Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ ելնելով «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց (այսուհետ՝ շահառու) տնտեսական ակտիվացման անհրաժեշտությունից։

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Շահառուների կայուն զբաղվածության ապահովման նպատակով՝ նախագծով առաջարկվում է աջակցել շահառուին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղություն՝

  1. ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  2. աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  3. աշխատանքի տեղավորում՝ գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։

Աջակցության 1-ին ուղղություն՝

1) մինչև 5 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում, ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան,  շահառուին ամսական կտրվածքով վճարվում է՝

  • ուսման վարձի փոխհատուցում,
  • կրթաթոշակ` 50000 դրամ։

Ուսուցման դասընթացի համար ուսման վարձի փոխհատուցման ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել 250000 դրամը։ Ոչ լրիվ ուսումնական ամսվա համար փոխհատուցման (կրթաթոշակի) գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման (կրթաթոշակի) ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա համար նախատեսված ուսուցման օրերի թվի վրա և բազմապատկելով ուսուցմանը մասնակցած օրերի թվով։

2) Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին տրամադրվում է աջակցություն՝ առավելագույնն ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքային պայմանագիր չկնքելու, կամ կնքված պայմանագիրը մինչև 6 ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ հատուցել շահառուին ուսուցման ընթացքում տրամադրված գումարը բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում,

2) երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։

Շահառուն պարտավորվում է ուսուցման ամբողջ ընթացքում ստացած կրթաթոշակը և որպես ուսման վարձի փոխհատուցում տրամադրված գումարն ամբողջությամբ վերադարձնել, եթե շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ հեռացվել է ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև ծրագրով սահմանված ժամկետի ավարտը: 

Աջակցության 2-րդ ուղղություն՝

  • գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և

ա․ առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը,

բ․ գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև 6 ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում,

2) երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։

Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները, առանց շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի գումարի, ենթակա են վերադարձման շահառուի կողմից, եթե շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև ծրագրով սահմանված ժամկետի ավարտը: 

Աջակցության 3-րդ ուղղություն՝

Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակում 300000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում շահառուի հետ: Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է գործատուին՝ գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո 20 օրվա ընթացքում կամ գործատուի հայեցողությամբ՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային հարաբերությունները 12 ամիս անընդմեջ շարունակվելու դեպքում՝ 12-րդ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում։ 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող շահառուներով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի հաստատման պարագայում առաջարկվում է դիտարկել շուրջ 400 շահառուի ծրագրում ընդգրկման հարցը, որի համար ՀՀ պետական բյուջեից կպահանջվի շուրջ 199,850,000 դրամի չափով գումար։

Ուսուցման ուղղությամբ 2025 թ.-ին ծրագրում կընդգրկվի 70 շահառու, որի համար կպահանջվի 56,000,000 դրամ ((70*(5*50000+5*50000+6*50000)), աշխատանքային փորձի ձեռքբերման ուղղությամբ՝ 130-ը, որի համար կպահանջվի 83,850,000 դրամ ((130*(3*165000+3*50000)), գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման ուղղությամբ՝ 200-ը, որի համար կպահանջվի 60,000,000 դրամ (200*300000)։

Միավոր ծրագրի արժեքը ծրագրային 3 ուղղությունների դեպքում հետևյալն է՝

  1. ուսուցում և աշխատանքի տեղավորում՝ գործատուին հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 800,000 դրամ (5*50000+ 5*50000+ 6*50000),
  2. աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 645,000 դրամ (3*165000+3*50000),
  3. միանվագ փոխհատուցում գործատուին և աշխատանքի տեղավորում՝ 300,000 դրամ։
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում ամրագրված է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման կարևորությունը։ Բացի այդ, ՀՀ կառավարության ծրագրում կարևորվում է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների աղքատությունից դուրս գալը՝ զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ։

Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի «Ընտանեկան և սոցիալական նպաստի առանց սահմանափակումների աշխատունակ շահառուներ» գլուխ 6-ի Ռազմավարական նպատակ 4-ի Մասնավոր նպատակ 4.1-ով ամրագրված է ընտանեկան և սոցիալական նպաստի համակարգի վերափոխման արդյունքում նպաստ ստացող առանց սահմանափակումների աշխատունակ շահառուներին ոչ ֆորմալ մասնագիտական կրթություն ստանալու խրախուսումը, նրանց աշխատաշուկայում ներգրավումը՝ հմտությունների զարգացման միջոցով:

 

 

 

  • Քննարկվել է

    03.03.2025 - 19.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 538

Տպել