանակ առաջարկում եմ սահմանել ոչ թե կոնկրետ թվով, այլ արտադրյալով, օրինակ` տոմսի արժեքի կրկնապատիկի չափով։ Տուգանքի չափին անդրադարձել է քաղաքացի Գեորգի Ֆիդանյանը 15.03.2025 22:01:48 (www.e-draft.am/projects/8400/digest), սակայն ամփոփաթերթի «Եզրակացություն» մասում, անհեթեթ մեկնաբանություն է տրված՝ «Օրենսդրական փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության կողմից։», անհասկանալի է, կարող է Երևանի քաղաքապետարանը այլ պետությունում է, ընդհանուր առմամբ քաղաքացու համար տարբերություն չկա, թե որ մարմինն է մշակում իրավական ակտը և որ մարմինը տեղադրում հարթակում և որ մարմինը տալիս եզրակացություն։ Դրանք պետք է լինեն հստակ։ Միաժամանակ առաջարկում եմ սահմանել տուգանքը բողոքարկելու ընթացակարգ, նաև էլեկտրոնային եղանակով։

Տեսնել ավելին